Հայաստանի պատմությունը` 36 հատորով

Հայաստանի պատմությունը` 36 հատորով
Հայաստանի պատմությունը` 36 հատորով

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» ձեռնարկել է Հայաստանի պատմությունը ներկայացնող 36 հատորով հրատարակություն, որտեղ ընդգրկված կլինեն Մեծ և Փոքր Հայքերը: Հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը «Religions.am»-ին պատմում է, որ միտքը ծագել է Պավել Չոբանյանի հետ զրույցի ընթացքում, երբ շոշափվել է այն թեման, որ դարեր շարունակ մեր մտավորականությունը հեղինակել է ոչ թե հայրենիքի, այլ ժողովրդի պատմությունը:

«Սա կայծակի պես մի բան էր, որ խփեց ինձ,- ասում է նա,- ուզեցի հստակեցնել ու հասկացա, որ Մովսես Խորենացուց սկսած մինչև խորհրդային տարիների 8 հատորյակը, և անկախության օրոք հրատարակված աշխատություններից ոչ մեկն էլ Հայաստանի պատմությունը չէ»:

Ըստ Կարապետյանի՝ հայրենիքի պատմությունը ներկայացնող մի քանի փորձեր եղել են. Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը», Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան՝ ըստ նահանգների. «Այրարատ», Շիրակ», «Սիսվան» և այլն, սակայն այդ միտումը զարգացում չի ապրել:

Սամվել Կարապետյանն ասում է, որ սա ցայսօր իրականացրած բոլոր նախագծերից տարբերվում է մասշտաբայնությամբ  ու նշանակությամբ, և ինչ-որ իմաստով ամբողջ կյանքում կատարած աշխատանքի ամփոփում է: Իսկ աշխատանքների սկիզբը կարելի է համարել 1969թ., երբ կազմակերպության հիմնադիրը՝ Արմեն Հախնազարյանը հայկական հուշարձանները լուսանկարելու նպատակով Գերմանիայից գնացել է Արևմտյան Հայաստանի:

Հախնազարյանը ծնվել է Թեհրանում: Ագուլիսի ջարդից փրկված Հովհաննես Հախնազարյանի որդին է, ով հետո դարձավ Թեհրանի հայկական դպրոցների տեսուչը: Ճարտարապետություն ուսանելու համար Արմենը գնում է Գերմանիա, որտեղ էլ ամուսնանում է մի գերմանուհի ճարտարապետի հետ: Հետագայում նա բազմաթիվ անգամներ կրկնելու էր, որ կինն ընտանիքի ծախսերն է հոգում, իսկ ինքը՝ արշավախմբերի. ամուսնու երկրորդ ճանապարհորդությունը Արևմտյան Հայաստան հոգալու համար նա վաճառել էր ամուսնական մատանին: «Արմենն ինձ պատմում էր, որ առաջին արշավի մեկնելուց առաջ նա մտածել է, որ կգնա, մեկ այցելությամբ ամբողջը կլուսանկարի ու վերջ,- պատմում է Կարապետյանը,- սակայն երկրորդ ճամփորդությունից հետո հասկացել է, որ մի կերպ հետախուզեց, ու սա դեռ սկիզբն է»:

Այնուհետև Հախնազարյանը պատահաբար ծանոթանում է ծնունդով մոկսեցի ֆիզիկոս Վազգեն Բարսեղյանի հետ, ով իր մի գյուտի համար ստացած 100 հազար դոլար պարգևի մի մեծ մասը հատկացնում է Հախնազարյանի աշխատանքների համար: «Այդ գումարով գիտարշավներ են կազմակերպվում, որի արդյունքում 7 հատոր աշխատություն է տպվում, որոնցում մոտ 6-7 հազար լուսանկարներ, քարտեզներ,- ասում է Կարապետյանը,- ես էլ Քուրի ձախ ափի և Արցախին վերաբերվող համապատասխան նյութեր էի փոխանցել ու վերջին հատորում իմ նյութերն են հրատարակվել»:  Այնուհետև ճամփորդությունները հաջորդում են մեկը մյուսին, սակայն 1983թ.նա անցանկալի անձ է դառնում Թուրքիայի համար, և իմանում է, որ այլևս չի կարողանալու գնալ: Նա Վանի և Մարաշի բանտերում խնդիրներ է ունենում, իսկ Վանի բանտում խզակոթի հարվածից մնացած վերքն էլ պատճառ է դառնում քաղցկեղի, որի արդյունքում նա 2009թ.՝ 68 տարեկանում մահանում է:

Հախնազարյանն ու Կարապետյանը ծանոթացել են 1989թ., ու հասկանալով, որ երկուսով էլ նույն գործն են անում, միավորում են իրար ուժերը: «Մենք նույն մտահոգություններով էինք, ես՝ Խորհրդային Ադրբեջանի ու Վրաստանի տարածքում էի աշխատել, ինքը՝ Արևմտյան Հայաստան ու Կիլիկիա, առաջարկեց, որ մեր ուժերը, արխիվներն ու գործերը միավորենք, ու սիրով համաձայնեցի»,- ասում է Կարապետյանը: Հախնազարյանը ՀՃՈՒ-ն հիմնադրում է Գերմանիայում, 1996թ. այն գրանցվում է Լոս Անջելեսում, իսկ 1998թ.՝ նաև Հայաստանում: Այս կազմակերպության նպատակն է ՀՀ սահմաններից դուրս՝ առաջնահերթորեն «անտեր» Հայաստանի սահմաններում փնտրել և գտնել հայկական հուշարձաններ, արձանագրել, չափագրել, լուսանկարել, և ինչպես Հախնազարյանն էր կրկնում. «թղթի վրա փրկել»:

Առաջին գիտարշավներն սկսել են նախորդ դարի 60-70-ականերից, իսկ մինչ այդ ուսումնասիրություններ արել է ֆրանսիացի Ժան Միշել Թիերին, ով Արևմտյան Հայաստանում եղել է 1954-55թթ.: Այս ժամանակամիջոցին արդեն՝ Ցեղասպանությունից անցել էր 35 տարի և բազմաթիվ հուշարձաններ պայթեցված ու անհետացած էին:

«Տանտիրոջ հետքը ինտենսիվ ջնջելու ու անհետացնելու հետևանքով արդեն բավական մեծ կորուստներ եղել էր, ու ոչ ոք չլուսանկարեց կանգուն Խծկոկի վանքը. այն արդեն պայթեցված էր,- ասում է Կարապետյանը,- մեր հուշարձանների քարերը տեղափոխել ու զորանոց են կառուցել, իսպառ անհետացրել են, ինչպես հին Ջուղայի գերեզմանոցը ադրբեջանցիներն արեցին Նախիջևանում՝ խաչքարերը պարզապես խճազանգվածի վերածեցին»:  Հուշարձանագետի խոսքով՝ այժմ էլ ամեն անցնող ամիս մի բան ահետանում է:  Շատ դեպքեր են եղել, երբ խումբը մտել է, օրինակ, Գյավաշի Փշավանք գյուղ, որտեղ հայկական գերեզմանոց ու խաչքարեր պիտի լինեին, սակայն գյուղացիներն ասել են, թե երեկու շաբաթ առաջ գայիք՝ կտեսնեիք. հիմա այստեղ դպրոց է կառուցվում:

«Մենք մշակույթ ստեղծած ազգ ենք, ու թուրքերը մեզ կամեցել են վերածել ոչ մի բանի՝ անհետացնելով մեր նախնիների ստեղծածը, դրա համար մենք միշտ վազքի մեջ ենք եղել ու դեռ կանք,- նկատում է Կարապետյանը,- մրցում ենք, թե ով ավելի շուտ կհասնի հնավայր. մենք՝ մեր չափագրական գործիքներով ու լուսանկարչական սարքերով, թե՝ թուրքերն ու քրդերն իրենց քլունգով, բահով ու էքսկավատորով»:
 
Մինչ այժմ կազմակերպված գիտարշավներից ահռելի քանակության նյութեր են կուտակվել. միայն 360 000 պատկերներ, և դա դեռևս թվայնացրած քանակը է: Արշավախմբերն աշխատել են հիմնականում Արևմտյան Հայաստանի տարածքում, Հախնազարյանը նաև 6 արշավախումբ է ուղարկել Կիլիկիա՝ դեռ Գերմանիայից: Կարապետյանն այնտեղ չի եղել, քանի որ կարծում է, որ տան մեջ (Արևմտյան Հայաստանում) գործը դեռ չի վերջացրել:
 
«Կիլիկիան շատ հարազատ է, ու մեր պատմության մի հզոր հատվածի թագավորությունը, սակայն իբրև ազգ ՝ հայկական ցեղերի ծննդյան ու կազմավորման տարածաշրջանը չէ,- ասում է նա,- դա հին գաղթավայր է»:
 
Այդուհանդերձ, նրանք մի քանի գիտարշավներ են կազմակերպել դեպի հայկական պատմական գաղթավայրեր՝ Հնդկաստան, Դաղստան և Հյուսիային Կովկասի՝ մինչև Ադրբեջանի սահման, Սիրիա և Իրան: «Գաղթավայրերի պատմությունը շատ հաճախ լրացնում է հայրենիքի պատմությունը,- մեկնաբանում է Կարապետյանը,- օրինակ Կարսի շրջանի ամենահին Տիլան գյուղի հիշատակությունը գտնվում է Ագրայի՝ Հնդկաստան, գերեզմանատան մի տապանաքարի վրա. սա է տապան այսինչ Տիլանեցու: Կամ Սուրհաթի(Հնդկաստան) գերեզմանոցում ակնեցիներ են թաղված՝ Ակն, Փոքր Հայք»:
 
Կարապետյանը կարծում է, որ տարեկան 2-3 հատոր հրատարակելով՝ մոտ տասը տարում կավարտեն նախաձեռնությունը: Յուրաքանչյուր հատոր նվիրված է լինելու Մեծ և Փոքր Հայքերի նահանգներից մեկին կամ մի քանիսին՝ կախված նյութից: 

Աննա Մուրադյան

www.religions.am