Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է ֆրանսիական պատվիրակության այցն Արցախ, որի կազմում է նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Աբդուլլաևան քննադատել է ֆրանսիական պատվիրակության այցը, որակել այն «սադրիչ» ու նշել, որ Պուպոնին առաջին անգամը չէ, որ այցելում է Արցախ։
«Նա առանձնանում է կոշտ հակաադրբեջանական դիրքորոշմամբ։ Ադրբեջանի օրենսդրության խախտման համար պատգամավորի անունը ներառված է օտարերկրյա քաղաքացիների ցուցակում, որոնց մուտքը մեր երկիր արգելված է»,- ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը՝ նշելով, որ Ադրբեջան մուտքն արգելվելու է նաև պատվիրակության այլ անդամների համար։ Նրանք «սև ցուցակում» են ներառվելու։
«Ադրբեջան մուտքի արգելք կսահմանվի նաև ֆրանսիական Առնուվիլ քաղաքի քաղաքապետի, Մարսել քաղաքի ներկայացուցչի նկատմամբ, որոնք այցի ընթացքում ուղեկցել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորին։ Ֆրանսիայի ներկայացուցիչների այս անպատասխանատու ու սադրիչ պահվածքը անընդունելի է ու հակամարտությունից հետո խաթարում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»,- ասել է Ադբուլլաևան։
Աղբյուր՝ Factor.am