Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում սպասվում են պրեմիերաներ. Կհրավիրվի բեմադրիչ ԱՄՆ-ից

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի համար 2021-ն առանձնանալու է պրեմիերաներով: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ նախատեսում են տարվա ընթացքում ունենալ 4 պրեմիերա:

«Հրավիրելու ենք բեմադրիչ Միացյալ Նահանգներից: Ջոն Բլոնդելը, Սանտա Բարբարայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Բեմադրություն կանի նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը: Այս պահին ընթանում են այլ բեմադրության աշխատանքներ, որոնք իրականացնում է Դավիթ Հակոբյանը: Դրանից բացի, մենք ունենք պրեմիերա, որը հայտնի պատճառով (խմբ.-պատերազմով պայմանավորված) մեկ ներկայացումից ավելի խաղալ հնարավոր չեղավ: Դա «Դեկամերոն»-ն է, որը բեմականացրել է Լիլի Էլբակյանը»,-ասաց Վարդան Մկրտչյանը:

«Դեկամերոն»-ն ի սկզբանե նախատեսված է եղել բացօթյա պայմանների համար: Կարծիքներ եղան, որ ներկայացումը կարելի է ձմռանը խաղալ նաև մեծ բեմում, ի վերջո որոշում կայացվեց չշեղվել այն մթնոլորտից, որտեղ ստեղծվել է ներկայացումը: Ներկայացման ծնունդը բացօթյա միջավայրն է: Այն կլինի բացօթյա բեմում ապրիլից, եթե եղանակային պայմանները թույլ չտան, ուրեմն՝ մայիսից: Վերը նշված մյուս սպասվող ներկայացումների հետ կապված Վարդան Մկրտչյանը չշտապեց փակագծերը բացել, միայն նշեց, որ յուրաքանչյուրի առնչությամբ առանձին ասուլիս կհրավիրվի: Մինչ այդ, փետրվարի 23-ից բեմում կլինի թատրոնի վերջին շրջանի լավագույն աշխատանքը՝  «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը:

Այս տարի թատրոնում էականորեն փոխվելու է հանդիսատեսի սպասարկման որակը: Արդեն իսկ 2020 թվականի ամռանը թատրոնը կառավարությունից ստացավ միջոց և վերանորոգվեցին հանդիսատեսին սպասարկող սանհանգույցները: Ձևափոխման փուլում է թատրոնի ծառայողական մուտքի ճակատային հատվածը: Վարդան Մկրտչյանը հավաստիացրեց, որ բարեփոխումները թատրոնում շարունակական են լինելու՝  հօգուտ հանդիսատեսի:

Հաջորդ տարի նշվելու է Հայաստանի առաջին պետական թատրոնի, այսօր Սունդուկյանի անունը կրող թատրոնի 100-ամյակը: Վարդան Մկրտչյանը կոչ արեց հանրությանը կանգնել գաղափարի թիկունքին:

Ավելին՝ այստեղ