«Գտնվեցին մերձքաղաքական սուբյեկտներ, որոնք որոշեցին պարազիտանալ կորոնավիրուսի համաճարակի վրա». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարոն Մեհրաբյան, վերջին օրերին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ՀՀ ներքաղաքական կյանքում: Մասնավորապես, նշվում է, որ վարչապետի հիվանդ լինելուց ոգևորվելով որոշ ուժեր փորձել են հեղաշրջում իրականացնել Հայաստանում: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

– Հայաստանը կորոնավիրուսային համաճարակի բերումով հայտնվել է ծանր կացության մեջ, և ցանկացած բանական մարդու համար պետք է հայտնի լինի, որ կորոնավիրուսը հաստատ ըստ քաղաքական հայացքների չէ, որ վարակում է մարդկանց: 

Հետևաբար, բոլորը պետք է ջանքերը մեկտեղեին այդ համավարակը չեզոքացնելու, վերացնելու համար: Հաշվի առնելով, որ այդ ամբողջ բեռն ու պատասխանատվությունը կառավարության վրա է, ապա եթե չէին օգնում, գոնե չխանգարեին, բայց գտնվեցին, այսպես ասենք՝ մերձքաղաքական որոշակի սուբյեկտներ, որոնք որոշեցին պարազիտանալ այս կորոնավիրուսի համաճարակի վրա և փորձել կորոնավիրուսի հասցրած հարվածները սինքրոնացնել իրենց քաղաքական նկրտումների օրակարգի հետ: 

Մանավանդ որ, նաև վարչապետն իր ընտանիքով վարակվեց և մոտ մեկ շաբաթ հեռավար կարգով էր ղեկավարում գործադիր իշխանությունը, նրանք հաշվարկեցին և եկան եզրակացության, թե մոտենում է իրենց աստեղային ժամը: 

Արդյունքում ստացվեց հիմարություն, քանի որ վարչապետի հեռավար կառավարման ժամանակը ավելի շուտ ավարտվեց, քան իրենք կարող էին պատկերացնել: Երկրորդ՝ բոլոր այդ ոչ ադեկվատ և վտանգավոր հայտարարություններին տրվեցին խիստ համարժեք պատասխաններ: Նրանց այդ վատ բեմականացված թատրոնն ուղղակի դեռ չծնված մտավ փակուղի: 

– Այսինքն՝ ուզում էին ստեղծված ծանր իրավիճակից օգտվե՞լ:

– Եթե նրանք, ասենք, ցանկանային ապագայի համար դիվիդենդներ շահել, օգտվել և հասարակության մեջ հավելյալ համակրանք, հավելյալ վստահություն վայելել, ապագայում հավելյալ ձայներ ստանալ, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է տրամագծորեն հակառակ վարք դրսևորեին: 

Սակայն մենք դա չտեսանք, հետևաբար, նրանց դա պետք չէր: Նրանց պետք էր ուղղակի երկրում ստեղծել քաոս, պետք էր երկրում ստեղծել անորոշության և տագնապի մթնոլորտ: 

Այսինքն՝ սրանք գործողություններ են ոչ թե իշխանության դեմ, սա գործողություն է պետության դեմ: Եվ այդ մարդիկ արժանացան հասարակության ջախջախիչ մեծամասնության, մեղմ ասած, խիստ բացասական վերաբերմունքին՝ անեծքներով սկսած, հայհոյանքներով վերջացրած և ոչ այնքան փառավոր անցյալը հիշեցնելով: 

– Ինչպե՞ս եք գնահատում մեկ օրում ուժային կառույցներում փոփոխությունները:

– Ինչ վերաբերում է ուժայիններին փոփոխելուն, ես դա տեսնում եմ հետևյալ համատեքստում. այդ ուժերը, բնականաբար, իրենց այդքան ինքնավստահ, այդքան ցինիկ ու լկտի չէին պահի, եթե իշխանության և պետության մեջ բոլոր ինստիտուտները պատշաճ կերպով աշխատեին, այդ թվում՝ նաև այն մարմինները, որոնք ապահովում են օրենքի գերակայությունը և ազգային անվտանգությունը: 

Նիկոլ Փաշինյանն ուղղակի դրանից հետևություններ արեց, որ, փաստորեն, անձինք, որոնք նախ՝ այնքան էլ մոտիվացված չեն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելով, երկրորդ՝ ուղղակի բնավորությամբ այդպիսիք չեն, ռեֆորմատորներ չեն, շնորհակալություն հայտնեց և ճանապարհեց և տեղն ընդունեց ավելի մոտիվացված կադրերի: 

Մենք ականատես եղանք փոփոխությունների, և ես կարծում եմ՝ սա էլ է ինչ-որ տեղ միջանկյալ փոփոխություն՝ որոշ ուժային մարմինների պարագայում: Որովհետև նաև սրան զուգահեռ մեկնարկել է ուժային մարմիններում բարեփոխումների մեծ ծրագիրը: 

Այնպես չէ, որ ամեն ինչ քարացած է, և այսօրվա նշանակումները հավերժ են լինելու: Իհարկե, շատ բան կախված կլինի նաև ապագայում ձևավորվող հանգամանքներից: 

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում, երբ ԱԱԾ տնօրեն է նշանակվում 29-ամյա երիտասարդը: Այդ պաշտոնում նա կկարողանա՞ արդարացնել ակնկալիքները:

– Տարիքը այն միակ «թերությունն» է, որը շատ հեշտ ուղղվում է ժամանակի ընթացքում: Ես որևէ մտահոգություն չունեմ տարիքի հետ կապված, բայց նաև կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ ուղղակի նորանշանակ ղեկավարը ապացուցելու բան ունի հանրությանը: Դե ինչ, հետևենք նրա գործունեությանը և հաջողություններ ցանկանանք: 

– Ինչպե՞ս եք գնահատում, որ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, պահանջում է վարչապետի հրաժարականը: Նա քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել քաղաքական տարբեր ուժերի հետ: Իշխանությունն էլ ասում է, որ Ծառուկյանը հերթական անգամ սխալ հաշվարկներ է կատարել:

– Սա ուղղակի որևէ քաղաքական տրամաբանություն, քաղաքական լրջություն, քաղաքական բովանդակություն չունեցող ինչ-որ կապրիզ է, որն ուղղակի մի կողմից առաջացրեց ցասում, մյուս կողմից՝ ուղղակի արհամարհանք: Բնականաբար, սա ոչ մի ազդեցություն չունի և չի կարող ունենալ դեպքերի հետագա ընթացքի վրա: Նրանք որևէ դեպքում չեն հաջողի:

Մանե Հարությունյան

MediaLab.am