«Էս էլ երկրորդ անգամ ենք փախնում, գնալու տեղ չունենք, եթե հանեն, չգիտեմ՝ ինչ ենք անելու»․ Քարվաճառից Ավետիսյանները սպասում են պետության աջակցությանը

«Էս էլ երկրորդ անգամ ենք փախնում. Շահումյանի շրջանից 1992 թվին մի անգամ փախել ենք, եկել ենք Փարպի, հետո Քելբաջար ամուսնացա, 11 տարի ապրեցինք, նորից թողեցինք, փախանք»,- ասում է 35-ամյա Լեռնուհի Գրիգորյանը, որն ընտանիքի հետ Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվել և ժամանակավորապես ապաստան է գտել Հայաստանի Արագածոտնի մարզի Փարպի գյուղի նախկին գյուղապետարանի շենքում։

«Չգիտեմ՝ մենք ստեղ ինչքան կապրենք, ես գյուղապետին խնդրեցի, ասեցի՝ ժամանակավոր մնամ, էս երեխեքի հետ ո՞ւր գնամ»,- մտահոգ նշում է Գրիգորյանը, այնուհետև հավելում, որ Արցախ տեղափոխվելու առաջարկներ, ճիշտ է՝ արվում են, բայց չեն ցանկանում կրկին ռիսկի դիմել:

«Արդեն վախենում ենք, շատ վտանգավոր ա, ճիշտ ա, ասում են՝ ռուսի խաղաղապահը կանգնած ա, բայց իրանք ո՞ր մեկին հետևեն: Մենք տեղյակ ենք լինում, ոչ մի կանոն չկա, ով ինչ ուզում՝ անում ա։ Որ իմանանք ապահով ա, կգնանք, բայց գիտենք՝ ապահով չի, ռիսկի բան ա»,- ընդգծում է Լեռնուհին:

Նա պատմում է, որ տնից դուրս են եկել պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Երբ իմացել են, որ արդեն հողը, տունը անցնում են հակառակորդի վերահսկողության տակ, ամեն ինչ այրել են:

«Մենք որ փախել, եկել ենք, տները մնացել են անտեր, ամուսինս վերջում էլ պաժառ ա տվել, դուրս ա եկել: Քելբաջարի ժողովուրդը բոլորն էլ տները այրել են, ոնց որ ասած՝ թուրքերը թող չվայելեն»,- պատմում է կինը:

Լեռնուհու ամուսինը՝ 33-ամյա Ալեքսեյ Ավետիսյանը, մինչև նոյեմբերի 27-ը սնունդ է հասցրել դիրքեր, ներգրավվել է նաև դիակների տարհանման աշխատանքներում։

Պատերազմից հետո Ավետիսյանների ընտանիքը, ամեն ինչ կորցրած, չգիտի՝ ինչպիսին է լինելու վաղվա օրը, ինչ է սպասում իրենց:

«Աստծուն փառք, էստեղ վարձ չենք տալիս, բայց, դե, լույսը մենք ենք մուծում: Պետությունը մի ժամանակ ասեց՝ կոմունալները մուծում են, բայց տենց բան չկա: Ես 3-րդ կարգի հաշմանդամություն ունեմ, ամուսինս էլ աչքի խնդիր ունի, թոշակ ենք ստանում, դրանով յոլա ենք գնում, կումունալ վճարում, էդ 300 հազարը ստացել ենք, պահում ենք, տեսնենք՝ ինչ կլինի։

Աշտարակում պարի դպրոց ա բացվել, ես շնորհակալ եմ, իմ երեխեքին անվճար ընդունել են: Մեկը լավ պարում ա, մյուսը՝ նկարում, ավտոբուսի վճարն ենք տալիս, հագուստի հարցը լուծում, բայց էլի ուրախ եմ, որ երեխեքը էդ գծով մի քիչ առաջ գնան, մի քիչ պակաս ուտենք, բայց ստեղ լինենք, որովհետև Ղարաբաղում շատ վտանգավոր ա»,- ասում է Լեռնուհին։

Հիշելով տեղահանման օրը՝ ասում է, որ չի ցանկանա որևէ մեկը նման իրավիճակում հայտնվի և այն ապրումներն ունենա, ինչ իրենք իրենց տներից տեղահանվելիս:

«Էդ օրը որ փախել ենք, 30 հոգով լցվել ենք «ՈՒԱԶ»-ի մեջ, իմ ամուսինն ա հանել ամբողջ գյուղին, էդ մի ահավոր պատմություն ա, թող ոչ մեկը դա չզգա, երեխեքի լացն ու կոծը… Մեքենան գնում ա, էդ պահին մտածում ես, որ անօդաչուն կարող ա խփի… Մի ահավոր վիճակ էր, անպատկերացնելի»,- հուզմունքով վերհիշում է կինը:

Լեռնուհին ասում է, թե հույս ունեն, որ որոշ ժամանակ կթույլատրվի իրենց ընտանիքին ապրել գյուղապետարանի հին շենքում, մինչև տեսնեն պետությունն ինչպես է իրենց տարածքի հարցը հոգալու:

«Մենք գնալու տեղ չունենք, եթե հանեն, չգիտեմ՝ ինչ ենք անելու։ Տեսնենք, մնանք, մինչև պետությունը մեզ օգնի։ Հիմա ես չգիտեմ, որ գոնե մի 2 տարի մնանք, ճիշտ ա, պայման չկա, ահավոր պայման ա, բայց յոլա ենք գնում, մինչև տեսնենք պետությունն ինչ ա մտածում»,- ասում է Գրիգորյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am