Ընդդիմությունը սխալ քաղաքական մարտավարություն է որդեգրել․ Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

– Պարո՛ն Քեռյան, Հայաստանում ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը, այսօր բողոքի ակցիա էր Սյունիքի ճանապարհին, համայնքների ղեկավարները նույնպես պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ վարչապետը հրաժարական չի տալիս։

– Այդ հարցին հստակ կարող է պատասխան տալ հարցի հասցեատերը։ Ես կարող եմ ենթադրություններ անել, օրինակ՝ ենթադրում եմ՝ ինքը բարձր աստիճանի ճնշման չի ենթարկվում, ներքին, արտաքին ճնշման մասին է խոսքը, որպեսզի հրաժարական տա։

Ավելի քան պարզ է՝ եթե նա տեսնի, որ ճնշումը մեծ է, ու ինքն այլևս չի կարող մնալ, բնականաբար, հրաժարական կտա։ Ենթադրում եմ նաև, որ ինքը համարում է՝ կան բավարար հիմքեր, որ մնա այդ պաշտոնին։ 

– Դուք տեսնո՞ւմ եք այդ համաժողովրդական պահանջը, որի մասին խոսում է ընդդիմությունը հրապարակի հարթակից։

– Ճիշտն ասած՝ նման եզրահանգման գալու համար կա երկու ճանապարհ՝ սոցիոլոգիական հարցումների զանգվածային անցկացումը, որպեսզի պարզվի՝ ինչ մակարդակի է հասել հանրային պահանջը, և իշխանությունների հանդեպ վստահության հանրաքվե։ 

Սոցիոլոգիական այդպիսի լայն զանգվածներ ընդգրկող հարցումներ չեն անցկացվում, ոչ էլ հնարավոր են, որովհետև Հայաստանում շատ անկայուն իրավիճակ է, մարդիկ էմոցիաների տակ են, բևեռներում են կուտակված։ 

Այս երկու ձևով կարելի է որոշել՝ կա՞ իշխանություններին հեռացնելու հանրային պահանջ, թե՞ոչ, և հիմա ինչ կարծիք էլ հայտնենք, կողմերը պետք է ժխտեն։ 

Բայց, իմ կարծիքով՝ ամենաճիշտը արագացված տեմպերով խորհրդարանական ընտրությունների գնալն է։ Գուցե իշխանությունն ու ընդդիմությունը հանդիպեն և կլոր սեղանի շուրջ քննարկումներ անեն։ 

Ով գնա-ով մնա հարցի շուրջ միակ տարբերակը պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունների տարբերակը մերժվում է, իսկ սոցիոլոգիական հարցումներ անցկացնելու հարցում մենք պրոֆեսիոնալներ չենք, ապա մյուս տարբերակը մնում է վստահության հանրաքվեն։

– Բայց մենք տեսնում ենք, որ ընդդիմության պահանջների մեջ մեկ տարի շուտ կամ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին կետ չկա։ Դա ինչպե՞ս հասկանալ։

– Ես դա համարում եմ սխալ քաղաքական մարտավարություն։ Իհարկե ընդդիմության նպատակը հասկանալի է, դա իշխանափոխությունն է, դա պարզ է։ Բայց իշխանափոխության տարբեր ուղիներ կան, կարող էր լինել վարչապետի հրաժարականը, Ազգային ժողովի ցրումը, նոր ընտրությունների կազմակերպումը։ 

Կարող էր լինել պարզապես վարչապետի անձի փոփոխությունը՝ Ազգային ժողովի կազմի պահպանմամբ, մինչև նոր ընտրություններ, ինչպես եղավ 2018-ի հեղափոխությունից հետո, երբ գործադիրն անցավ ընդդիմությանը, իսկ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերին։ 

Այդ նույն սցենարը կարելի է կրկնել։ Կարելի է պարզապես նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և վերջացնել գնա։ 

Այն, որ ընդդիմությունը միայն վարչապետի անձի փոփոխության վրա է կենտրոնացել, ես սա ո՛չ մարտավարական, ո՛չ ռազմավարական առումով ճիշտ չեմ գնահատում։ Վարչապետի հրաժարականից բացի, պետք է դնել նաև արտահերթ ընտրությունների հարցը։

– Իշխանությունից հնչում են հայտարարություններ, որ ընդդիմությունը ընտրություններ կեղծելու հին մեթոդների իրականացման շանս կարող է ստանալ մեկ տարի կառավարման ընթացքում։ Ըստ ձեզ՝ արդարացվա՞ծ են նման հայտարարությունները։

– Եթե տեսականորեն նայենք, նույն մեղադրանքը կարող է և՛ ընդդիմությունը ներկայացնել իշխանությանը, և՛ իշխանությունը կարող է ներկայացնել ընդդիմությանը։ Երկու դեպքում էլ կարող են մեկը մյուսին մեղադրել։ Դա, իհարկե, նրանց իրավունքն է։

Բայց այսօր պնդել, թե մեկը կամ մյուսը դա չի անի, սխալ է, որովհետև ընտրակեղծիքների շատ հին ու բարի ավանդույթ կա Հայաստանում։ Շատ հնարավոր է, որ կիրառվեն ընտրակեղծիքներ։

Գուցե նման մեղադրանքների համար կա ռացիոնալ հատիկ, որովհետև Հայաստանը այդպիսի ավանդույթներ ունեցել է։

Ընտրությունների անցկացման մշակույթը Հայաստանում զարգացած չէ, այնպես որ, գործադիր իշխանությունը Հայաստանի անկախության շրջանում միշտ գերակայել է օրենսդիր և դատական իշխանությունների նկատմամբ։

Հասկանալով այդ հանգամանքը, որ գործադիր իշխանությունը ընտրությունների անցկացման ժամանակ կարող է օգտագործել իր ռեսուրսները ուժերի հարաբերակցությունը փոխելու համար, բնականաբար հասկանալի է, որ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը ընտրությունները ուզում են անցկացնել այնպիսի ձևաչափով, երբ գործադիր իշխանությունը իրենց ձեռքին կլինի։

Ահա այս է ամբողջ մեխը, որ ներկայումս ընդդիմություն-իշխանություն պայքարի կենտրոնում դրված է իշխանափոխության խնդիրը, բայց դրան հասնելու մեթոդներն են տարբեր։ Պայքարի հիմնական հիմնական մեխը կառավարության ղեկավարի անձն է։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am