«Գյումրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում ոչ մի ազատ տեղ չի մնացել. Factor.am

«Գյումրի» ԲԿ-ի կորոնավիրուսային բաժանմունքն աշխատում է 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ․ վերակենդանացման բաժանմունքում  ոչ մի ազատ մահճակալ չկա, գրում է Factor.am-ը։

Լինում են դեպքեր, երբ  վերակենդանացման բաժանմունքի 10 մահճակալները չեն բավարարում ու  ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող ծանր հիվանդների բուժումը ստիպված շարունակում են հիվանդասենյակներում։

Հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքի մահճակալների թիվը 70 է, այստեղ բուժում են ստանում միայն թթվածնի կարիք ունեցող հիվանդները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  ԲԿ-ի փոխտնօրեն, կորոնավիրուսային բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանը։ Ըստ մեր զրուցակցի՝ «Գյումրի» ԲԿ-ում բուժում են ստանում ողջ Հայաստանի տարածքից, այդ թվում մայրաքաղաքից, բայց այս պահին բուժվողների մեծամասնությունը Շիրակի մարզից են։

«Հիվանդներն այնքան շատ են ու այնքան ծանր, որ երբեմն ստիպված ենք լինում տրիաժ բաժանմունքի մահճակալները վերցնել, օգտագործել․ վերջին ժամանակահատվածում թեստավորումների դրական  արդյունքները շատ-շատ են։ Թարմ օրինակ բերեմ․ այսօր նմուշառել էինք 15 հոգի,  11-ի մոտ դրական է։ Այսինքն՝ մեր մոտի տրիաժից ահագին շատ դրական տվյալներ են գալիս։ Շատ են կորոնավիրուսի դեպքերը, ու հիմնականում ծանր հիվանդների են բերում մեր հիվանդանոց, թեթև հիվանդներին, որպես կանոն, չենք էլ ընդունում, որովհետև մահճակալային ֆոնդը չի բավարարում թեթև հիվանդ ընդունելու համար»,-ասաց Արմեն Խաչատրյանը։

Այս պահին ԲԿ-ում կա 30 տարեկան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ, այստեղ տարբեր տարիքային  խմբի հիվանդներ են բուժում ստանում ՝ 20-ից մինչև 90 տարեկան։

Մեր հարցին՝ արդյո՞ք բուժում ստացողների մեջ կան  պատվաստված են, Արմեն Խաչատրյանը մանրամասնեց․ « Այս պահին ունենք  պատվաստված հիվանդներ, որոնք  ստացիոնար բուժում են ստանում․ ունենք թե՛  երկու դեղաչափ ստացած, թե՛ մեկ  դեղաչափ պատվաստված հիվանդներ, բայց նրանք համամետաբար թեթև են տանում վիրուսը։ Ունեցել ենք նաև  ախտահարված թոքերով հիվանդ, բարեբախտաբար, առողջացել, դուրս է գրվել»։

Փոխտնօրենը նշում է, որ մահվան դեպքեր ևս գրանցվել են, քանի որ այստեղ  ծայրաստիճան ծանր հիվանդներ են,վերակենդանացման բաժանմունքում  բուժվողների թոքերը 90 և ավել տոկոսով ախատահարված են։

«Կան մարդիկ, որոնք տնային բուժում են ստացել, նոր տեղափոխվել հիվանդանոց, կան մարդիկ, որոնք ընդհանրապես բուժում չեն ստացել, որոշներն էլ  ուշացմամբ են դիմել։ Այս հիվանդությունը մի քիչ  անկանխատեսելի է այն իմաստով, որ անկախ բուժումից՝  հիվանդը կարող է վատանալ  և կարող է շատ արագ զարգանալ թոքերի ախտահարումը։ Հիմնականում շատ ծանր ախտահարվում են թոքերը, որպես կանոն 5-7 տոկոս է մնում թոքերի շնչող մակերեսը, դրա համար երբեմն հիվանդների կյանքի հետ անհամատեղելի է դառնում հիվանդությունը»,-ասում է Արմեն Խաչատրյանը։