Մահվան օղակում. Նելլի Ավակովա

Մահվան օղակում. Նելլի Ավակովա
Մահվան օղակում. Նելլի Ավակովա

«Մեդիալաբի» զրուցակիցն է ԱՄՆ հայ գրողների միության անդամ, Բաքվի ջարդերի ականատես Նելլի Ավագովան:

– Տիկի՛ն Նելլի, ներողություն եմ խնդրում, որ իմ հարցերով ստիպված եմ լինելու հիշեցնել անցյալի այն դեպքերը, որոնք Դուք, երևի, կուզեիք ջնջել Ձեր հիշողությունից: 1988-ի փետրվարի 27-29: Որտե՞ղ էիք Դուք այդ ժամանակ:

– 1988-ի փետրվարի 28-ն էր կարծեմ, Բաքվի մեր հայ հարևանուհին պատմեց, որ ամուսինը Սումգայիթ է գնացել, բայց վերադարձը դժվարանում է, որովհետև այնտեղ ինչ-որ անկարգություններ են տեղի ունեցել, խանութ են այրել, ոստիկանները փակել են ճանապարհները: Հաջորդ օրը սովորականի պես գնացի աշխատանքի:

Իմ գործընկեր Այդըն Ալիևը մտավ իմ աշխատասենյակ, երբ պատրաստվում էի թեյ խմել: Նա լուրջ էր, մտախոհ: Նրան թեյ առաջարկեցի, բայց նա կտրուկ ասաց`«Նստի՛ր: Լսի՛ր ինչ եմ ասելու: Դու գիտե՞ս՝ ինչ է կատարվում Սումգայիթում»: «Գիտեմ,- ասացի,- ինչ-որ խուլիգաններ խանութ են ջարդել, կռիվ են սարքել, ոստիկանները ճանապարհները փակել են»:

Եվ պատրաստվում էի թեյ լցնել բաժակների մեջ: Նա ինձ այնպես էր նայում, կարծես դժվարանում էր ասել այն, ինչ ուզում էր պատմել: Կամացուկ ասաց` «Սումգայիթում հայերին են սպանում»: «Ի՞նչ,- զարմացած հարցրի ես,- այդ խանութները հայերի՞ն էին պատկանում»: «Ի՞նչ խանութ,- գոռաց Այդընը,- դու ինձ չե՞ս լսում: 1915 թիվը վերադարձել է մեր քաղաքի հայերի համար, դու հասկանո՞ւմ ես, կոտորում են»: «Բայց ինչո՞ւ ես այդ մասին հայտնում ինձ, Այդըն»,- զարմացած հարցրի ես:

Նա ասաց` «Ուզում եմ ինձնից լսես, ուզում եմ ասեմ, որ մեր ժողովուրդը մեղք չունի, դա մենք չենք արել, պարզ չի, թե ի՛նչ է կատարվում Հայաստանում: Հայաստանից ծեծված, ջարդված ադրբեջանցիներ էին եկել Սումգայիթ, լցվել հրապարակ և պատմում էին, որ հայերն են իրենց այդպես արել: Հիմա չգիտեմ՝ ի՞նչ պիտի լինի…»:

– Այդըն Ալիևն այդպես էլ ասա՞ց` «1915 թիվն է վերադարձել, ցեղասպանություն է»:

– Այո՛: Այդպես էլ ասաց: Նա ապրում էր Սումգայիթում և հայ ընկեր ուներ: Նրանք դրկից հարևաններ էին, ընտանիքներով էին մտերիմ, այդ երկու ընտանիքների երեխաները հասակակիցներ էին: Այդընը պատմեց, որ գիշերը ձայներ է լսել, դուրս է եկել ու տեսել, որ իր հայ հարևանի կիսահագնված ընտանիքին ոստիկաններով շրջապատած տանում են: Ասել է` «Ի՞նչ է պատահել, ո՞ւր եք տանում», ընկերը նրան ասել է` «Այդըն, դուռը բաց մնաց, տանը նայիր, շուտով կգանք»: Այդընը չի հանգստացել, զանգել է տարբեր տեղեր և իմացել, որ հայերին հավաքում են գործկոմի շենքում: Գնացել է այնտեղ ու տեսել ծեծված, ջարդված, բռնաբարված հայերի: Իր այդ ընկերոջ տղան վազելով եկել է, ձեռքը բռնել ու խնդրել` «Դյադ Այդըն, մեզ տար էստեղից»:

Այդընը գտել է ընկերոջը ծեծված,իսկ ընկերոջ 8 տարեկան աղջկան բռնաբարված` մոր գրկում: Երեխան մոր գրկում մահացել էր: Այդընը չէր հավատում, որ դա իր ժողովուրդն է արել: Չէր ուզում հավատալ: Բայց հետո Այդընը հեռացավ Ադրբեջանից: Նա այլևս չէր կարող ապրել այդ երկրում: Եվ Այդընից բացի հեռացան շատուշատ կարգին ադրբեջանցիներ, որոնք նույնպես այդքան բան տեսնելուց հետո ի վիճակի չէին այլևս ապրել այդ երկրում: Սա ես հաստատ եմ ասում Ձեզ:

– Իսկ ովքե՞ր էին այդ ծեծված ադրբեջանցիները, որ հավաքվել էին հրապարակում, գրգռել կրքերը:

– Հայերը ոչ մի ադրբեջանցու չեն ծեծել: Հայաստանում ապրող ադրբեջանցիները վերադարձել են ողջ-առողջ, անգամ իրենց ունեցվածքն են հասցրել Ադրբեջան: Դրանք սադրիչներ էին…

– Իսկ Դուք ինչպե՞ս հասաք Երևան: Բաքվի հայերի մեծ մասը Հայաստան չեկավ, նրանք նախընտրեցին ուրիշ երկրներ: Որքա՞ն ժամանակ մնացիք Երևանում և հետո ինչո՞ւ մեկնեցիք ԱՄՆ:

– Ամուսինս չէր պատրաստվում տեղափոխվել Երևան, նա արդեն Ուկրաինայում տուն էր գտել, որը պիտի գներ: 1988-ի դեկտեմբերին մեր տղային ուղարկեցինք բանակ: Այդ ժամանակ Բաքվում արդեն միտինգներ էին անում: Մենք շարունակում էինք աշխատել: 1989-ի ամռանը որոշեցինք դուրս գալ, մեր ընտանիքի վրա էլ հարձակվեցին: Տղայիս բանակ ճանապարհելու օրն էր` դեկտեմբերի 5-ին: Անգամ չեմ ուզում հիշել: Ռուս հարևանս մեզ պահեց իրենց տանը: «Նախիրը» մտավ մեր տուն, մենք վերևի բնակարանում էինք… Մի խոսքով, 1989 թվականի ամռանը աղջկաս տարանք, թողեցինք Հայաստանում, մենք վերադարձանք Բաքու: Սեպտեմբերի 4-ին նորից ջարդեր… Նորից փրկվեցինք:

– Ինչո՞ւ նորից վերադարձաք Բաքու:

– Ուզում էինք բնակարանը փոխել, իրերը վաճառել: Չեղավ: Սկսվեց վերջին ջարդը: Բաքուն և ադրբեջանական բոլոր հայաբնակ շրջանները հայաթափեցին: Մի ամբողջ գիշեր չեմ քնել: Մտածել եմ: Եվ հասկացել եմ, որ չեմ ուզում նորից օտար երկիր տեղափոխվել: Հասկացել եմ, որ ուզում եմ միայն Հայաստան գնալ: Ամուսնուս էլ համոզեցի: Բայց չհասցրինք: Երբ ոստիկանները եկան մեր ետևից, ամուսինս տանը չէր, ես մենակ էի: Ինձ նստեցրին լաստանավ, ուղարկեցին Կրասնովոդսկ: Մնացած հայերին տեղափոխեցին Թուրքմենստան: Ես տեսա, թե ինչպես 16 տարեկան զույգ քույրեր իրենց ծովը նետեցին, նրանց բռնաբարել էին: Ադրբեջանցիները պտտվում էին լաստանավի վրա, փնտրում երիտասարդ կանանց, աղջիկների… Եվ հայերը` այդ ցրտին կանգնած լաստանավի վրա, կիսամերկ… Մի կին, որ կորցրել էր իր երեխային, ձեռքին տաք ծածկոց ուներ, գցեց գլխիս և ասաց` «Դու երիտասարդ ես, թող քեզ չտեսնեն…»

Լաստանավում տեսածս վայրագությունները նկարագրել եմ իմ գրքում` «Մահվան օղակում», որը վերջերս է թարգմանվել հայերեն և տպագրվել Երևանում: Մի կերպ հասա Երևան, ամուսինս էլ 15 օր հետո իր ադրբեջանցի ընկերների օգնությամբ հասավ մեզ` ինձ, աղջկաս, թոռանս: Չորս պատերազմական տարիներ մնացինք Երևանում, մեր ժողովրդի հետ: Գործ չկար, մենք պարզապես չէինք կարողանում ապրել: Հայաստանն էլ հնարավորություն չուներ մեզ օգնելու, պատերազմ ու երկրաշարժ էր տեսել, հյուծված երկիր էր: 1993-ին գնացինք Մոսկվա: 2004-ին` ԱՄՆ: Այստեղ գրում եմ, հիմնականում՝ բանաստեղծություններ: Իմ 6 ժողովածուները հրատարակվել են Արցախում, Հայաստանում, Սանկտ Պետերբուրգում, Լոս Անջելեսում: Արցախյան հերոսամարտի և Ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպանությունների մասին 2 արձակ գիրք եմ գրել:

– Սումգայիթի և Բաքվի ոճրագործությունը դատապարտվել է Եվրախորհրդի, ԱՄՆ-ի Սենատի, Արգենտինայի խորհրդարանի կողմից, բայց այն, ըստ էության, չի ճանաչվել որպես ցեղասպանություն: Ավելին` Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնպես Սումգայիթի և Բաքվի ոճրագործությունը չեն ճանաչել ցեղասպանություն:

– Չեմ կարող հստակ ասել, թե ինչու մինչև հիմա միջազգային հանրությունն այդ ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն: Բայց հաստատ կարող եմ ասել, որ չճանաչված ու չդատապարտված ցեղասպանությունները նոր ցեղասպանություններ են ծնում: Իսկ ՀՀ և ԼՂՀ իշխանությունների` Բաքվի և Սումգայիթի ոճրագործությունները ցեղասպանություն չճանաչելը սեփական ազգի հանդեպ դավաճանություն է. ես սա որպես այդ ցեղասպանությունը վերապրած մարդ եմ ասում:

– Ի՞նչ դիրք էին զբաղեցնում հայերը Բաքվում:

– Քիչ է ասել, թե հայերը Բաքվում բարձր դիրք էին զբաղեցնում: Հայ ճարտարապետներն ու շինարարներն են կառուցել Բաքուն: Բաքվի տերերն էին հայերը: Հայերը խոշոր նավթարդյունաբերողներ էին` Մանթաշովը, Լալայան եղբայրները, Ղուկասովները: Հայերը Բաքվի լավագույն բժիշկներն էին, լավագույն մանկավարժները: Բաքվի մտավորականության սերուցքը հայերն էին: Այսպես էր մինչև Հեյդար Ալիևի իշխանության գալը: Նրա օրոք սկսեցին Բաքուն բնակեցնել այլ շրջանների, հիմնականում` Նախիջևանի ադրբեջանցիներով: Բոլոր հիմնարկությունների տնօրեններ նշանակվեցին ադրբեջանցիները, իսկ հայերին դարձրին նրանց օգնականներ: Հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք էր, անգամ ուսումնական հաստատություններ ընդունվելիս ամենաբարձր միավորներ ստացած հայ ուսանողները դուրս էին մնում: Երկրում ծաղկում էր կոռուպցիան: Այդ երկիրն արդեն ախտահարված էր:

– Դուք սոսկալի տեսարանների եք ականատես եղել: Ինչպե՞ս եք կարողացել դրանից հետո ապրել մարդկային սովորական կյանքով`առավոտյան արթնանալ, ուտել, խմել, գնալ աշխատանքի, նոր տուն ստեղծել, ծննդյան տարեդարձ նշել, ժպտալ, ուրախանալ: Դուք ինչի՞ց եք ուժ ստացել:

– Ճիշտ եք, շատ բան եմ տեսել, մոռանալ չի լինում… Եվ խնայելով ընթերցողներին` չեմ ուզում պատմել բաներ, որ անհավատալի կթվան: Ես այդ բոլորը գրել թողել եմ նոր սերունդներին, որպեսզի նրանք իմանան, թե ինչ է կատարվել մեր ազգի մի մասի հետ անցյալ դարավերջին: Դժվար է հիշել… Դժվար է ծիծաղել, ապրել, ուրախանալ, երբ երազիս ամեն օր տեսնում եմ հունվարյան Կասպից ծովը` արյունոտ: Երբ մեր աղջիկների ճիչն եմ լսում՝ բարբարոսներից փրկվելու համար ծովը նետվելիս, մեր բռնաբարված տատիկներին եմ տեսնում` անտեր մեռնելիս… Չեմ ուզում պատմել, պետք չէ…

Դրանք հիշողություններ են, որ ինձ հանգիստ չեն տալիս: Հարցնում եք` որտեղից եմ ուժ վերցնում… Իմ արմատներից, իմ ժողովրդի ոգուց, մեր երկրի սարերից ու անտառներից, զուլալ աղբյուրներից, մեր երեխաների ծիծաղից, իմ մոր գերեզմանից, որ Արցախի գրկում է… Ես հաճախ եմ մտքով այնտեղ թռչում:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

MediaLab.am