ՔՊ-ն Վեդու ավագանիում ընդդիմությանը զրկել է լիազորություններից. ըստ փորձագետի՝ այդ որոշումը քաղաքական վտանգ է ստեղծում

Իրավապաշտպան Անտոն Իվչենկոն, որը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդներից է, սխալ է համարում այն, որ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանին այսօր, ըստ էության, չունի ընդդիմադիր անդամներ:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը բացակայությունների համար թույլ է տալիս դադարեցնել ավագանու անդամների լիազորությունները, բայց թույլ տալը պարտավորեցնող չէ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Իվչենկոն:

Նկատենք՝ այսօր Վեդի խոշորացված համայնքի ավագանին ընդդիմադիր անդամներ չունի: Բանն այն է, որ համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը երեկ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Վեդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստին ներկա 14 անդամներ միաձայն որոշում են կայացրել վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության 11 անդամների լիազորությունները:

Այս որոշման համար հիմք է հանդիսացել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասը և Վեդի համայնքի ավագանու հոկտեմբերի 4-ի և 21-ի համապատասխան որոշումները։

Ըստ նշված օրենքի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

«Միավորված համայնքներում ավագանու ինստիտուտը պետք է կայանա՝ երբեմն նույնիսկ նման որոշումներ ընդունելու միջոցով»,- իր հայտարարության մեջ նշել է խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

Վերջինը, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ թիմակիցներից է, 2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվել էր Արարատի մարզպետ և հանրահռչակվել էր մարզում կոկորդիլոս բուծելու ծրագրով: Այնուհետև Սարգսյանը տեղափոխվել էր կառավարություն՝ նշանակվելով ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնին, սակայն այստեղ կարճատև պաշտոնավարելուց հետո Փաշինյանը նրան գործուղել է հարազատ մարզ և նշանակել Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Սարգսյանի մասնակցությամբ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունից հետո ՔՊ-ն պարտվել էր Վեդիում, և համայնքում տարբեր պատճառներով չէր հաջողվել իշխանություն ձևավորել: Արդյունքում՝ այս տարի մարտին ՏԻՄ նոր ընտրություններ տեղի ունեցան, որի արդյունքներով համայնքի ավագանին կազմվեց երկու խմբակցությունից՝ «Քաղաքացիական պայմանագիր» (13139 ձայն) և «Իմ հզոր համայնք» (9694 ձայն):

Անտոն Իվչենկոն չի հիշում նախադեպ, երբ համայնքի ավագանիում իշխող խմբակցությունը որոշում կայացնի դադարեցնել ընդդիմադիր անդամների լիազորությունները: «Եթե կհիշեք՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները ևս երկար ժամանակ չէին ներկայանում ավագանու նիստերին՝ քաղաքական բոյկոտ հայտարարելով, բայց իշխող ուժը (ՀՀԿ-ն – հեղ.) չդադարեցրեց ընդդիմադիրների լիազորությունները»,- հիշում է Իվչենկոն:

Այս պարագայում խնդիրը, ըստ փորձագետի, ՏԻՄ օրենսդրությունն է, որով, ըստ էության, մեծամասնության հայեցողությանն է թողնված ամբողջ ընդդիմադիր խմբակցությանն ավագանուց հանելու հարցը:

«Օրենսդրությամբ մեծամասնությանը հայեցողականություն տրամադրելը բավականին խնդրահարույց է, ինչպե՞ս տարբերակել հարգելի բացակայությունը անհարգելի բացակայությունից: Հայեցողական մոտեցում է գործում, և ես չեմ հիշում նման դեպք համամասնական ավագանիներում, երբ ավագանու մեծամասնությունը քվեարկությամբ դադարեցնի փոքրամասնության լիազորությունները: Այս հանգամանքը քաղաքական վտանգ է ստեղծում»,- նշում է Անտոն Իվչենկոն:

Նա ասում է՝ ըստ օրենքի, ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելով, միևնույն է, մանդատները մնում են տվյալ խմբակցությանը: «Դեռ հայտնի չէ՝ այդ խմբակցության մյուս անդամները կվերցնե՞ն մանդատները, թե՞ ոչ»,- նշում է փորձագետը:

«Իմ հզոր համայնք» կուսակցության նախագահ Սպարտակ Թարթիկյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Հայտնի է, որ նա 13 տարի ղեկավարել է Արարատի մարզի Սիսավան համայնքը: Այս կուսակցությունը, որը ստեղծվել էր նախորդ տարվա սկզբին, կապվում է Հանրապետական կուսակցության հետ, քանի որ դրա ներկայացուցիչները ՀՀԿ-ամերձ շրջանակներից են եղել:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am