«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Միասին» շարժման անդամ Նարինե Դիլբարյանը
– Տիկի՛ն Դիլբարյան, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ուղերձն ինչպե՞ս եք գնահատում:
– Այդ ուղերձը, վերջին շրջանի համատեքստում, ոչ մի զարմանալի միտք չէր պարունակում, այսինքն՝ օրինաչափ զարգացումն էր մինչ այս նախընտրական ողջ շրջանում հնչող բոլոր պատումների, բայց, իրականում, այն պարունակում է, ընդ որում՝ ոչ միայն հայկական ինքնության, այլ նաև համաշխարհային առումով չափազանց վտանգավոր շեշտադրումներ, ինչպիսիք՝ ամեն կերպ հերքել, փորձել արդարացնել ցեղասպանին, ցեղասպանությունը չորակել «ցեղասպանություն» բառով, այն փոխարինել «Մեծ Եղեռն» արտահայտությամբ ու գտնել ինչ-որ բացատրություններ, թե ինչ պատճառով է կատարվել այդ եղեռնը, սովն ու տեղահանությունը:
Շեշտադրենք, որ այսօր էլ՝ 21-րդ դարի առաջին քառորդը թեև լրացել է, բայց աշխարհում տեղի են ունենում նոր ցեղասպանություններ, մենք տեսնում ենք Գազայի հովտում Իսրայելի կողմից պաղեստինցիների հանդեպ ցեղասպանական այդ զարհուրելի գործողությունները, որոնք կարծես մեզ վերադարձնում են նախորդ դարասկիզբ ու զրկում են պաղեստինցիներին ապրել իրենց հողում, ինչպես նախորդ դարասկզբին թուրքերը զրկում էին հայերին իրենց հողերում որպես հայ, որպես քրիստոնյա, որպես մարդ ու քաղաքացի ապրելու իրավունքից:
Եվ ահա, եկել է մի զարհուրելի ժամանակաշրջան, երբ մենք պայքարում էինք, որպեսզի խոշոր գերտերությունների առաջնորդները, հատկապես Նահանգների պես խոշոր գերտերության ղեկավարները, «Մեծ եղեռն» բառը չարտաբերեն, այլ խոսեն «ցեղասպանություն» եզրույթով, և մենք հասանք դրան Բայդենի նախագահության օրոք, ու հիմա, փաստորեն, պետք է պայքարել այն բանի համար, որ Հայաստանի վարչապետ լինի այնպիսի անձ, որը ցեղասպանությունը կորակի որպես ցեղասպանություն ու կնշի, որ ցեղասպանության նպատակն ու պատճառները հետևյալն են. տվյալ բնիկ ժողովրդին ոչնչացնել միայն իր ազգային պատկանելիության համար, որպեսզի տիրանաս նրա հողին, նյութական ու հոգևոր ունեցվածքին: Սա ցեղասպանության դասական սահմանումն է, որն ամեն տեղ հայտնի է, իսկ Նիկոլ Փաշինյանը փորձում է գտնել ինչ-որ բացատրություններ աշխարհաքաղաքական խարդավանքների մեջ՝ առանց անուններ տալու, բայց խիստ ակնհայտ է, որ նկատի ունի իբրև թե հայերը ռուսական կողմնորոշում են ունեցել, ու թուրքերը նրանց ցեղասպանել են՝ օտար կողմնորոշման համար:
Անհեթեթագույն վարկած, թուրքերը մեզ ցեղասպանել են ու դրա մասին անկեղծ նշել են, որովհետև մենք հայ ենք եղել ու ապրում էինք մեր բնիկ հողերում, իսկ իրենց պետք էին այդ հողերը՝ առանց հայերի: Ցավալիորեն եմ նշում, որ այսօր ավերելով մեր մշակութային ու նյութական ամբողջ ժառանգությունը ու արդեն էթնիկ զտման հասնելով, Ադրբեջանը սրընթաց գնում է դարասկզբի Թուրքիայի հետևից, ու ձեռք ձեռքի տված շարունակում են իրենց ցեղասպանական գործողությունները: Ոչ մի աշխարհաքաղաքական խարդավանք ընկած չի եղել ոչ մի ցեղասպանության, առավելևս՝ 1915-ի Հայոց մեծ ցեղասպանության հիմքում:
– Օրեր առաջ, երբ ադրբեջանական կողմը հիմնահատակ ոչնչացրեց Ստեփանակերտի Մայր տաճարը, վարչապետի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չեղավ արձագանք, երկու օր անց՝ գործադիրի հերթական նիստից հետո, Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին ասաց, թե պետք է շրջահայաց լինել նմանատիպ հարցերի վերաբերյալ, քանի որ դրանք «երկսայրի սուր են», բայց երեկ, երբ ամենամյա ջահերով երթի ժամանակ այրվեց Թուրքիայի դրոշը, վարչապետը, ԱԺ նախագահը դատապարտեցին այդ արարքը: Համացանցում բուռն արձագանք գտավ սա, դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այս զուգահեռ իրականությունները:
– Շատ արդիական ու կարևոր հարց է. դժվար է իհարկե շատ հստակ պատճառահետևանքային կապով ասել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդպիսի քաղաքականություն որդեգրել ու պարտադրում այդ քաղաքականությունը իր թիմին, հատուկ եմ օգտագործում «պարտադրում» բառը, որովհետև ես ունեմ առերևույթ հիմնավոր կասկածներ, որ եթե ինքը այլ քաղաքականություն որդեգրեր, թիմը կգնար այդ ճանապարհով, այսինքն՝ այնպես չէ, որ դա թիմի գաղափարաբանությունն է:
Ըստ ամենայնի, ես կարծում եմ, որ հենց այս նախընտրական շրջանում, տեսնելով, թե ո՛ր պետությունների հայտնի գործիչներն են իրեն պաշտպանում, Նիկոլ Փաշինյանը իր ուրախ ավտոբուսով շրջելով, հասկացել է, որ հասարակությունն իրեն չի ընդունում այլևս այնպես, ինչպես նախկինում էր, չկա այն հիացումը, ընդհակառակը՝ կա խորագույն հիասթափություն, ու ինքը կարծում է, որ կարող է վարչապետ մնալ այն պարագայում, երբ իրեն աջակցեն Թուրքիան ու Ադրբեջանը:
Նման ենթադրություն ունեմ, որովհետև երբ Ալեն Սիմոնյանը այցելել էր Թուրքիա, կարծես թե աղերսում էր, փորձում էր դրդել նրանց, որ բացեն ճանապարհները, դիվանագիտական հարաբերություններ հաստատեն և այլն: Եթե իրենք հարևան պետության դրոշ այրելը որակում են սադրիչ քայլ, ապա հարևան պետության, կոնկրետ դեպքում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների բացահայտ ոչնչացումը, որը ևս ցեղասպանություն է համարվում, ինչո՞ւ չեն բնորոշում նույն կերպ:
Ասեմ ավելին, դա միայն սադրիչ քայլ չէ, դա վանդալիզմ է, բարբարոսություն, որը միջազգային բոլոր օրենքներով համարվում է դաժանագույն ոճիր ու պետք է դատապարտվի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















