«Քանի դեռ այս քաղաքական դեմքերն են Հայաստանում, պետք է խենթ լինես, որ գաս ներդրումներ անես». Վալերի-Աշխեն Գործունյան

«Քանի դեռ այս քաղաքական դեմքերն են Հայաստանում, պետք է խենթ լինես, որ գաս ներդրումներ անես». Վալերի-Աշխեն Գործունյան
«Քանի դեռ այս քաղաքական դեմքերն են Հայաստանում, պետք է խենթ լինես, որ գաս ներդրումներ անես». Վալերի-Աշխեն Գործունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը: 

– Տիկի՛ն Գործունյան, դրսից հետևելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ ի՞նչ փոփոխություններ եք նկատում։ Ի՞նչ է, ըստ Ձեզ, փոխվել Հայաստանում։ Արդյոք նկատելի՞ է տնտեսական աճ, ինչով հպարտանում է իշխանությունը։

– Ընդհանրապես գնալով ավելի ու ավելի վատ վիճակ եմ արձանագրում բոլոր ոլորտներում։ Լսեցի ՀՀ փաստաբանների  պալատի անդամ Վահե Գրիգորյանի ելույթը մեր դատական համակարգի բացերի վերաբերյալ։ Մենք ամեն օր ականատես ենք լինում, որ Հայաստանում դատական համակարգն ազատ չէ, որ արդարադատություն գոյություն չունի, ինչն ամենամեծ հարվածն է դեմոկրատիային։ Եվ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որ պետք է տեղի ունենա այս տարվա աշնանը՝ այս ամենը իշխանությունը պետք է օգտագործի՝ ցույց տալու, որ իրենք լավ երկիր են, բայց ով մի փոքր խորանում է, շատ լավ գիտի՝ ինչ է կատարվում Հայաստանում։ Ամեն ինչ, դժբախտաբար, դեպի ավելի վատն է գնում, և այս ամենը մտահոգիչ է։

– Այսինքն՝ եթե համեմատում եք Ձեր՝ վերջին անգամ Հայաստանում եղած ժամանակը և հիմա, ավելի մեծ բացե՞ր եք նկատում։

– Մեկ-մեկ ամաչում եմ իմ տեսակետներն արտահայտել, քանի որ հեռացել եմ Հայաստանից, և հայաստանցիները պետք է գնահատեն, հավանեն կամ չհավանեն։ Շատ մտահոգիչ է, որ շարունակվում է արտագաղթը, մարդիկ հեռանում են ԱՄՆ կամ Եվրոպա, կամ Ռուսաստան։ Այսինքն՝ անհնար է, որ մարդիկ երկիրը լքեն, եթե վիճակը լավ լինի։ Եվ այս ամենը մինչև ո՞ւր… չգիտեմ։ Մտահոգիչ իրավիճակ է։ Անտարբերությունը և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում շատ մտահոգիչ է։ Հնարավոր է, որ հանրությունն ընդհանրապես հույս չունի, դրա համար ոչ մի կերպ չի արձագանքում այս ամենին։

– Վերջերս ՀՀ Ազգային ժողովը նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին, ով հանդիպումներ ունեցավ նաև սփյուռքի հետ։ Նա խոստանում է ներդրումներ բերել Հայաստան, կասեցնել արտագաղթը։ Այս ամենը պարապ խոսքե՞ր են։

– Ես չգիտեմ՝ նոր նախագահը որքան հնարավորություններ ունի այս ամենը կյանքի կոչելու, բայց ես շատ չեմ հավատում, որ նա ներդրողներ է բերում Հայաստան, մինչև Հայաստանում օրենքները չփոխվեն, արդարադատություն չհաստատեն, չմաքրեն օլիգարխիան, չեն կարող մարդ հետ բերել Հայաստան։ Ինչո՞ւ նրանք, ովքեր գնացել են Հայաստանից, չեն վերադառնում։ Ուրեմն վստահության խնդիր կա։ Ինչո՞ւ պետք է հետ գան միայն այն պատճառով, որ նախագահը փոխվել է։ Պետք է օրենքները փոխվեն, քաղաքականությունը փոխվի, համակարգը փոխվի, հասարակության մեջ վստահություն լինի, որ որևէ մեկը գա ու ներդրում անի Հայաստանում։ Ես շատ եմ ուզում սխալվել, բայց վստահ եմ, որ այս պայմաններում առնվազն Եվրոպայից ոչ ոք չի ցանկանա ներդրում անել Հայաստանում։ Ես շատ հիասթափված ու մտահոգված եմ։

– Կարծում եք՝ քաղաքական կամք չկա իշխանությունների մոտ, և ամեն ինչ գնում է նրան, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապե՞տ։ Իսկ դրանից հետո ի՞նչ է մեզ սպասում։

– Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանը, անշուշտ, պետք է մնա։ Ամեն ինչ արվում է դրա համար, և հենց այսօր հանդիպեցի մեկին, որ սերտ կապեր ունի Հայաստանի հետ, և նա ասաց, որ Կարեն Կարապետյանը, Արմեն Սարգսյանը, Ռուբեն Վարդանյանը հարուստ են, և կարող է 15-20 տարի հետո Հայաստանը փոխվել։ Երբ տեսնում ես Ռուսաստանի վիճակը, մենք ոչ մի բանով չենք տարբերվում ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Ադրբեջանից, ո՛չ էլ նմանատիպ այլ երկրներից։ Ռուսաստանն ուրիշ անուններով Խորհրդային Միություն ստեղծեց, բայց այն ժամանակ Հայաստանի վիճակն ավելի լավ էր, քան հիմա։

– Այսինքն՝ Հայաստանն ավելի ավտորիտա՞ր է դառնում։

– Իմ կարծիքով՝ Հայաստանում ժողովրդավարություն չկա։ Միակ հույսն այն է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրեց, բայց Եվրոպան էլ միշտ վախենում է փոփոխություններից, ավելի կայուն վիճակի կողմնակից է, դրա համար էլ հավանաբար ձեռնտու է Սերժ Սարգսյանը։ Հնարավոր է, որ այս համաձայնագիրը ինչ-որ բան փոխի Հայաստանում, վստահ եմ, որ իրենք անտարբեր չեն լինելու։ Շատ փաստաբաններ պայքարելու են, որ արդարադատությունը մի քիչ անկախ լինի։ Ես գիտեմ, որ բոլորովին անկախ չի կարող լինել Հայաստանում, քանի դեռ այս քաղաքական դեմքերն են Հայաստանում։ Գուցե որոշ հարցերում Եվրոպայի կողմից ճնշում լինի, և իշխանությունը մի քիչ զգուշավոր դառնա։

– Կարծում եք՝ կոռուպցիայի, մենաշնորհների, մարդու իրավունքների համար պայքարում որոշ քայլեր, այնուամենայնիվ, կարվե՞ն, թե դրանք իմիտացիոն բնույթ կունենան։

– Չեմ կարող ասել, թե որքանով Եվրոպան կկարողանա ազդել Հայաստանի վրա այդ ամենը փոխելու համար, ինչքանով Ռուսաստանը թույլ կտա, որ Եվրոպան ազդեցություն ունենա Հայաստանում։ Այլևս հույս ունենալ չեմ ուզում, քանի որ ամեն անգամ հիասթափվում ենք, բայց պետք է քայլեր կատարվեն Եվրոպայի կողմից, բայց ամբողջը փոխել հնարավոր չի լինի։

– Ներդրումներ Հայաստանում չեն լինի, քանի դեռ համակարգափոխություն չկա՞։

– Բայց ո՞վ պետք է գա ներդրում անի, բացի Արմեն Սարգսյանից, ով ոսկու հանքում հետաքրքրություններ ունի։ Ուրիշ ի՞նչ պետք է ներդնեն, քանի այս իշխանություններն են, այս կառավարությունն է։ Ես չեմ հավատում, և սա իմ անձնական կարծիքն է։ Պետք է խենթ լինես, որ գաս Հայաստանում ներդրումներ անես։ Սիրիահայերը, որ ստիպված եղան գալ և ներդրումներ անել, ես հիմա գիտեմ, որ նրանցից շատերը չեն ուզում Հայաստանում մնալ, փորձում են գնալ։ Պետք է ամեն ոլորտում շատ մեծ փոփոխություններ տեղի ունենան, որ հույսը վերականգնվի։

– Իսկ ընդդիմության քայլերը հուսադրո՞ղ են։ Նրանք ուզում են միավորվել՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար։

– Շատ եմ կասկածում։ Ամեն անգամ մեծ հույսեր ենք ունեցել, և ոչ մի արդյունք չի եղել։ Այնքան խնդիրներ կան ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի մեջ, դրա համար շատ մեծ հույս չունեմ։ Բայց երանի թե կարողանան դա իրականություն դարձնել։

Մանե Հարությունյան

MediaLab.am