Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հայերի և ադրբեջանցիների միջև ՌԴ-ում և այլ վայրերում տեղի ունեցող բախումների

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հայերի և ադրբեջանցիների միջև ՌԴ-ում և այլ վայրերում տեղի ունեցող բախումներին։

«Ուժի գործադրման մեկ տարածք կա․

Իհարկե, քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային ասպեկտներում կարելի է և անհրաժեշտ է մրցակցել ադրբեջանցիների հետ, բայց փողոցային հաշվեհարդարն ու ֆիզիկական բռնությունը չեն կարող մեր դրսևորման միջոցները լինել: Պետք է հասկանալ, որ այս ամենի արդյունքում վտանգվում է աշխարհի տարբեր կետերում ապրող հայերի կյանքը:

Սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորում եմ չտրվել սադրանքներին և չներգրավվել հրահրվող ազգամիջյան բախումներին: Դա անթույլատրելի և կործանարար պրակտիկա է:

Անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն և հանգստություն ու մեկընդմիշտ արձանագրել, որ ուժի կիրառման համար նախատեսված ընդամենը մեկ տարածք կա` հայ-ադրբեջանական սահմանը, որտեղ մեր զինվորներն ու սպաները պաշտպանում են մեր հայրենիքն ու անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ պարտադրում խաղաղություն:

Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին դեսպանատներում և հյուպատոսարաններում բացել թեժ գծեր՝ հավաքագրելու համար մեր այն հայրենակիցների տվյալները, ովքեր ենթարկվել են բռնության ադրբեջանցիների հարձակման հետևանքով և տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան իրավական գործընթաց սկսել՝ անհրաժեշտ իրավաբանական և այլ աջակցություն ցուցաբերելով մեր հայրենակիցներին»,- ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Մարուքյանը։