ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին. Fip

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Արցախում ադրբեջանական ագրեսիային, պնդել է, թե նախորդ օրը հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումից հետո «ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»։

Այսօր՝ սեպտեմբերի 22-ի կառավարության նիստում, Փաշինյանը վերահաստատել է իր այս խոսքերը։

«Գնահատականը նույնն է՝ ուղիղ սպառնալիք ԼՂ քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա, այս գնահատականը դրական իմաստով շատ քիչ բարելավվել է»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տեղահանված ԼՂ հայ բնակիչներն «իրենց տները վերադառնալու հնարավորություն կարող է ստանան»։

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հրավիրված նիստում, Արցախում քաղաքացիական բնակչության անվտանգային ու հումանիտար իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ է արել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Փաստերի ստուգման հարթակը», համադրելով քաղաքացիական բնակաչության անվտագային իրավիճակի վերաբերյալ վարչապետի ու ԱԳ նախարարի գնահատականները, պարզեց, որ դրանք ամբողջությամբ հակասում են միմյանց։

Մասնավորապես, Միրզոյանն իր ելույթում նշել է, որ «հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է»։

Միրզոյանը ներկայացրել է, որ ադրբեջանական հարձակման թիրախ են եղել հենց խաղաղ բնակիչները, հատկապես երեխաները։

«Ադրբեջանի աչքերում Լեռնային Ղարաբաղի երեխաներն ահաբեկիչներ են, և Ադրբեջանի գործողությունները` հրթիռները, զրահապատ մեքենաները, հրետանին և անօդաչուներն ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների ու տատիկ–պապիկների դեմ»,- նշել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը խոսել է նաև ագրեսիայից հետո ԼՂ հայ բնակիչների դեմ ատելության խոսքի դրսևորումների, բռնության կոչերի ու սպառնալիքի մասին։

«Ադրբեջանական սոցցանցերը լի են կոչերով` գտնել կանանց և երեխաներին, բռնաբարել նրանց, կտրել վերջույթներն ու կերակրել շների։ Ադրբեջանցի օգտատերերը տարածում են Լեռնային Ղարաբաղի հայ կանանց էջերն ու խաղադրույք կատարում, թե ում են այդ կանայք բաժին հասնելու, որ բռնաբարեն այն ժամանակ, երբ նրանք հայտնվեն ադրբեջանական վերահսկողության ներքո»,- ասել է Միրզոյանը։

Պաշտոնական վերջին տվյալներով, ադրբեջանական հարձակման հետևանքով զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան 400․ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից 10-ը խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։

Ըստ Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանի, ադրբեջանական կողմը հրադադարից հետ էլ չի թույլատրում ագրեսիայի հետևանքով իր վերահսկողության տակ անցած տարածքներից զոհված խաղաղ բնակիչների մարմինների դուրսբերումը։

Հատկանշական է, որ հրադադարի պայմանավորվածությունից հետո՝ սեպտեմբերի 21-ին, երբ ադրբեջանական Եվլախում ընթանում էր Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումը, ադրբեջանական զինված ուժերը շարունակում էին թիրախավորել Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը։

Այսպիսով, Փաշինյանի՝ ԼՂ քաղաքացիական բնակչության նկատմամբ սպառնալիքի բացակայության մասին խոսքերը հակասում են ինչպես պաշտոնական տվյալներին ու այլ արժանահավատ աղբյուրների տեղեկատվական հոսքերին, այնպես էլ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ ՄԱԿ ԱԽ-ում արված գնահատականներին։

Նանե Մանասյան

Fip.am