Խնդրում եմ հատուկ ուշադրության արժանացնել շտապօգնության ծառայության աշխատակիցներին․ Զառա Հովհաննիսյան

Հրապարակախոս, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Որպես ՀՀ քաղաքացի, իրավապաշտպան և ուղղակի մարդ շատ խնդրում եմ հատուկ ուշադրության արժանացնել շտապօգնության ծառայության աշխատակիցներին, որոնք այս բարդագույն իրավիճակում առաջնագծում են։ Երբ մեզ վատ ենք զգում կամ առողջական խնդրի ենք ունենում, մենք առաջինը հենց այս ծառայության բժիշկներին ենք դիմում՝ նրանց արագ ու անձնուրաց աշխատանքից է կախված նաև մեր հետագա առողջական վիճակը։

Այժմ մտահոգիչ խնդրի մասին, որի վերաբերյալ ստացել եմ ահազանգ։ Գաղտնիք չէ, որ շտապօգնության ծառայության բժիշկների աշխատավարձերը ցածր են, սակայն այժմ նրանք աշխատում են ավելի մեծ լարման ու վտանգավորության պայմաններում։

Ծառայության աշխատակիցները դեռևս որևէ խրախուսանքի չեն արժանացել, բացի օրերս Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված մեկական վարդի, որը, համաձայնեք, այս պայմաններում, իհարկե, ուշադրության նշան է, բայց չի լուծում այն կենսական խնդիրները, որոնք ծառացել են նրանց առջև։

Ուստի, խնդրում եմ շոշափելի աջակցություն ցուցաբերել այս ծառայության անձնակազմին։ Մենք, իսկապես, երախտապարտ ենք նրանց՝ կատարած աշխատանքի համար և չէի ցանկանա, որպեսզի այս ամենախոցելի վիճակում հայտնված բժիշկների խումբն իրեն անտեսված ու չգնահատված զգա։

Երախտապարտ կլինեմ, եթե գրառումս ճիշտ ընկալվի և արձագանք գտնի պատկան մարմինների կողմից»։