«Դրախտի բնական սիմֆոնիայում պակասում էր միայն մեղվի բզզոցը». Լուկաշինի հայտնի մեղվաբույծների ընտանիքի եւ ծորուն ոսկու պատմությունը

«Դրախտի  բնական  սիմֆոնիայում  պակասում էր միայն  մեղվի  բզզոցը».  Լուկաշինի հայտնի մեղվաբույծների ընտանիքի եւ ծորուն ոսկու պատմությունը
«Դրախտի բնական սիմֆոնիայում պակասում էր միայն մեղվի բզզոցը». Լուկաշինի հայտնի մեղվաբույծների ընտանիքի եւ ծորուն ոսկու պատմությունը

Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու են մեր եւ պապիկիս տանը սեղան գցելիս առաջինը մեղրը դնում: Երբ փորձեցի պարզել մեղրի պատմությունը, պարզվեց, որ իմ սիրելի հայրենի գյուղի` Լուկաշինի մեղրը հանրաճանաչ է որ միայն Հայաստանում այլեւ հռչակավոր` երկրի սահմաններից դուրս, իսկ իմ ընտանիքի պատմությունը` սերտորեն կապված մեր գյուղին ճանաչում բերած ծորուն ոսկու հետ:
Օրինակ` դուք գիտեի՞ք, որ մի քանի տարի առաջ` 2007-ին, Լուկաշինից հազարավոր կիլոմետրեր հեռու` Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կայացած Մեղվաբուծական ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի հերթական 40-րդ վեհաժողովին ներկայացված է եղել նաեւ մեր գյուղի մեղվաբուծական տնտեսության մեղրը:

Ավելին, ուրախությամբ պիտի նշեմ, որ Լուկաշինի մեղվաբուծական տնտեսության ներկայացրած բյուրեղացած և ոչ բյուրեղացած մեղրերը երկու անվանակարգում, որակական և համային հատկանիշների շնորհիվ, վեհաժողովում արժանացել են արծաթե և բրոնզե մեդալների:

Այդ մասին հպարտությամբ է հիշում ու պատմում իմ սիրելի քեռին մեղվաբուծությամբ զբաղվող Գուրգեն Հյուսյանը:

Երբ տարված էի մեղրի պատմություններով, Ալիկ պապս, ով հայտնի մեղվաբույծ է, հետաքրքրասերիս տվեց մի թղթապանակ, որտեղ ես շատ հետաքրքիր փաստեր բացահայտեցի եւ գտա ինձ հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

Առաջինը, որ ընկավ ձերքս, դա 1964 թվականին Ա.Մ.Կոթողյանի գրած գրքույկն էր` «Մեղվաբուծական տնտեսության հիմնադրումը Լուկաշինի անվան սովխոզում» :

Այնտեղ կարդացի, որ «1925թ. ապրիլի 26-ին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Սարգիս Սրապիոնի /Լուկաշին/ նախաձեռնությամբ և նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով 125 որբերի /80 տղա, 45 աղջիկ/ պատանիների մասնակցությամբ հիմնադրվեց Լուկաշին գյուղը:

Տարիների ընթացքում արևից խանձված հողերը կանաչ գույն ստացան, նորատունկ այգիներում աճեցին համեղ պտուղները: Աշխատավոր ժողովրդի ստեղծած կանաչ դրախտի բնական սիմֆոնիայում պակասում էր միայն մեղվի բզզոցը: Եվ այդ հանրօգուտ գործի սկիզբը դրեց մեղվաբուծության հմուտ վարպետ Մկրտիչ Նազարեթի Հյուսյանը: Դա 1937 թվականն էր, երբ նա իր ընտանիքով վերաբնակվեց Լուկաշինի անվան սովխոզում»:

Մկրտիչ Հյուսյանը մայրիկիս պապիկն է:

Իսկ հետո ձեռքս ընկավ մի հնամաշ թերթ, որը տպագրված էր 1960թ. նոյեմբերի 13-ին: Կարդացի ևս մի հետաքրքիր հոդված «Հայր և որդի» վերնագրով` պապիկիս և իր հոր մասին:

Այնտեղ գրված էր.

«Այժմ էլ նրա աչքերի առջև ժապավենի նման անցնում են այն օրերը, երբ նա երկար ճանապարհ կտրեց, անցավ արհավիրքներով լի երկրով, որի գլխին փաթաթել էր առաջին համաշխարային պատերազմը… Ինչպես շատերի, այնպես էլ նրանց ընտանիքը ենթարկվել էր գաղթի անբարեհույս հորձանուտին: …Տակավին պատանի Մկրտիչը ականատես է լինում Վանից մինչև Էջմիածին տանող ճանապարհներին գաղթական հայերի»:

Հուզիչ պատմությունը շարունակվում է: Հյուսյանը, ավարտելով Երևանի մեղվաբուծական կուրսերը, աշխատանքի է մեկնում Աշտարակ: 6 տարվա ընթացքում նա կուտակում է հարուստ փորձ: 1936 թվականից նա տեղափոխվում է Լուկաշինի անվան սովխոզ: Այստեղ էլ սկսվում է ջանասեր մարդու ստեղծագործական աշխատանքը: Դեռ նոր կազմակերպված փոքրիկ տնտեսությունում նա միակ մասնագետն էր:

Դժվարություններ` ինչքան ասես. Հսկայական բաց տարածություններ էին, մեղու պահելը` ռիսկային: Բայց համառությունը հաղթում է ամեն մի խոչընդոտ:

Նա օգտագործում է ամեն մի միջոց, ամռան ամիսներին մեղուները տեղափոխոմ շրջանի տարբեր վայրեր և այնտեղից դուրս, խիստ ռեժիմ պահպանում մեղվի «դաստիարակության» համար:

Մի քանի տարուց հետո փեթականոցում արդեն կային 500 մեղվընտանիք:

Մեղվաբուծությունը հետզհետե զարգանում եւ դառնում է Լուկաշինի առաջավոր բնագավառներից մեկը:

Ձախից`աջ: Ես ու սիրելի քեռիս` Գուրգեն Հյուսյանը: Աջ նկարում` Ես,  քեռորդու` Մկրտիչ Հյուսյանն ու մեր 80-ամյա պապիկը` Ալբերտ Հյուսյանը:

Սակայն լավ հարմարավետ մեղվանոց ունենալու միտքը վաղուց անհանգստացնում էր Մկրտիչ Հյուսյանին: Չէ՞ որ միշտ հնարավոր չէր մի քանի հարյուրի հասնող փեթակները պահել բաց դաշտում: Բացի այդ` հարկավոր էր օժանդակ տնտեսություն ստեղծել մեղվապահության մյուս հոգսերը հոգալու համար: Եվ նա այդ խնդրով մի օր մտնում է սովխոզի նախագահի առանձնասենյակը:

«Մի խնդիր ունեմ, – համոզված տոնով ասում է նա, – մեր ավանի հարավ-արևելյան մասում, էն որ աղուտներ են զուտ, ուզում եմ փեթականոց հիմնել, ծառապատել, թույլ տվեք…»:

«Լավ բան ես մտածել, – ընդհատում է նրան նախագահը,- բայց բան կստացվի՞ պապակած հողում: Աշխատանքդ իզուր կանցնի…»

Մկրտիչը մտածելու ոչինչ չուներ, մինչ այդ նա մանրամասն ուսումնասիրել էր տեղանքը, հողը և կանխատեսել ապագա այգիներ, բազմերանգ պտուղներով ու մշտադալար դեկորատիվ ծառերով:

…Փոքրաթիվ մարդկանց մի խմբի հետ Մկրտիչը փեթականոցի եզրին տնկում է ակացիաներ, ծիրանի և թեզի ծառեր, որպեսզի վաղ գարնանը կարողանան հյութ քաղել ակացիաների ծաղիկներից:

Ավելի հեռուն տնկվեցին փշատենիներ, խնձորենիներ, դեղձենիներ և դեկորատիվ ծառեր: Իրար հետևից գլորվեցին տարիները: Անխոնջ աշխատանքի մարդիկ տեսան իրենց աշխատանքի պտուղները:

Աճեց, հասակ առավ այգին, նրա բաց տարածությունների վրա տեղավորվեցին փեթակները, որոնցից ամեն տարի նրանք բարձրակարգ բերք էին ստանում:

Իսկ երբ Մկրտիչ Հյուսյանը թոշակի անցավ, նրան փոխարինելու եկավ որդին` Ալբերտը, այսինքն` Ալիկ պապս: Պապիս հոր` մեղվաբույծ Մկրտիչի փորձը, սերը` դեպի մեղուն, կարծես արյան հետ է անցնում հորից որդուն, որդուց` թոռանը` որպես թանկարժեք ժառանգություն:

Շատ եմ սիրում պապիկիս. նա խստապահանջ է, սիրում է, որ ամեն գործ արվի ամենայն ճշգրտությամբ և ժամանակին: Նա գիտի մեղվաբուծության բոլոր նրբությունները:

Պապիցս էլ քեռուս` Գուրգեն Հյուսյանին արդեն ավանդական ժառանգականությամբ անցավ մեղվաբուծական ֆերմայի ղեկավարի պարտականությունները: Մեծանալով մեղվաբույծների ընտնիքում, դեռեւս դպրոցական տարիներից` քեռիս մոտիկից ճանաչում էր մեղուներին: Սկզբում որպես մեղվապահի օգնական, իսկ հետագայում, արդեն համապատասխան կրթություն ստանալուց հետո, 1989թ.-ից քեռիս կարողացավ իր մեծ փորձը, գիտելիքներն ի նպաստ ծառայեցնել եւ ընդլայնել Լուկաշինի մեղվանոցը` նպաստելով մեր գյուղի մեղրի համբավի արդեն միջազգային ճանաչմանը:

Իսկ հիմա Ալիկ պապիկիս և Գուրգեն քեռիիս կողքին այդ գործում կանգնած է իմ եղբայրը` Գուրգենի որդին, 22-ամյա Մկրտիչ Հյուսյանը` որպես ընտանեկան մեղվաբուծության շարունակող:

Ասում են` մեղվապահի գործն ի~նչ է որ. ոտքդ ոտքիդ գցիր, նայիր, մեղուն կաշխատի, մեղր կպատրաստի, կհավաքես:

Չէ’ , ես կասեի եկեք ու տեսեք . ժրաջան մեղվի նման պետք է աշխատես, որ լավ արդյունք ստանաս: Ճիշտ այնպես, ինչպես աշխատել են պապիս հայրը, պապս, քեռիս, եղբայրս ու էլի ժրաջան մեղուների հետ ոչ պակաս ժրաջանությամբ կաշխատեն Լուկաշինի Հյուսյանները` մեր փոքրիկ գյուղի անունը միջազգային ցուցահանդեսներում լսելի դարձնելով:

Վիկտորյա Հարությունյան 12 տ

Գյուղ Լուկաշին

«Այո» մանկապատանեկան ակումբ

Medialab.am