«Ինչպե՞ս կարելի է այդպիսի պահվածք դրսևորել, ես ամաչում եմ, որ այդպիսի պատգամավորներ ունենք». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

Տիկի՛ն Ալեքսանյան, երեկ, երբ խորհրդարանական ընդդիմադիր երեք կին պատգամավոր  մուտք գործեց Կառավարության երրորդ մասնաշենք՝ իրենց դժգոհությունն արտահայտելու նախարար Անահիտ Ավանեսյանին, եղան մարդիկ, որոնք դժգոհեցին շենքի անվտանգությունն ապահովող ոստիկաններից: Նրանց համոզմամբ՝ ոստիկանները չպետք է թույլ տային պատգամավորներին ներխուժել շենք: Համակարծի՞ք եք, որ ոստիկանները իրենց առաքելությունը պատշաճ չեն իրականացրել:

– Նախ խոսեմ այդ կանանց պահվածքի մասին. նրանք դրսևորել են անվայել պահվածք՝ իրենց լրիվ արտոնյալ զգալով, որ իրենք իրավունք ունեն և ում հետ ինչպես ուզեն՝ կարող են խոսել, բայց ո՞վ են նրանք: Ո՞վ են ընդհանրապես այդ երեք կին պատգամավորը, որոնց հանրությունը չի հասցրել ճանաչել, եթե նույնիսկ ճանաչեին՝ ինչպե՞ս կարելի է այդպիսի պահվածք դրսևորել:

Գրոհել են  նախարարի աշխատասենյակ, ամոթանք են տալիս, իսկ ի՞նչ են արել իրենք որևէ զինվորի համար, ինչ-որ մեկի կողքին այդ երեքից ո՞վ է կանգնել: Այդ կեղծ հայրենասիրությունը, որ իրենք բեմադրում են, նկարներ են տանում, իսկ ի՞նչ է արել ընդդիմությունը հազարավոր ծանր վիճակում գտնվող զինվորների ընտանիքների համար: Այդ ի՞նչ էին արել նրանց համար, որ եկել էին նախարարին ամոթանք տալու:

Ոստիկանությունն ի՞նչ պետք է աներ, այսինքն՝ ի՞նչ կարող էր անել, որ պրծներ դրանց շառից: Ես տեսանյութը տեսա, չնայած այդ ագրեսիվ վարքագծով մուտք գործելուն, այնուամենայնիվ, ամեն բան այդքան կանխատեսելի չէր: Ոստիկանները չգիտեին, թե իրենց ինչպես պահել, այդ իրավիճակն էր: Ես ոստիկաններին չեմ մեղադրում ու չեմ էլ համարում, որ իրենց վատ են պահել:

Բայց ես կհորդորեի առողջապահության նախարարին դատի տալ այդ կանանց, որոնք ներխուժել էին ու խաթարել իր անդորրը, ամոթանք էին տալիս: Չեմ կարծում, որ նախարարը պետք է այդ պահվածքը հանդուրժի, որ այդ շենքը, այսպես ասած, պրոխոդնոյ դվոր չդառնա, որ Աննա Մկրտչյանը երբ ուզենա գա, նախարարին ամոթանք տա, գնա: Ես ամաչում եմ, որ մենք այդպիսի պատգամավորներ ունենք: 24 տարեկան է այդ Աննա Մկրտչյանը, նրան իրենց տանը չե՞ն դաստիարակել, չեմ հասկանում:

Բայց կան մարդիկ, որոնք ողջունում են պատգամավորների այդ արարքը, օրինակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր այդ տեսանյութն ու կից գրել, որ ութերորդ գումարման ԱԺ-ն կհիշվի «իր խիզախ, հայրենասեր ու պայքարող» կին պատգամավորներով:

– Այդ կերպ հաճոյանում են իրենց առաջնորդին: Չեմ կարծում, թե դա սոսկ այդ կանանց նախաձեռնությունն էր, պարզ է, որ համաձայնություն են ստացել իրենց առաջնորդներից: Չեմ էլ զարմանում, որ նրանք հիացած են իրենց պատգամավորների պահվածքով: Իրենք են ուղարկել, ի՞նչ պետք է անեին, չհիանայի՞ն:

Պատգամավորների արարքը քննադատողներին ընդդիմադիրները հիշեցնում են, որ երբ նախարար Ավանեսյանի գիտությամբ զինվորների մասունքները պարկերով նկուղներում էին, ոչ ոք այն ժամանակ բառ չասաց, տիկի՛ն Ալեքսանյան:

– Ո՞վ է ասել, որ ոչ ոք չի արձագանքել: Շատ մեծ աղմուկ բարձրացավ, հարցին անդրադարձավ նաև վարչապետը, այնպես որ, դա սուտ հայտարարություն է: Չեմ ոգևորվում նախարարի աշխատանքով, համարում եմ, որ դա թերի է, բայց հիմա ի՞նչ կարիք կա դա շահարկելու: Իբր իրենք էլ հայրենասերնե՞րն են: Իրենց քաղաքական ակցիաներին հենց իրենց պահվածքի պատճառով շատ մարդ չի միանում, իրենց նմաններն են այնտեղ հավաքված: Կանայք ամենավատ օրինակն են ցույց տալիս, չեմ պատկերացնում, որ այդպիսի կանայք կարող են օրինակ լինել մեր հանրության, աղջիկների համար: Իրենց պետք  զսպել, որպեսզի նման պահվածք թույլ չտան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am