Զելենսկու գրասենյակը հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը Ժնևում ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ Ուկրաինան կմասնակցի Ժնևում կայանալիք եռակողմ բանակցություններին։ Այս մասին հայտնել է BBC-ի թղթակիցը Ուկրաինայում։

Նախագահական գրասենյակը հաստատել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 17-18-ին՝ Ժնևում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հաստատել է այդ ժամկետները՝ նշելով, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության կազմում, բացի իրենից, կլինեն նաև նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, Բուդանովի տեղակալ Սերգեյ Կիսլիցան և Հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցությունների առաջին փուլը կայացել էր հունվարի 23-24-ին Աբու Դաբիում։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել էր ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Փետրվարի 4-5-ին Աբու Դաբիում անցկացվել էր բանակցությունների երկրորդ փուլը, որից հետո կողմերը իրականացրել էին ռազմագերիների փոխանակում՝ «157-ը 157-ի դիմաց» սկզբունքով։