Այսօր բազմաթիվ Սաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածալ ռազմական գործողությունների համատեքստում հիշեցրել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը` ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը խոսել է  «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:

«ՄԻԵԴ-ն ունի կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ որոշումներ` Ադրբեջանի դեմ: Եկեք դիտարկենք Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքը, որը հայ սպայի հետ միասին մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հայ սպան Սաֆարովի կողմից սպանվեց կացնով` քնած ժամանակ: Ադրբեջանը երկար տարիներ իրականացնում է հակահայկական քարոզչություն և այդ դեպքը դրա հետևանքներից մեկն է: Այն տեղի է ունեցել Հունգարիայիում: Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման: Բանտում 8 տարի անցկացնելուց հետո Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ Ալիևը նրան ազատ արձակելու որոշում ընդունեց և համազգային փառաբանության գործընթաց սկսեց: Այս մեկ դրվագը նկարագրում է Ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Այսօրվա իրադարձությունների կոնտեքստը կարող է բացատրվել սրանով: Այսօր բազմաթիվ Ռամիլ Սաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա»,- նշել է Փաշինյանը:

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել: