«Երբ ես վարում էի՝ 15 տարի առաջ, ինձ մատով էին ցույց տալիս, ասում էին՝ վա՜յ, կին է վարում»․ Մեքենա վարելը Լուսինեի համար հոբիից վերածվել է աշխատանքի

Մեքենա վարելը 43-ամյա Լուսինե Մկրտչյանի համար հոբիից վերածվել է աշխատանքի։ Թեև ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ունի նաև երաժշտական կրթություն, որոշ ժամանակ աշխատել է որպես դաշնակահար, սակայն մեկ տարի առաջ որոշել է անել այն, ինչն իրապես հաճույք և մեծ բավականություն է պարգևում իրեն։

Լուսինեն մեկ տարի է՝ ինչ մեքենա վարելու դասեր է անցկացնում՝ վարորդ-հրահանգիչ է։ 

«Անկախ իմ մյուս մասնագիտություններից, մեքենա վարելն ու սովորեցնելը իմ հոբբին է, երբ աշխատանքից հետո հոգնած եմ լինում, վարում եմ, հանգստանում: Քանի որ իմ հոբբին մեքենա վարելն է, սիրում եմ մեքենա վարել, որոշեցի՝ ինչո՛ւ չլինեմ կին հրահանգիչ: Եթե տղամարդ հրահանգիչ կա, սովորեցնում է, ինչու չի կարող կին հրահանգիչ լինել։ Պատկերացրեք՝ շատ լավ ստացվեց»,- ժպտալով «Մեդիալաբին» պատմում է Լուսինեն:

Պատմում է, որ սկզբում սովորեցրել է ծանոթներին, այնուհետև ցանկացողների թիվն այնքան է շատացել, որ որոշել է հատուկ վերապատրաստում անցնել։ 

«Մեկ հոգի եկավ՝ աղջկաս ընկերուհին, հետո բերեց իր մայրիկին, հետո մայրը բերեց մեկ այլ աղջկա, հետո՝ ընկերուհու հորաքույրը, բոլորը քննություն հանձնեցին, վարորդական իրավունքը ստացան։ Ես նախ պատրաստվեցի իմ ուժերով, հետո գնացի փորձառու հրահանգիչների մոտ՝ վերապատրաստվելու: Մեկ տարի է՝ ինչ հրահանգիչ եմ աշխատում։ Եվ շատ լավ մեկնաբանություններ են լինում, ինձ շատ լավ եմ զգում»,- ասում է նա:

Լուսինեն վարել է սովորել 15 տարի առաջ, ասում է՝ այն ժամանակ մատով էին ցույց տալիս, երբ տեսնում էին կին վարորդ․ «Աշխատանքի բերումով ինձ պետք էր, ու ես շուտ սկսեցի սովորել: Երբ ես վարում էի՝ 15 տարի առաջ, ինձ մատով էին ցույց տալիս, ասում էին՝ վա՜յ, կին է վարում: Ես ինձ լավ էի զգում, թիթիզանում էի, հիմա արդեն թիթիզանալու պահը չէ, կին վարորդները սովորում են, քանի որ պետք է շատ գործեր հասցնեն՝ երեխաների հետ կապված, իրենց հարցերը կարգավորեն, հիմա պահանջարկը մեծ է»։

Չնայած Հայաստանում կին վարորդների թվի աճին՝ Մկրտչյանի խոսքով՝ դեռևս որոշ մարդկանց շրջանում կա այն մոտեցումը, որ մեքենա վարելը կնոջ գործ չէ:

«Կողքից լսել եմ՝ որ կինը պետք է լվացքի մեքենա վարի, մեքենա չվարի, էդ հետադիմական մտքերը կան։ Կողքից լսել եմ, բայց երբեք թույլ չեմ տվել, որ անձամբ ինձ վերաբերվի, հակառակը կասեի՝ ինձ ողջունում են։

Ես ինձ միշտ հանգիստ եմ պահում, կին վարորդները պետք է հանգիստ լինեն, օրինակ՝ կողքից անցնում են ձայնային ազդանշանով, ոչ մի պատասխան չենք տալիս, չենք թողնում, որ պահը ավելի թեժանա։ Բոլոր աշակերտներիս ասում եմ՝ մաքսիմալ հանգիստ պետք է մոտենալ»,- նշում է հրահանգիչը:

Ասում է, որ անգամ կան տղամարդ հրահանգիչներ, որոնք նախընտրում են կանանց մեքենա վարել չսովորեցնել:

«Ջղայնանում են, ասում են՝ աղջիկներին մենք չենք կարողանում սովորեցնել, ի՛նչ գործ ունեն՝ ղեկին նստեն, թող գնան իրենց լվացքը անեն: Էդ հարցում տղամարդիկ մի քիչ դյուրագրգիռ են»,- նշում է Լուսինեն:

Այդուհանդերձ ընդգծում է, որ աղջիկները գրագետ են վարում, քանի որ սովորում են ավտոդպրոցներում, սակայն երբեմն առավել հմուտ և վարժ վարելու անհրաժեշտություն է նկատվում:

«Երբ ասում են, թե կանայք չեն կարող լավ վարել, դա ընդամենը փորձի պակասի հետևանք է, կանայք շատ լավ կարողանում են սովորել, ոչ մի տարբերություն չկա՝ հատկապես ավտոմատ կառավարման դեպքում։

Տղաները միշտ մտածում են, թե կանայք թերանում են, ասում են՝ զգույշ վարելու, զիջելու շնորհիվ ավելի քիչ են վթարի ենթարկվում, քան տղամադիկ:

Բայց Երևանում կարող ենք տեսնել շատ խախտումներ, որ արվում են տղամարդկանց կողմից, ամեն մեկը չի գնացել ավտոդասերի, սովորել են տան պայմաններում։

Աղջիկները գրագետ են վարում, պարզապես մի քիչ խամություն են անում, օրինակ՝ արագության ժամանակ դանդաղ վարելն էլ խոչընդոտում է երթևեկությունը, մայրաքաղաքում թույլատրվում է վարել մինչև 60 կմ/ժ արագությամբ։ Եթե նորմալ երթևեկության մեջ վարում են 30-40 կմ/ժ արագությամբ, դա նաև խոչընդոտում է մեր երթևեկությունը»,- բացատրում է հրահանգիչը։

Լուսինեն ընդգծում է, որ կարևոր է կին վարորդների դասերն առավել համբերատար անցկացնել, ասում է՝ որպես հրահանգիչ այդ փաստին շատ է ուշադրություն դարձնում:

«Տղամարդիկ չեն պատկերացնում, որ կինը մի քիչ ուշ է մոտենում այդ հարցին, ուշ է լուծումը գտնում: Ես կանանց լավ եմ հասկանում եմ, ասում եմ՝ ոչինչ, ժամանակի ընթացքում շտկվելու է: Լյուկերը, փոսերը՝ սկզբից չեն կողմնորոշվում, ստրախովկա չունեն, բայց կամաց-կամաց դա էլ են հասկանում՝ ոնց անեն, որ փոսը մեքենայի մեջտեղում ընկնի: Ես էդ բոլոր փուլերն անցել եմ ու համբերատար իրենց ասում եմ, որ երրորդ-չորրորդ դասին շտկվելու է, իսկ տղամարդիկ անհամբեր են, ասում են՝ մի բանը բացատրում ես, ինչի՛ չեն հասկանում, նորից մեքենան փոսը գցեցին»,- պատմում է Մկրտչյանը։

Լուսինեն նշում է, որ մեծ սիրով է իր աշխատանքը կատարում, մարդկանց դրական արձագանքներն է՛լ ավելի են ոգևորում։ Ընդգծում է, որ կարևոր չէ՝ թե ինչ ոլորտում՝ քաղաքականության մեջ, հասարակական աշխատանքում, թե այլ դաշտում, եթե կինը ցանկանում է, և ուժերն ու կարողությունները բավարար են, ապա պետք է աշխատի և իրագործի իր երազանքները:

«Կինը չի ծնվել, որ միայն տան գործերով զբաղվի՝ եփել-թափելով, հավաքելով։ Դուրս գալը շատ բան է կնոջ մոտ փոխում՝ և՛ շրջապատը, և՛ միջավայրը, ակտիվությունը, և ամուսնուն նաև կողքից աջակցություն: Եթե ուժերս ներում են, ունեմ էս միտքը, գաղափարները, ինչո՛ւ մնամ տնային տնտեսուհի, եթե կարող եմ առաջ գնալ։ Ընտանիքն ու աշխատանքը՝ երկուսն էլ համատեղելի են»,- վստահեցնում է Լուսինե Մկրտչյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am