«Երազել ուրիշի նման, ապրել նրա փոխարեն». Վահե Դավթյան

«Երազել ուրիշի նման, ապրել նրա փոխարեն». Վահե Դավթյան
«Երազել ուրիշի նման, ապրել նրա փոխարեն». Վահե Դավթյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է 1990-ականների հայտնի և սիրված երգիչ Վահե Դավթյանը:

– Դուք 1990-ականների սիրված երգիչներից էիք: Իմ պատանեկության սիրելի հիշողություններից Ձեր էկրանային կերպարն էր` հանդարտ և մի տեսակ վստահելի, թեպետ շատ լավ հիշում եմ` երգում էիք ջարդվող ճոճանակի մասին: Ձեր երգերի առաջին հնչյուններից վազում էինք էկրանի մոտ, որովհետև խորհրդային տարիներից հետո առաջին անգամ հայկական հեռուստաալիքը ցուցադրում էր հայերեն երգող տղայի, որի երգը ժամանակակից է, քո մասին է և քեզ հուզում է: Ու չհասկացանք էլ, թե ինչպե՛ս, կոնկրետ ո՛ր ժամանակից սկսած Դուք այլևս չերևացիք էկրանին: Ինչո՞ւ անսպասելի լռեցիք, ի՞նչ էր պատահել:

– Այդ հարցի պատասխանը շատ երկար է: Իսկ մեկ բառով ասած` հոգնեցի:

– Բայց որքա՞ն ժամանակ էիք երգել, որ մեկեն հոգնեցիք:

– 1994-1999 թվականներին: Հինգ տարի:

– Երգիչներ կան, որ, իրենց բառերով ասած` «մանկուց երգում են» ու չեն հոգնում: Դուք ինչո՞ւ 5 տարի հետո հոգնեցիք:

– Այլևս չուզեցի լինել այդ աշխարհում` շոու բիզնեսում: Կամ` գուցե ասելիքս հատեց:

– Ինչո՞ւ, ի՞նչն էր տհաճ այդ աշխարհում:

– Դիսկոմֆորտ էր:

– Ի՞նչը կամ ո՞վ էր դիսկոմֆորտ առաջացնում:

– Կա՛մ պետք էր դառնալ պալատական երգիչ, կա՛մ` անհաջողակ:

– Դուք ո՞րն ընտրեցիք:

– Ոչ մեկը: Հեռացա:

– Ո՞ւր գնացիք: Գնացիք ի՞նչ անելու:

– Իմ մի բանաստեղծությունն ավարտվում է այս տողերով` «Երազել ուրիշի նման, ապրել նրա փոխարեն»:

– Հնարավո՞ր է ապրել ուրիշի կյանքը: Իսկ Ձեր կյանքն ո՞վ պիտի ապրի:

– Հնարավոր է քոնը չապրել: Ընտրության հարց է, ճաշակի:

– Ներեցե՛ք, բայց ո՞ւմ կյանքն սկսեցիք ապրել:

– Մի ուրիշ իմը:

– Անձի երկվությո՞ւն:

– Անձը քանակով չի չափվում: Այն անսահման շատ կարող է լինել: Դու կարող ես ապրել հազար անգամ, հազար տեղում: Դա էլ է ճաշակի հարց: Երգ ես գրում, ծառ ես տնկում, երեխայիդ հեծանիվ քշել ես սովորեցնում`սրանցից յուրաքանչյուրը կարող է լինել երջանկության, բավարարվածության աղբյուր:

– Երբևէ ստեղծագործության ծուխն ու հաճույքն զգացած մարդը կարո՞ղ է բավարարված զգալ առանց ստեղծագործելու: Ստեղծագործությունները չե՞ն հրում:

– Չեմ հիշում արդեն, երևի:

– Խոսակցական թերապիայի է նմանվում զրույցը` ինտելեկտուալ և այլ վախերի կույտերը վերլուծելու փորձով, ցավոք` միայն փորձով:

– Մարինա՛ ջան, հումորով վերաբերվեք:

– Լավ: Ուրախ բաներից խոսենք: Հիմա Հայաստանում չեք ապրում: Մոսկվա եք տեղափոխվել ընտանիքով: Ինչո՞ւ և ե՞րբ գնացիք:

– 2014-ին գնացինք`աշխատանքով պայմանավորված:

– Ինչպիսի՞ Հայաստան թողեցիք:

– Իր զավակների հուսահատությանն անտարբեր հայրենիք:

– Հայրենի՞ք, թե՞ իշխանություն:

– Ես հուսահատ եմ, դադարել եմ հավատալ Հայկի որդիների աստղին: Ես էլ չեմ տեսնում ուժը, որն ապրեցնում է, ծաղկեցնում: Մենք արդեն ծեր ենք ու հոգնած: Ու մեր երակներում հոսող արյունը որքան ազնվական է, նույնքան էլ` անլիցք: Եվ այդ հարցում իշխանությունը կապ չունի:

– Ծերերն ու հոգնածները մեռնում են, մենք ծերունու պես ոտքերն ենք քստքստացնում, մեկ էլ` հո՛պ, հեղափոխություն, ազատություն, միացում, Արցախի ազատագրում:

– Երանի Ձեզ, որ հավատում եք: Երանի չկորցնեք այդ հավատը:

– Կա՞ կուսակցություն կամ անհատ, որին հավատում եք:

– Ցավոք, չկա: Ցավոք: Գիտեմ, որ շատերն ինձնից ուժեղ են գտնվել ու պայքարում են, բայց նորից եմ ասում` կուսակցություններ, իշխանություն և այլն` դրանք հե՛չ: Ես մեզնից եմ հիասթափված և առաջին հերթին ինքս ինձնից:

– Ի՞նչ պիտի անեիք կամ ի՞նչ չպիտի անեիք:

– Գուցե մի օր չեմ աղոթել կամ մեկի գլուխը չեմ ջարդել, կամ իմ տնկած ծառը չեմ խնամել, կամ հիմար երգեր եմ երգել:

– Քիչ է պատահում, երբ մարդը քաղաքական-հասարակական տապալումներում իր մեղքի բաժինն էլ է տեսնում: Մյուս կողմից` mea culpa-ի գաղափարը չափազանցված չէ՞, երբ մարդն իր վրա է վերցնում մի ամբողջ քաղաքական համակարգի մեղքերն ու սխալները:

– Ինձնից առաջ կատարված և նույնիսկ ինձնից հետո կատարվելիք ամեն ինչի պատասխանն ինձնից ուզելու են: Ոչինչ առանց իմ ու Ձեր մասնակցության չի եղել ու չի լինելու: Ո՛չ 1000 տարի առաջ, ո՛չ էլ 1000 տարի հետո:

– Ամեն մեղք տեր ունի, արժի՞ ուրիշի մեղքերը հավաքել ու ծանրանալ:

– Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր բաժինը:

– Լավ: Հերոս ունե՞ք: Ո՞վ է Ձեր հերոսը:

– 43-ամյա տղամարդիկ հերոսներ չեն ունենում: Միայն պարտականություններ:

– Իսկ ունեի՞ք հերոս:

– Իհարկե: Երեխա ժամանակ Սասունցի Դավիթը, հետո` Փոքր Մհերը:

– Ինչո՞ւ Դավթին փոխարինեց Փոքր Մհերը:

– Որովհետև նույն ողբերգությունն ապրեցինք: Միայն մեկ տարբերությամբ` Աստված ինձ քարայրի փոխարեն հրաշալի ընտանիք տվեց:

– Ի՞նչ եք ժառանգելու Ձեր երեխաներին:

– Ազատություն` հարցեր տալու և պատասխաններ փնտրելու:

– Երևի տեղյակ եք` Հայաստանում ուսանողները պայքարում են տարկետման վերացման օրենքի նախագծի դեմ:

– Երանի նրանց: Նախանձում եմ:

– Բայց մի մասը կարծում է, որ ամոթ բան է, երբ երիտասարդը գիտությամբ զբաղվելու քողի տակ խուսափում է բանակում ծառայելուց:

– Ես չէ, որ պիտի դատեմ: Այն օրը, երբ լքեցի Հայաստանը, կորցրի այդ իրավունքը:

– Սփյուռքի և Հայաստանի կապի մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ կարող է անել սփյուռքը Հայաստանի համար, և ի՞նչ կարող է տալ Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին:

– Եթե միայն ցանկանայինք… Մեր հայրենիքը կդարձնեինք դրախտ:

– Ամեն տարի համահայկական հիմնադրամը սփյուռքից քիչ փող չի հավաքում:

– Ես նկատի ունեմ շատ ավելի մեծ ու գլոբալ հարց, քան փող հավաքելն է: Փող տալն ամենահեշտն է:

– Այսինքն` սփյուռքն ու Հայաստանը սերտորեն կապված են փողի գործով:

– Այսինքն`երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվություն ոչ ոք չի զգում: Չի ուզում պատասխանատվություն վերցնել:

– Իսկ Դո՞ւք:

– Արդեն պատասխանել եմ այդ հարցին: Ես ու ինձ նմանները տանուլ ենք տվել:

– Ուզում եմ մի դրական բան հարցնել, որ ուրախ նոտայով ավարտենք: Ի՞նչ հարցնեմ` Դո՛ւք ասեք:

– Մի քանի օր առաջ քեֆս լավ էր, սիրտս` բարակ, 12-ամյա տղայիս ասացի` «Որտեղ էլ ապրելիս լինենք, մարմինս անպայման Հայաստանում կթաղես»: Տղաս պատասխանեց, որ Հայաստանը գերեզմանոց չի:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

MediaLab.am