Հրայր Մանուկյանի հանդեպ ՀՀ ԱԱԾ ապօրինի գործողությունների վերաբերյալ. ԱլԳ ՀԱՊ Հայտարարություն

Հրայր Մանուկյանի հանդեպ ՀՀ ԱԱԾ ապօրինի գործողությունների վերաբերյալ. ԱլԳ ՀԱՊ Հայտարարություն
Հրայր Մանուկյանի հանդեպ ՀՀ ԱԱԾ ապօրինի գործողությունների վերաբերյալ. ԱլԳ ՀԱՊ Հայտարարություն

Օրերս մամուլում հրապարակվեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՀԱՊ) պատվիրակների ժողովի անդամ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության համակարգող Հրայր Մանուկյանի հանդեպ սույն թվականի հունիսի 30-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի կողմից` հավաքագրման փորձի ընթացքում կատարվել են ապօրինի գործողություններ: Մասնավորապես,  հնչել են սպառնալիքներ Հրայրի, նրա համախոհների եւ ընտանիքի անդամների հասցեին: Այդ սպառնալիքները հնչեցվել են ի պատասխան այն բանի, որ նա ընդամենը հրաժարվել է համագործակցել այդ մարմնի հետ, ինչը հանդիսանում  է իր սահմանադրական իրավունքը: Հրայրն, ի դեպ, նաեւ AraratNews կայքի լրագրող է, իսկ վերջերս ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:

Այս ապօրինության կապակցությամբ Հրայր Մանուկյանը պաշտոնապես դիմել է ՀՀ դատախազություն եւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Ավելորդ չէ հիշեցնել ՀՀ ԱԱԾ-ին եւ պետական պատկան մյուս մարմիններին, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ պետությունն ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության եւ օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք (ՀՀ Սահմանադրություն, հոդված 3): Բացի այդ, հանրային ծառայության ընդունվելը անձի իրավունքն է, որն իր հերթին կազմում է մարդու անձնական կյանքը: Պետության կողմից յուրաքանչյուր միջամտություն մարդու անձնական կյանքին եւ կարծիքի արտահայտման ազատությանը, եթե դա դուրս է միջազգային նորմերով սահմանված համաչափության դաշտից, պետք է դատապարտվի:

Պետությունը միջազգային նորմերին համապատասխան կրում է պարտավորություններ ոչ միայն չխախտելու մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այլեւ թույլ չտալու դրանց խախտումը այլ անձանց կողմից, այդ թվում պաշտոնատար կամ մասնավոր անձանց: Վերջապես, Հայաստանի ազգային անվտանգության մարմինները կոչված են պաշտպանել եւ ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու շահերը, այլ ոչ թե սպառնալիք հանդիսանալ դրանց համար: Պետական մարմինները պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե անմտորեն կատարեն իշխանության մեջ գտնվող մի խումբ մարդկանց կամ մեկ մարդու քաղաքական պատվերները: Անվտանգության ծառայություններում անհատ քաղաքացիներին հավաքագրելը՝ լրտեսելու սեփական քաղաքացիներին, տոտալիտար համակարգի եւ ոստիկանական պետության առավել  բնորոշ առանձնահատկություններից են: Հայաստանը  նման  պետության վերածելը արդյունք է իշխանության զավթման:  

Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ՀՀ ԱԱԾ-ի ապօրինի գործողությունները Հրայր Մանուկյանի հանդեպ եւ պահանջում է ՀՀ պատկան մարմիններից.

-բացահայտել ապօրինություն կատարած ՀՀ ԱԱԾ աշխատակցին ու այդ գործողությունը նրան հանձնարարած վերադաս անձանց եւ պատասխանատվության ենթարկել նրանց օրենքի ողջ խստությամբ.

– միջոցներ ձեռնարկել Հրայր Մանուկյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ.

-վերացնել այսուհետ ՀՀ ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից մարդկանց ստիպողաբար հանրային ծառայության հավաքագրման առկա արատավոր գործելաոճը:

18 հուլիսի,  2014թ., Երեւան

ԵՄ Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմ

Լուսանկարում` Հրայր Մանուկյանը