ՀՀ առողջապահության նախարարությունը անդրադարձել է փաստերի ստուգման հարթակում տեղ գտած հոդվածին

Անդրադառնալով փաստերի ստուգման հարթակում տեղ գտած հոդվածին, որտեղ ասվում է, թե Հայաստանում ԴՆԹ հետազոտությունների սարք` սեկվենատոր, եղել է դեռևս 2017 թվականից, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ մինչև 2018 թվականը ՀՀ-ում առկա սեկվենատորները ո՛չ իրենց ծրագրային ապահովմամբ, ո՛չ էլ կառուցվածքով համապատասխան չեն եղել դատաբժշկական փորձաքննությունների անցկացման համար։

Վերջիններս նախատեսված են զուտ կլինիկական հետազոտությունների համար։Դատագենետիկական հետազոտություններ իրականացնելու համար կիրառվում են հատուկ հավաքածուներ, որոնք նախատեսված են իրենց տեսակի մեջ եզակի սեկվենատորների համար։

Միայն այսպիսի նյութատեխնիկական հագեցվածության պարագայում է հնարավոր հատկապես ոսկրային հյուսվածքից ստանալ հետագա նույնականացման համար պիտանի ԴՆԹ։

Ի դեպ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հենց գենետիկական փորձաքննությունների համար իրականացվող ԴՆԹ հետազոտության համար կիրառվող սեկվենատորին։ Վարչապետի անդրադարձը վերաբերել է միայն ոսկրերից ԴՆԹ անջատելուն և նույնականացմանը։

Նույնիսկ «Հետք» լրատվականի հրապարակած հոդվածում բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը նշել է, որ իրենց ունեցած սարքը նախատեսված է եղել հիվանդությունների հետազոտման համար։

Հարկ է նշել , որ հոդվածի եցրակացությունը հակասում է նույն հոդվածում տեղ գտած տեղեկատվությանը։