«Իրենք ասում են՝ կա՛մ դուք, կա՛մ մենք, ժողովուրդն էլ ասում է՝ ո՛չ, ձեր դարն անցավ». Էդուարդ Զորիկյան

Էդուարդ Զորիկյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը։

– Պարո՛ն Զորիկյան, վարչապետը հայտարարեց, որ դատական համակարգի առողջացման համար վիրահատական միջամտություններ պետք է իրականացվեն, դատավորներն էլ վեթինգի կենթարկվեն։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս գործընթացներին։

– Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդկանց մի հատված հեղափոխությանը, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանին լուրջ չի վերաբերվում։ Նիկոլն ասաց՝ անկախ եք, գործե՛ք անկախ։ Դա պետք է ձեր երազանքը լիներ, որովհետև դուք այդ ոլորտի մասնագետը լինելով՝ երբևէ նմանկերպ չեք աշխատեք։ Ասաց՝ այսօրվանից կարող եք անկախ վճիռներ կայացնել։ Չարեցին, չեն անում։

– Ինչո՞ւ չարեցին։

– Խոսք էր ասել, երևի լուրջ չընդունեցին։ Գրված է՝ մի՛ գողացիր։ Տեսնում ես՝ գողանում են, հետևաբար պետք է պատժել։ Նույնիսկ այն համակարգերում, որտեղ գողության համար ձեռք են կտրել, միևնույն է, մարդիկ գողանում են։ Հիմա խոսքը տեղ չհասավ, չհասկացան, անցնում են կոնկրետ գործողությունների։

Ասվեց՝ ով անցյալում ինչ-ինչ մեղքեր է գործել, հրաժարակա՛ն տվեք, դո՛ւրս եկեք։ Ինչո՞ւ եք ուզում, որ դատական գործեր բացվեն, որ գնաք պատասխանատվություն կրեք, որ ունեցվածքը պետականացվի։

Չէ որ այդ ամենը լինելու է, մինչև հիմա չե՞ն հասկացել, որ հետադարձ ճանապարհ չկա։ Ամեն ինչ անում են, որ ոնց ապրել են մինչ այս, նույնկերպ շարունակեն ապրել։ Պետական ամենաբարձր պաշտոններ զբաղեցրածները՝ դատական համակարգում, կառավարությունում, այլ ոլորտներում, բյուջեն են թալանել ու գրպանել։ Եվ այսօր նրանք կռիվ են տալիս, որ այդ համակարգը հետ բերեն։ Այդ մարդիկ մինչև այսօր չեն հասկացել, թե պետությունն ի՛նչ է։

Չեն հասկացել իրենց դերակատարությունը մեր հայկական պետության մեջ։ Աբսուրդ ու անհասկանալի իրավիճակ է։ Եվ ոչ ոք չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի այն կոչերին, որ դատական համակարգը պետք է անկախ լինի, օրենքները պետք է գործեն։

– Այսինքն՝ ըստ ձեզ՝ հասունացե՞լ է կոշտ վիրահատական միջամտությունների ժամանակը։

– Իսկ դուք ուզում եք մտնել դատարան և նախկինի նման տեսնել, որ արդարը դատապարտվում է, իսկ հանցագործն արդարացվո՞ւմ։ Չէ՞ որ այդ կոշտ մեթոդները, որոնց մասին խոսում է Նիկոլը, այն մասին է, որ՝ ուզեք-չուզեք, միևնույն է, մենք կառուցելու ենք նոր Հայաստան, ինչի հաշվին էլ դա լինի։ Ոչ մի բանի առաջ կանգ չենք առնելու, մենք մերն անելու ենք։

Այսօր մենք ենք իշխանություն, ժողովուրդն ի վերջո եկավ իշխանության, Հայաստանում ժողովրդավարություն է, ուզեք թե չուզեք։ Հենց կասկածեք, հերթական անգամ կապացուցվի ցանկացած ակցիայով։

– Արդարադատության նախարարն ասաց, որ չի բացառվում՝ վեթինգի արդյունքում նաև դատավորներից ոմանց ունեցվածքը բռնագանձվի։ Ընդհանրապես, պե՞տք է նման քայլի գնալ։ Օրինակ՝ տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ այն դատավորները, որոնց մեղքով Հայաստանը պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ֆինանսական կորուստներ է կրել, պետք է իրենք փոխհատուցեն այդ վնասները։

– Չէ՞ որ դա միշտ է արվել։ Երբ գողին բռնել են, համապատասխան գողոնը վերադարձվել է։ Նորությո՞ւն է ասել Նիկոլը։ Իրենք, լինելով դատական համակարգի աշխատակիցներ, չգիտե՞ն դրա մասին։ Իհարկե պետք է այդ քայլն արվի։ Ես այս հարցը բարձրացրել եմ վաղուց, երբ դատարանները գրավով բաց էին թողնում ոմանց։ Իսկ այդ գրավները հսկայական գումարներ էին։ Արդեն այդ գրավը բերելիս, հենց այդ պահին պետք է գործ բացվեր։ Բոլորս էլ հասկանում ենք, որ պատահական չէ, երբ այդ գրավը բերելիս ասում են՝ ընկերս ա տվել։ Ընկերդ ա տվել, ուրեմն ընկերդ պիտի նստի, նրան որտեղի՞ց։

– Այսօր թիրախում դատական համակարգն է, բայց արդյոք այդ նույն վեթինգը չպե՞տք է տարածվի նաև այլ ոլորտներում՝ դատախազություն, ոստիկանություն, այլ մարմիններ։

– Կարծում եմ՝ հերթով կարվի կամ զուգահեռ։ Ընդհանրապես, առողջացման գործընթացը ճյուղավորված բոլոր ոլորտներում պետք է արվի։ Պետք է միանգամից սկսվի, կտրուկ ու համատարած այդ գործողությունը պետք է ընթանա։

– Դատարանների շենքերի մոտ մեկօրյա ակցիաներ եղան, ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

– Նիկոլն ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է։ Հիմա իրենք էլ են ուզում նման մի ակցիա։ Իրար մեջ զրուցելիս հիմա ասում են՝ լավ, ախպե՛ր, մենք չե՞նք կարա հիմա մի 10 հազար հոգի ոտքի հանենք, մի բան անենք։ Ո՛չ, եղբա՛յր, չե՛ք կարա, սսկվե՛ք, նստե՛ք տեղներդ։ Կարծում եմ՝ նրանց ամեն մի նոր քայլը հանգեցնելու է ժողովրդի ավելի կոշտ արձագանքին։

– Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու համար որոշ անձինք ակցիաներ էին անում դատարանի մոտ, դա նման մի քա՞յլ էր։

– Հարցն այն է, որ բոլորս այդ ամենի պատասխանները գիտենք։ Չէ՞ որ երկու տասնամյակ բոլորիս աչքի առաջ էր այդ ամենը կատարվում ։ Ի վերջո եկել է ժամանակը՝ այդ ամենը հանելու ջրի երես, մաքրվել ու ազատվել։ Ես բազմիցս ասել եմ՝ այս ամենը պետք է անկախանալուց հետո լիներ, ԽՍՀՄ փլուզումից հետո պետք է լիներ, սոցիալիստական համակարգից կապիտալիստական շուկայական հարաբերություններին անցնելիս պետք է լիներ։

– Այսինքն՝ որոշ ոլորտներում մեկ տարվա ընթացքում ինքնամաքրման գործընթաց չեղա՞վ, չսպասե՞լ ինքնամաքրման։

– Իհարկե չի լինի։ Գելի գլխին ավետարան ես կարդում, ասում է՝ արագացրու, հոտը սարն անցավ։ Ի՞նչ ինքնամաքրում, ամեն ինչ անում են, որ ինչ եղել է, վերադառնան դրան, որ էլի կարողանան թալանել, գրպանել։ Ամո՛թ է, վերջը սահման կա։ Իրենք ասում են՝ կա՛մ դուք, կա՛մ մենք։ Ժողովուրդն էլ ասում է՝ ո՛չ, ձեր դարն անցավ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am