Մեր կողքին ապրող մարդիկ. Արշիան

Արշիա Ֆիրուզը

Իրանցի 24-ամյա կոմպոզիտոր և անգլերենի ուսուցիչ Արշիա Ֆիրուզի հետ հանդիպեցինք երևանյան սրճաններից մեկում՝ մեկ գավաթ տաք սուրճով ջերմացնելու ոչ միայն մեր զրույցը, այլև՝ երևանյան ցուրտ եղանակը, որը դեռ ոչ մի ակնարկ չէր անում տաք գարնան մասին:

Երկար, գանգուր մազերով, սև պիջակը հագին՝ նա բոլորովին նման չէր մինչ այժմ ինձ  հանդիպած պարսիկներին: Մինչ ձայնագրիչիս վրա կարգավորումներ էի անում, Արշիային զանգ եկավ, ինչին ի պատասխան՝ նա այնքան վարժ հայերենով արձագանքեց, որ ես ակամա հարցրի. 

– Արշիա՛, դու հո անցյալ կյանքում սփյուռքահայ չե՞ս եղել: Այս ի՜նչ սիրուն հայերեն է: 

Նա գլխով արեց ու սկսեց ծիծաղել. պարզ էր, որ ես առաջին մարդը չէի, որ նրա հայերենով հիանում էր: 

– Հայաստանում մարդիկ հրճվանքով արձագանքում են երկու երևույթի՝ այն, որ ես սփյուռքահայի պես եմ հայերեն խոսում, և այն, որ կոմպոզիտոր եմ: Բոլորն այնքան հիացած են սկսում ինձ նայել, որ ես, որ Իրանում արժանանում էի քամահրանքի ու հարցական հայացքների իմ մասնագիտության ընտրության հարցում, համոզվում եմ, որ ճիշտ տեղում եմ: 

Երիտասարդը, որ կարելի է ասել փախել է իրանական կյանքից, ցավով է խոսում երկրում տիրող իրավիճակի մասին, երբ յուրաքանչյուր որոշում կայացվում է կրոնի տակ քողարկված հարկադրանքով, երբ որոշում կայացնելու ընտրություն չկա առհասարակ, միայն պարտադրանք: 

– Գիտե՞ս՝ Քերմանշան՝ իմ ծննդավայրը, մեծ քաղաք է (2016 թ. տվյալներով՝ այստեղ ապրում է մեկ միլիոնից ավելի մարդ), բայց այդտեղ դժվարությամբ գտանք մեկ պետական երաժշտական դպրոց:

Դժվար է Հայաստանում ապրելով՝ պատկերացնել անգամ, որ մեր հարևան Իրանում կոմպոզիտոր դառնալ ցանկացող տղային կարող են խեթ նայել, իսկ մեկ միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքում գեթ մի պետական երաժշտական դպրոց ունենալ: 

– Ահա թե ինչու է կրթությունը և սովորեցնելն իմ գաղափարախոսությունը: Ինչո՞ւ եմ հիմա ես անգլերեն սովորեցնում մարդկանց, որովհետև վստահ եմ, որ լեզուն ճանապարհներ է բացում, այն հնարավորություն է տալիս ծանոթանալ աշխարհին, ազգերին, նրանց ժառանգությանը, ճանաչել ինքդ քեզ: Որքան բարձր է կրթության մակարդակը, այնքան դժվար է այդ հասարակության հետ պարտադրանքի լեզվով խոսել: 

Արշիան հիասթափվեց այնքան, որ չորս տարի ջութակ նվագելուց հետո, որ սովորել էր մասնավոր մի հաստատությունում, դադարեցրեց ոչ միայն ջութակի պարապմունքների հաճախել, այլ նաև հրաժարվեց առհասարակ դպրոց գնալուց: 

Ի դեպ, կոմպոզիտոր դառնալու երազանքի հետևից ամիսը երկու անգամ նա Քերմանշայից Թեհրան էր գնում՝ մոտ 500 կմ: Դպրոցում մի այլ խնդիր կար, որ կիրառվում էր նրա հանդեպ: Մայրը բահայի է՝ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ Իրանում: Ըստ գուգլի տվյալների՝ այստեղ ապրում է մոտ 300.000 բահայի, իսկ աշխարհում այս կրոնի հետևորդների թիվը հասնում է 5 միլիոնի: 

– Իմ երկրում որևէ փոքրամասնության մաս կազմելն արդեն իսկ վատ է տվյալ անձի համար: Մի անգամ, երբ դպրոցում ինձ հարցրին՝ ի՞նչ կրոն ունեմ, ես, որ հարգում եմ բոլոր կրոնները, սակայն որևէ դավանանք չունեմ, ասացի, որ ես էլ եմ բահայի: Երեխաներն ինձ հետ չէին ուզում շփվել, ասում էին, որ չդիպչեմ իրենց, ծաղրում էին, որովհետև ես իրենց նման չէի, իսկ Իրանում միատարրությունն ու կրոնի նկատմամբ աներկբա հարգանքն են միայն ընդունելի: Անգամ այն, որ ես ինքս բահայի չեմ, միևնույն է՝ համարվում եմ բահայի կնոջից ծնված: 

Ծնողների հետ խորհրդակցելուց հետո Արշիան հասկացավ, որ չի ուզում ապրել Իրանում և սկսեց այլընտրանք փնտրել իր համար, երբ ընկերներից մեկն ակնարկեց Հայաստանի մասին: 17 տարեկանում Ֆիրդուսու, Շահնամեի, անմահական համեմունքների, անպատմելի հյուրասեր մարդկանց երկրից նա եկավ Հայաստան: 

– Հայերը շատ հյուրասեր են, բայց դա ինձ չի զարմացնում, որովհետև Իրանում գերհյուրասիրություն է: Այստեղ ճաշը սկսվում է մրգերի, աղանդերի մատուցմամբ, ընդ որում, ամեն մեկին հերթով մոտեցնում են սկուտեղն ու ասես քաղաքավարի «պարտադրում» օգտվել: Հետո սկսվում է ճաշը, որին հաջորդում է նորից նույն մրգային ու աղանդերային պտույտը: 

Մինչև Հայաստան տեղափոխվելը Արշիան ուսումնասիրում էր Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի բաժինները, փորձում հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքել: Ընդունվելիս Արշիան գեթ մեկ հայերեն բառ չգիտեր, բայց սովորելն իրեն հեշտ տրվեց: Ի տարբերություն շատ արտասահմանցիների, որոնց համար մեր լեզուն, հատկապես՝ տառերը, իսկական մղձավանջ են դառնում, նա հեշտ յուրացրեց ամեն բան: 

– Քոլեջում չկար կոմպոզիտորական արվեստ բաժին, դրա համար ընտրեցի արվեստի տեսությունը: Հետո ընդունվեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սակայն երկու տարի անց թողեցի ուսումս, որովհետև այլ, ավելի բարձր ակնկալիքներ ունեի, որոնք չարդարացվեցին՝ չնայած այդտեղ ծանոթացել եմ անհատների հետ, որոնց տված գիտելիքներն ու հմտություններն անգնահատելի են ինձ համար: 

Կրթական համակարգում ունեցած խնդիրներն են, որ երբեմն հուսահատեցնում են, քանի որ երբ տեսնում է, թե ինչ հարուստ մշակութային ժառանգություն ունի Հայաստանը, բայց թե որքան տեխնիկական խնդիրներ են խոչընդոտում, որ երաժշտական քոլեջներն ու տարբեր հաստատություններն ավելի որակյալ կրթություն տան, նեղսրտում է: 

– Ո՞վ է քո սիրած հայ երաժիշտը,- հարցնում եմ: 

– Կոմիտասը, նրա երաժշտությունը բնութագրելիս դժվար է ճիշտ բառեր ընտրել: 

Երբ Հայաստան եկավ, մարդիկ նրա երկար մազերին երկար էին նայում, բայց հիմա՝ այստեղ հաստատվելուց հետո ընդամենը վեց տարի անց, վստահ կարող է ասել, որ ահագին բան է փոխվել. տարբերվող մարդիկ են շատացել Հայաստանում: 

Մի բան էլ կա, որ կուզենար փոխել այստեղ և աշխարհի բոլոր երկրներում՝ կենցաղում առկա մշակութային կարծրատիպերը, որ հաճախ անհիմն են, բայց համառորեն շարունակում են գոյություն ունենալ: 

Օրինակ՝ ինքը հաճախ է հարց տալիս՝ ինչո՞ւ տղամարդիկ կարող են ծխել, իսկ կանանց դեպքում դա ցանկալի չէ կամ պարսավանքի է արժանանում, ինչո՞ւ պիտի տղամարդիկ կարճ մազեր ունենան: Տաբուացված երևույթները, որ մարդկային հատկանիշների հետ որևէ կապ չունեն, խնդիրներ են առաջացնում: 

Մեր երկրում առաջին բանը, որ զարմացրեց նրան, դաշնամուրի գներն էին՝ շատ մատչելի: Բայց մի բան, որ հիացրեց նրան ամենից շատ, Հայաստանի երաժշտությունն էր: 

– Ես կընտրեի Հայաստանը նորից, եթե հետ գնայի ու լինեի 17 տարեկան: Սա երաժշտության երկիր է ու իմ ամենամեծ մոտիվը ընտրելու որպես իմ ապրելու, արարելու վայր: Երբ Հայաստանում ասում ես՝ բժիշկ եմ, բոլորը հարգանքով են մոտենում, բայց երբ ասում ես՝ կոմպոզիտոր եմ, մարդիկ ասում են՝ վաո՜ւ: 

Հայաստանում խտրականության չի ենթարկվում, այնպես որ, արական սեռի ներկայացուցչի երկար մազերի նկատմամբ հետաքրքրությունը հայացքների փոխանակման մակարդակում էլ մնում է: Այստեղ ինքը տանն է՝ առանց վարանելու է պատասխանում հարցիս: Իր ընկերների մեծ մասը հայեր են, որոնք հաճախ են գնում իր տուն: Ծնողները, որ մի քանի անգամ եկել են Հայաստան տղային տեսնելու, սիրում են այս երկիրը, իսկ ինքը սիրում է, երբ մայրը սկսում է իր մանկության համեղ ուտեստները պատրաստել, որոնք թեև կալորիաների մեծ չափաբաժին ունեն, բայց անչափ համեղ են: 

Արշիան ասում է, որ պարսկական և հայկական խոհանոցը նմանություններ ունի, պարզապես ուտեստների անուններն են տարբեր ու կալորիաների քանակը: Իրենց խոհանոցում շատ են օգտագործում բրինձ, դե իսկ քաղցրավենիքների ու դրանց մեջ օգտագործվող հատընտիր համեմունքների փունջը հաստատ կարող է զարմացնել բոլորին: 

– Հայաստանում ապրելու մարտահրավերներից մեկը ֆինանսական կողմն է, որ, կարծում եմ՝ շատերն են ունենում օտար երկրում: Հայրս ֆինանսապես օգնում է ինձ, սակայն իմ երկրում տնտեսությունը փակուղու մեջ է մի տեսակ, ու ես չեմ կարող անդադար օգնություն ակնկալել: Դրա համար սկսեցի անգլերեն դասավանդել ու հիմա շատ ուսանողներ ունեմ: Մինչ այդ լոգիստական ընկերությունում էի աշխատում, հետո սկսեցի մի դպրոցում 7 ամիս անգլերեն դասավանդել: Սա իմ ամենաֆանտաստիկ փորձերից մեկն է եղել,պարզապես հիմա ես ինքս անհատական պարապում եմ, դրա համար թույլ տուր չնշել անունը: 

Արիշայի համար օրինապահ լինելը առաջնահերթություն է, դրա համար էլ գրանցվել է որպես անհատ ձեռներեց, հաշվապահ ունի, որ ֆինանսական հարցերն է կարգավորում. մի խոսքով, ամեն բան՝ օրենքով: 

Արշիան հպարտ է, որ Իրանից է, հպարտ է այն երիտասարդներով, որոնք հիմա պայքարում են ավելի լավ երկիր ունենալու համար, որոնք գիտակցում են, որ ազատությունը, մարդու իրավունքը կրոնին ստորադասելը խարխլում է հիմքեր տարբեր ոլորտներում, զրկում է մարդկանց երազանքներից: Իսկ այստեղ նա կարողանում է երազել՝ եզակի ճոխության հնարավորություն, որ չկար Իրանում: 

– Կա՞ հայերեն երգ, որ հաճախ ես լսում: 

– Օրիմ-օրիմ,- երգում է Արշիան՝ բյուրեղի պես մաքուր, այնքա՜ն թովիչ, որ միայն անգլերենի անցնելուց հետո եմ հետ գալիս իրականություն ու հասկանում, որ իմ առջև հայ չէ նստած, այլ մարդ, որ կարողացել է ճանաչել այս երկիրն ու սիրել: Հերթական պատումն ավարտելիս նորից եմ հասկանում , որ հարցը, թե ի՞նչ են կորցրել արտասահմանցիները մեր երկրում, շատ խղճուկ է հնչում: Հայաստանում չեն կորցնում. այստեղ գտնում են: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարը՝ Սոֆի Խաչատրյան

MediaLab.am