Հայաստանում հանցագործությունների թիվը 2018-ից ի վեր աճել է 23%-ով. փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանը

Պարո՛ն Գասպարյան, վերջին օրերին Հայաստանում կատարվող հանցագործությունները ինչի՞ հետևանք են: Հանցագործությունների թվի աճ կա՞:

Հանցավորությունը՝ որպես սոցիալական վարքի ձև, տարբեր տեսություններ ու պատճառաբանություններ ունի՝ կենսաբանական տեսություններից մինչև քաղաքական և սոցիալ-քաղաքական: Այս տեսություններն ունեն ինչ-որ գործոններ, որոնք կապվում են տվյալ երկրի ինչ-որ ճգնաժամերի հետ:

Տնտեսական, սոցիալական, քաղաքական, պատերազմական ճգնաժամերը մարդու մեջ ծնում են անհանգստության, անհավասարակշռության, հիասթափության և այլ զգացումներ:

Մեր երկրում, ցավոք, այս բոլոր ճգնաժամերը մեկտեղվեցին վերջին մեկ տարվա մեջ, եթե քաղաքականն էլ հաշվենք՝ վերջին երեք տարիների մեջ:

Ճգնաժամերի ընթացքում հանցավորությունը սկսում է աճել, որովհետև այդ հույզերին գումարվում է չարդարացված հույսերի ու սպասումների փաստը, որը հաճախ դրսևորվում է ագրեսիայով, ինչն էլ դրսևորվում է կա՛մ խոսքային, կա՛մ ֆիզիկական ձևով:

Պատճառների երկրորդ խումբը սոցիալական տեսությունն է, որ խոսում է վարքի մոդելավորման մասին: Ծնված օրվանից մենք վարք ենք մոդելավորում՝ աչքի առաջ ունենալով ընտանիքը, դպրոցը, համալսարանը, աշխատանքի վայրը և այլն:

Այս վայրերում մարդն իր համար ընտրում է սոցիալական հեղինակություն, որոնցից է նաև երկրի քաղաքական ղեկավարությունը, որոնք հեղինակություն են դառնում ԶԼՄ-ի միջոցով: Մենք ամեն օր լսում ենք բռնության, ինչ-որ մեկին մերժելու մասին, իրար հայհոյելու, սև ու սպիտակի բաժանելու և այլնի մասին, մեր մեջ ձևավորվում է որոշակի վարք, որը մեզ սովորեցրել են 98 թվականից հետո, երբ եթերով մեզ ասում էին՝ «միակ տղամարդը ես եմ», մյուսն ասում էր՝ «ինչքան ուզենք՝ էնքան կխփենք»:

Եթե գանք դեպի հանցավորության հոգեբանական տեսություններ, ապա, ըստ դրանց, անձի ներսում էլ պետք է ինչ-որ հանցավոր դիրքորոշում լինի, որպեսզի դա կոնկրետ իրավիճակում դառնա հանցավոր վարք՝ հանցագործություն:

Հանցավորության աճի ցուցիչ է նաև քրեական հեղինակությունների գործոնը, որոնք, անկախ երկրի ղեկավարությունից, որդեգրում են վարքի հանցավոր բնույթը:

Նկատի ունենալով, որ սպանությունների այս վերջին դեպքերում քրեական հեղինակությունների անուններ են շրջանառվում, հարկ է նշել, որ երկրի՝ արդեն իմ կողմից հիշատակված ղեկավարները իրենց վարքով ոչ միայն բռնություն են սերմանում սովորական մարդկանց մեջ, այլ նաև նպաստում են, որ քրեական հեղինակությունների շրջանում նմանատիպ վարքն էլ ավելի ընդունելի դառնա:

– Պետական կառավարումն այս հարցում իր դերն ունի՞, իրավապահ համակարգը պատշաճ վերահսկողություն իրականացնո՞ւմ է:

Հանցավորության աճին նպաստող շատ կարևոր գործոններ կան, որոնք կապված են պետական կառավարման առանձնահատկության հետ՝ մենք ընդհանրապես կառավարո՞ւմ ենք, թե՞ ոչ: Հանցագործությունը սոցիալական երևույթ է և բոլոր երկրներում էլ մի օր աճում է, մի օր՝ նվազում: Կարևորը սա չէ, կարևորն այն է, որ երկրի պատկան մարմինները, որոնց դերն իմ ու ձեր անվտանգության պաշտպանությունն է, կառավարեն հանցավորությունը՝ կանխատեսեն և կանխարգելեն հանցավորությունը:

Սպանության վերջին դեպքերով շատ ավելի ցցուն են երևում ոստիկանադատախազաքննչական մարմինների ճաքերը կամ խնդիրները, որովհետև վերջին երկու օրերին խոսվում է քրեական հեղինակություններին առնչվող դեպքերի մասին, որոնց պարագայում իրավապահ մարմինների գործն ավելի հեշտ է, քանի որ ունենք սահմանափակ թվով քրեական հեղինակություններ:

Իսկ օպերատիվ-հետախուզական և, ոչ միայն, միջոցները շատ հստակ են, որոնցով կարելի էր կանխել, որպեսզի Դոն Պիպոյի եղբորը չսպանեին կամ կիրովականցի Մուշեղին, էական չէ:

Հայաստանի Հանրապետությունը իր նորանկախ պատմության մեջ ընդամենը մեկ անգամ է ունեցել հանցավորության կանխարգելման հայեցակարգ՝ 2008-2012 թթ. համար, ո՛չ մինչ այդ, ո՛չ դրանից հետո երբևէ պետությունը չի ասել, որ սա ինձ համար խնդիր է, որը ես ուզում եմ լուծել: Մեր գլխավոր խնդիրը սա է:

Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը 2008-ից 2020 թվականին՝ ներառյալ, 43%-ով աճել է: Դրանից 23%-ը բաժին է ընկնում 2018 թվականից հետո ընկած ժամանակահատվածին: Վերլուծությունները պետք է կատարվեն տասը կամ գոնե հինգ տարվա կտրվածքով, որովհետև դա սոցիալական տարբեր գործոնների հետ է կապվում, և չես կարող համեմատել միայն նախորդ տարվա հետ: Դա անգրագետ մոտեցում է, որն անում է մեր պետությունը արդեն հազար տարի:

– Օրերս Աբովյան փողոցում կատարված սպանությունից հետո, մարդիկ սկսեցին ասել, թե Հայաստանը դարձել է Սիցիլիա, որտեղ օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում մարդ են սպանում: Հիմքեր ունի՞ այս անհանգստությունը, թե՞ մարդիկ չափազանցում են:

– Սա այն երևույթը չէ, որ մենք դառնում ենք Սիցիլիա: Սիցիլիա դառնալու համար շատ ուրիշ նախադրյալներ պետք է ունենալ, որը Հայաստանը չունի:

Նման կարծիքը ընդամենը լրատվականների մատուցման հետևանք է: Մենք Սիցիլիա չենք դառնում, ուղղակի մարդիկ, որոնց մտքում մինչ այս էլ եղել է հանցավորությունը, այս պարարտ հողը, երբ շունը տիրոջը չի ճանաչում, օգտագործելու են իրենց կարիքները բավարարելու համար, սա սովորական երևույթ է: Այլ բան է, որ այսօր պատկան մարմինները չեն կարողանում կառավարել իրավիճակը:

 Պարո՛ն Գասպարյան, հանցագործությունների տարածվածությունը հնարավո՞ր է նաև պայմանավորված լինի պատերազմից հետո՝ մարտի դաշտից բերված զենքերի առատությամբ:

 – Չեմ կարող հաստատել, բայց վախենալու է, որ պատերազմի դաշտից այն զենքը, որը մտնում է Հայաստան, կարող է մի պահի կրակել: Ճիշտ է, այդ զենքերը հաշվառված են, բայց եթե դրանք հասան մարդկանց, որոնք չեն զլանում կրակել դիմացինին, դա կարող է շատ վտանգավոր լինել: Չեմ կարող հաստատել, բայց նաև կիսում եմ կասկածները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab