Արցախի ժողովրդի համար որևէ նյութական լրացումներ այս 8 օրվա մեջ չեն եղել, մենք օգտագործում ենք մեր պահուստային ֆոնդում եղածը. Արամ Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը

Պարո՛ն Հարությունյան, ութերորդ օրն է, ինչ ադրբեջանցիները փակ են պահում Լաչինի միջանցքը, ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Արցախում դրա հետևանքով:

– Բավական մտահոգիչ է բուն երևույթը, որովհետև փաստացի խախտվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և 8 օր է, ինչ չի հաջողվում բացել ճանապարհը: Անկասկած, սա Ադրբեջանի պետական մակարդակով կազմակերպած միջոցառում է, որը միտված է Արցախի հայաթափմանը ու ժողովրդի մոտ անկումային տրամադրություններ ձևավորելուն:

Մենք հասկանում ենք, որ սա մարտահրավեր է, ու կարծում եմ, որ այս օրերին Արցախի ժողովուրդն ու իշխանությունը ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք դիմակայելու այս մարտահրավերներին, որքան էլ դժվար լինեն:

– Խնդիրների մասին, որոնց բախվել եք ճանապարհի փակման հետևանքով, կմանրամասնե՞ք:

– Հենց առաջին օրվանից ստեղծել ենք օպերատիվ շտաբ, որպեսզի հավաքագրենք առկա խնդիրները ու փորձենք համապատասխան լուծումներ տալ: Առաջին փուլում խնդիր ունեինք քաղաքացիների հետ կապված, որոնք մնացել էին Արցախից դուրս և Արցախի ներսում, շտապ բուժօգնության կարիք ունեցողների մասով առաջացան խնդիրներ: Հետո, իհարկե սկսեցին որոշակի պարենային խնդիրներ առաջանալ, դիզվառելիքի հետ կապված խնդիրներ եղան, որին զուգորդեց նաև գազամատակարարման անջատումը, ինչի հետևանքով տրանսպորտի խնդիր առաջացավ:

Արցախում այսօր լուրջ խնդիր կա՝ կապված դիզվառելիքի հետ, խանութներում սկսում է որոշ ապրանքների դեֆիցիտ արձանագրվել, և այս փուլում նաև ընդգծվում է դեղորայքի ու մանկական սննդի հետ կապված խնդիրը:

Այսինքն՝ հումանիտար ճգնաժամը խորանո՞ւմ է:

– Միանշանակ այո, ու դա տրամաբանական է, որևիցե պարենային լրացումներ Արցախում չեն կատարվում, որովհետև միակ ճանապարհը, որ Արցախը կապում էր արտաքին աշխարհի հետ, Լաչինի միջանցքն է, ինչն արդեն 8 օր է՝ փակ է, ու որևիցե մատակարարում այս օրերի ընթացքում չի կատարվել:

– Պարո՛ն Հարությունյան, չնայած դրան, ադրբեջանական կողմը համառորեն պնդում է, թե ռուս խաղաղապահների միջոցով Արցախը ստանում է պարենային ու այլ կարգի օգնություն, ու, ըստ իրենց, Արցախում չկա հումանիտար ճգնաժամ: Կասե՞ք՝ այն բեռնատարները, որոնք օրեր առաջ անցան ադրբեջանցիների կողմից փակված Լաչինի միջանցքով, Ստեփանակերտին հումանիտար օգնությո՞ւն էին բերում:

– Սա միանշանակ կեղծ հայտարարություն է, որովհետև, կրկնում եմ, պարենային համալրում Արցախում տեղի չի ունեցել, ու այդ մեքենաները ծառայում են ռուսական կոնտինգենտին, գուցե նյութական բավարարվածությանը, բայց Արցախի ժողովրդի համար որևէ կերպ պարենային լրացումներ չեն եղել: Այս ճգնաժամի միակ լուծումը ճանապարհի անհապաղ բացումն է ու նոյեմբերի 9-ի կետերի վերականգնումը:

Այսինքն՝ ադրբեջանական կողմը բացահայտ կեղծի՞ք է տարածում:

– Իհարկե, նրանց կեղծ տեղեկությունները հաճախ են աբսուրդի հասնում. մի ժամանակ պնդում էին, որ առհասարակ խնդիր չկա քաղաքացիական մեքենաների տեղաշարժի համար, որ միայն բեռնատարների համար են փակել ճանապարհը, դրանից հետո հայտարարեցին, թե ռուսական կողմն է փակել ճանապարհը:

Ինչքան կեղծ տեղեկություններ կան, ադրբեջանցիները փորձում են գեներացնել, ու մենք բնավ չենք զարմանում: Ես ևս մեկ անգամ շեշտում եմ, որ այդ մեքենաները ծառայում են ռուսական կոնտինգենտին, ու Արցախի ժողովրդի համար որևէ նյութական լրացումներ այս 8 օրվա մեջ չեն եղել, մենք օգտագործում ենք մեր պահուստային ֆոնդում եղածը:

Կարմիր խաչի օգնությամբ Արցախի հիվանդանոցից ծանր հիվանդի է հաջողվել տեղափոխել Հայաստան, եթե տեղյակ եք՝ կխնդրեմ մանրամասնել, թե ինչպե՞ս է դա հաջողվել:

– Շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ դա հնարավոր է եղել երկար բանակցություններից հետո միայն. 8 օր է՝ բանակցում ենք, որովհետև, եթե հիշում եք՝ հենց առաջին օրն ենք հայտարարել, որ ունենք հինգ հիվանդ, որոնք ունեն շտապ Հայաստան տեղափոխվելու կարիք, իմ տեղեկություններով՝ նաև հիվանդներից մեկը մահացել է:

Միջազգային հանրությունից ի՞նչ եք ակնկալում, որովհետև տեսանելի է, որ այդ կոչ-հայտարարությունները Ադրբեջանի վրա դեռևս ազդեցություն չեն ունենում:

– Հույս ունեմ, որ միջազգային հանրությունը վերջապես շատ ավելի կոշտ գործիքակազմ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ, հույս ունեմ, որ առաջին հերթին ռուսական կողմը՝ որպես եռակողմ հայտարարության կողմ ու Լաչինի միջանցքի անխափան տեղաշարժի գլխավոր երաշխավոր, համապատասխան գործիքակազմ կկիրառի, որպեսզի Ադրբեջանը վերջապես իր վրա վերցրած պարտավորությունները կատարի:

Երկու օր առաջ Արցախի երիտասարդները ֆլեշմոբ էին կազմակերպել, որը միտված էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելուն Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին: Միայն հայտարարությունները Ադրբեջանին կառուցողական դաշտ չեն բերի, ու մենք պետք է փորձենք շատ ավելի առարկայական գործիքակազմ կիրառել:

Պարո՛ն Հարությունյան, Արցախի նախագահի վերջին հայտարարությունը թույլ տվեց որոշ մարդկանց գալ եզրահանգման, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները շատ լավ տեղյակ են, թե ինչ պահանջով է Ադրբեջանը փակել Լաչինի միջանցքը: Կա՞ նման պահանջ, Ադրբեջանը հստակ որևէ պահանջ ներկայացրե՞լ է:

– Ես տեղյակ չեմ, որ այսօր կա ադրբեջանցիների կողմից ձևակերպված հստակ պահանջ: Բայց մենք տեսնում ենք, որ նրանց մերձիշխանական մամուլն ամենօրյա ռեժիմով տալիս է պահանջների մեսիջներ, որոնք բնավ էլ էկոլոգիական բնույթ չեն կրում: Ալիևը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում էր, որ Լաչինի միջանցքն ու «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենան նույն կարգավիճակը: Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանի վերջնանպատակը նաև սա է, բայց մեր դիրքորոշումը նախագահը շատ հստակ արտահայտել է:

– Ինչպե՞ս եք գնահատում խնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության իշխանության գործադրած ջանքերը:

– Հայաստանից հնչող հայտարարությունները պետք է լինեն ժամանակին, շատ ավելի օպերատիվ: Ակնկալում եմ նաև բնակչության ակտիվությունը՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախից 25 հազար տեղահանվածների, որոնք այժմ ապրում են Հայաստանում:

Շատ ցավալի է տեսնել մեր նախկին ու ներկա ՄԻՊ-երին 100-200 հոգու ուղեկցությամբ, Հայաստանի և՛ իշխանությունը, և՛ բնակչությունը պետք է շատ ավելի ակտիվ լինեն, որովհետև այդ գիտակցումը չպետք է կորչի, որ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, այսօր պատանդի կարգավիճակում են:

Միջանցքի բացում ե՞րբ ակնկալենք:

– Համապատասխան բանակցություններ են ընթանում, և եթե խանգարող հանգամանքներ չլինեն, ու Ադրբեջանը հասկանա, որ այս ճնշումները մեզ որևէ զիջման չեն տանում, կարծում եմ, որ շատ երկար իրենք չեն կարող միակողմանի փակել ճանապարհը, ստիպված կլինեն բացել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am