Գառնիկ Աթանեսյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի օգնական

Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանը դադարեցնում է իր աշխատանքային գործունեությունը և ստանձնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պարտականությունները։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել է Գառնիկ Աթանեսյանը։

«Հարգելի ընկերներ, հարազատներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պարտականությունները` դադարեցնելով աշխատանքային գործունեությունս Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետի պաշտոնում: Վստահեցնում եմ` երկրի արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչությունում այս չափազանց կարևոր շրջափուլում առավելագույնն եմ ներդնելու Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար. հետևաբար` այս հնարավորության ընձեռման համար առանձնակի շնորհակալություն եմ հայտնում պարոն Միրզոյանին:

Շնորհակալություն եմ հայտնում նաև յոթերորդ և ութերորդ գումարումների Ազգային ժողովի նախագահներ Արարատ Միրզոյանին և Ալեն Սիմոնյանին բարձր վստահության համար: Շնորհակալություն ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչության մեր թիմին` կատարած հսկայական աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

Օրենսդիր մարմնից գործադիր անցումն այս պահին ինձ համար կարծես հրամայական լիներ, ուստի կրկնակի պատասխանատվություն եմ զգում, որ իմ այս քայլն անպայման հետագայում արդարացված լինի:

Խաղաղություն մեր երկրին, Աստված պահապան բոլորիս»,- գրել է Աթանեսյանը։