ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը համարում է, որ եկել է ԼՂ-ում տևական խաղաղության հաստատման պահը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ը համարում  է, որ եկել է պահը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում տևական խաղաղության հաստատման համար:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանն ասել է ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի:

«Շնորհակալություն եմ հայտնում դեսպան Կասպրշիկին, դեսպան Պոպովին, դեսպան Վիսկոնտիին, պետքարտուղարի ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին և փոխգնդապետ Մուստաֆարաջին։ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավարին՝ տեղում տիրող իրավիճակի, վերջին զարգացումների և առաջընթացի վերաբերյալ նկատառումների մասին ժամանակին ու օբյեկտիվ թարմացում ներկայացնելու համար»,- նշել է Գիլմորը:

Դեսպանը հավելել է, որ Միացյալ Նահանգներն անկեղծորեն ողջունել է բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերված պայմանավորվածություն մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և կարևորում ենք այսօր ներկայացված հավելյալ տեղեկատվությունը՝ կապված այդ պայմանավորվածության փաստացի իրականացման հետ։ Մենք խրախուսում ենք, որ դուրս մնացած հարցերի լուծման ու հակամարտության տևական խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերն աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ»,- գրել է դեսպանը:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում որևէ ռազմական լուծում այս հակամարտությունը չի կարող ունենալ. վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն և իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։

«Սրանք են սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այս հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։ Չնայած մարտական գործողությունները մեծապես կանգ են առել, սակայն հումանիտար իրավիճակը տեղում մնում է աղետալի։ Միացյալ Նահանգները տեսնում է, որ վրա է հասնում հումանիտար ճգնաժամ։ Հակամարտության գոտում պայմաններն առավել սրվում են կորոնավիրուսի գլոբալ համավարակի հետևանքով, ինչն ակնհայտորեն սրացումներ կունենա, քանի որ առջևում ձմեռ է։ Մենք կողմերին հորդորում ենք սերտորեն աշխատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ պահվող անձանց ու աճյունների վերադարձը կազմակերպելու, ինչպես նաև հոկտեմբերի 29-ին Ժնևում համաձայնեցված մյուս քայլերի շուրջ»,- նշել է Գիլմորը:

Դեսպանը հայտնել է, որ Միացյալ Նահանգները շոշափելի ներդրում է կատարում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և մյուս հասարակական կազմակերպությունների ջանքերին աջակցելու նպատակով հատկացնելով 5 միլիոն ԱՄՆ դոլար:

Ավելին՝ այստեղ