«Իշխանությունը արել է իր մաքսիմումը, լավ արդյունքներ է ունեցել խաղաղ պայմաններում, ապա՝ COVID, պատերազմ…». Արթուր Մանուկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը

– Պարո՛ն Մանուկյան, երեկ հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ իրավիճակը կարող է բերել նրան, որ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ «Այստեղ գոնե մոտ 5 հազար երիտասարդներ կան, որ հիասթափվում են, ասում են՝ գնանք ջարդենք, էս շենքը, այն շենքը վերցնենք: Սպասե՛ք, ձեր կարիքը կարող է գալ: Բայց ավելի լավ կլինի, որ ձեր կարիքը չգա»: Փաստացի բռնության կոչեր են հնչում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել։

– Բռնության կոչերը նոր չեն հնչում, հնչում են վաղուց, և սա մտահոգիչ է, հատկապես որ, մեր պետությունն անընդհատ ենթարկվել է այդ բռնություններին՝ հոկտեմբերի 27, մարտի 1, որի կազմակերպիչները հիմա որպես ընդդիմություն են հանդես գալիս։ 

Սա շատ մտահոգիչ է, և կարծում եմ, որ սա ամենամեծ պրոբլեմը չէ, և սա միայն Հայաստանի պրոբլեմը չէ։ Բռնության կոչերին պետք է անդրադառնան նաև միջազգային կառույցները, դեսպանները և այլն։ Սա անթույլատրելի է, հորդա են սարքել, սա հարձակում է։

– Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է 2021 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցը, որում Հայաստանը 100-ից ստացել է 55 միավոր և դասված է մասնակի ազատ երկրների շարքը, անդրադարձ կա Հայաստանում պատերազմից հետո անկարգություններին ու ժողովրդավարության մակարդակին։ 

– Իհարկե, բռնությունն էլ ինչպե՞ս է լինում, եթե սա բռնություն չէ, ես չգիտեմ՝ ո՛րն է բռնությունը: Եթե բռնության կոչ չի դիտարկվում, որ 5000 երիտասարդներ կան, որ էլ չեն դիմանում, ուզում են ջարդեն, փշրեն, և նրանց ասում են՝ սպասե՛ք, ձեր ժամանակն էլ կգա, ես չեմ հասկանում՝ էլ ինչպե՛ս կարելի է մեկնաբանել սա այլ կերպ, եթե ոչ բռնության կոչ։

– Արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ. ի՞նչ եք կարծում՝ համախմբում հնարավո՞ր է, երբ Բաղրամյան պողոտայում հավաքված ուժերը չեն ընդունում այդ առաջարկը։ Արդյոք իրավիճակը պայթյունավտա՞նգ չի դառնում։

– Ճիշտն ասած, ես լավ չեմ կարողանում գնահատել պայթյունավտանգության աստիճանը, բայց ցանկացած մարդ, որը արտահերթ ընտրության առաջարկը մերժում է, նշանակում է՝ նա այլ նպատակներ ունի, որովհետև գոյություն ունի Սահմանադրություն, որում տառացիորեն նշված է, որ ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ընտրությունների միջոցով, այլ միջոց Սահմանադրությունը չի նախատեսում։ 

Ցանկացած այլ միջոցով եկած իշխանությունը նշանակում է իշխանության ուզուրպացիա, ինչը դատապարտելի է և պետք է դատապարտվի բոլոր միջոցներով։ 

Այսինքն՝ նրանց վերաբերմունքը նոր չի ձևավորվել, միշտ էլ ընտրությունները չեն ընկալվել նրանց կողմից, որ մարդը պետք է իր ընտրությունը, իր կամարտահայտությունը անի, ինչը փաստում են անցած տարիների բոլոր ընտրությունները, բացի 2018-ի ընտրություններից, որոնցում ժողովուրդը բացառիկ ազատ և անկախ կամարտահայտություն է ունեցել։ 

Նրանք, որոնք կազմակերպել են նախորդ ընտրությունները, որևէ վստահություն հանրության շրջանում չունեն։ 

– Կարծո՞ւմ եք՝ արտահերթ ընտրությունները կհանգուցալուծե՞ն իրավիճակը։ Ի վերջո, ատելության մթնոլորտը ինչպե՞ս փոխել։

– Ատելության մթնոլորտում չի կարելի շարունակել, անհրաժեշտ է ռեստարտ անել։ Ես դա մերոնց էլ եմ ասել։ Եվ ես չգիտեմ՝ որքանով կհանգուցալուծվի, բայց իմ հույսն այն է, որ կգան նոր ուժեր, նոր մարդիկ, որոնք օգտակար կլինեն Հայաստանի Հանրապետությանը և նրա դեմոկրատական սկզբունքներին։ 

Որովհետև, որքան հասկանում ենք, դեմոկրատիան բոլորի գործն է, մեկ հոգու գործ չէ, և Հայաստանը չի կարող դեմոկրատիա հաստատել միայն «Իմ քայլը» խմբակցությամբ։ 

– Ի վերջո, իշխանությունը երեք տարի ինչո՞վ էր զբաղված։ Կարո՞ղ էր անել այս իրավիճակը մեղմող քայլեր։

– Ես անկեղծ կարող եմ ասել, որ այսօր իշխանությունը արել է իր մաքսիմումը, լավ արդյունքներ է ունեցել խաղաղ պայմաններում, ապա՝ COVID, պատերազմ, որոնք իրենցը թելադրեցին։ Սա խնդիր է, որ մենք չկարողացանք հաղթահարել միայնակ, և մեր չկարողանալը չեմ գնահատում որպես թուլություն։ 

Ցանկացած պետություն միայն կորոնավիրուսի պայմաններում լուրջ խնդիրների առաջ կանգնեց, իսկ եթե դրան գումարվում է պատերազմը․․․ 

Ժողովուրդն այս պահին բոլոր առողջ ուժերի կարիքն ունի, որովհետև այն, ինչ վերաբերում է Հայաստանի ներսում առաջացած խնդիրներին, մենք 2019-ին լավ ցուցանիշներ ունեինք, բայց, ցավոք սրտի, մեր ուժերից վեր, անհաղթահարելի հանգամանքներ ի հայտ եկան։ 

Եվ հիմա բոլոր առողջ ուժերի համախմբման կարիքն ունենք, և ես չեմ ուզում թաքցնել, չեմ ուզում ձև տալ, թե մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք այս խնդիրները միայնակ լուծել։

– Քանի որ դուք աշխատել և շփվել եք շատ ռեժիսորների, դերասանների և երգիչների հետ, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք գնահատում նրանց քայլը, գալիս են Բաղրամյան, երգում, ելույթներ ունենում։ Նախկինում նրանք միշտ իշխանությանն էին սատարում, երգում նրանց համար քարոզարշավներին։

– Նախկինում իշխանությանը չէին սատարում, սատարում էին Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, և հիմա էլ նույնն են անում, նրանց վարքագծում ոչինչ չի փոխվել:

Ինչպես սատարել են, ինչպես եկել սատարել են Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, նույնն անում են հիմա, նրանց ոչինչ չի փոխվել։ Քանի որ Հայաստանում իշխանություն չի եղել, եղել են անհատներ, եղել է Սերժ Սարգսյան կամ Ռոբերտ Քոչարյան, հիմա էլ սատարում են նրանց, սիրում են երևի միակ տղամարդուն։

Մանե Հարությունյան

MediaLab.am