«Ասեց՝ կամ փող կուղարկես, կամ տկլոր նկարներդ բոլորը կտեսնեն»․ Ճաղերից այն կողմ՝ սիրո և շանտաժի թակարդում

30-ամյա Լիլիթ Մնացականյանը (տվյալները փոխված են) չէր էլ պատկերացնում, թե համացանցով սկիզբ առած ռոմանտիկ ծանոթությունը ի՛նչ խնդիրներ կարող էր ստեղծել իր համար։ Պատմում է, որ շուրջ 7-8 ամիս ամեն օր ակտիվ շփվել էր սոցիալական ցանցում իրեն ծանոթանալու հայտ ուղարկած, ապա շատ հարազատ դարձած տղամարդու հետ և շատ կարճ ժամանակում սիրահարվել։ 

Ասում է, որ մտքի ծայրով էլ չէր անցնում, որ տղամարդը, ում հետ շփվում է, պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում, իսկ կապը ոչ թե ռոմանտիկ, այլ խաբեությամբ և շանտաժով գումարներ շորթելն է լինելու։

«Ես նրան երբեք չեմ հանդիպել,- պատմում է Լիլիթը,- ամեն անգամ մեր հանդիպումները հետաձգվում էին տարբեր պատճառաբանություններով։ Նախ նա առաջարկում էր հանդիպել, հետո, երբ հասնում էր հանդիպման օրը, անընդհատ մի պատճառաբանություն էր բերում, մեկ ասում էր՝ գործեր ունի, մեկ ասում էր՝ տեղ պետք է գնա»։

Սակայն պատմությունն այլ ընթացք է ստանում այն բանից հետո, երբ տղամարդը Լիլիթին խնդրում է մերկ լուսանկար ուղարկել իրեն։ «Խնդրեց ուղարկել իմ մերկ լուսանկարները։ Չմերժեցի, քանի որ ամիսներ է՝ ինչ ճանաչում էինք իրար ու ժամերով խոսում։ Ուղարկեցի, քանի որ վստահում էի նրան, և մտքովս էլ չէր անցնում, թե դա ինչ պատուհաս է դառնալու իմ գլխին»- պատմում է նա։

Մերկ լուսանկարը ստանալուց որոշ ժամանակ անց տղամարդը Լիլիթից գումար է խնդրում՝ պատճառաբանելով, թե հայտնվել է դժվարին կացության մեջ և օգնության կարիք ունի։

Լիլիթն ուղարկում է գումարը, սակայն, տղամարդու «ախորժակը» գնալով բացվում է։ 

Երկրորդ անգամ նա Լիլիթից ավելի մեծ գումար է խնդրում և, մերժում ստանալով, սկսում սպառնալ, որ սոցիալական ցանցերում կտարածի Լիլիթի ուղարկած մերկ լուսանկարը ու խայտառակ կանի աղջկան։ Շուրջ մեկ տարի Լիլիթը գումար է փոխանցում նրա նշած հաշվեհամարին կամ՝ տաքսու վարորդի միջոցով, ինչպես հրահանգում էր սպառնալիքի և շանտաժի լեզվով խոսող տղամարդը։

«Սկզբում ասում էի՝ այդքան գումար չունեմ, ծնողներիս հետ եմ ապրում։ Հետո ասեց՝ կամ փող կուղարկես, կամ տկլոր նկարներդ բոլորը կտեսնեն։ Այսպես սպառնալով՝ մոտ մեկ տարի կարողացավ ինձնից բավականին մեծ գումար կորզել, այդ թվում՝ միակ ոսկե շղթաս,- պատմում է Լիլիթը:- Բայց մի օր հասկացա, որ վերջ, պետք ա սրա վերջը տալ։ Խորհուրդ տվեցին դիմել կանանց աջակցող կենտրոն, և ես դիմեցի»։ 

Լիլիթը դիմում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն, որտեղ նրան բացատրում են, որ լավագույն լուծումը իրավապահներին դիմելն է։ 

«Մենք ասացինք, որ կփորձենք այնպես անել, որ իր համայնքում գոնե չիմանան այդ դեպքի մասին։ Գնացինք ոստիկանության կիբեռհանցագործությունների վարչություն և մանրամասն բացատրեցինք, որ գործը չպետք է գնա ու հասնի աղջկա համայնք, որովհետև աղջիկը լուրջ մտավախություններ ուներ, որ ծնողները կարող էին իմանալ»,- «Մեդիալաբին» ասում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը։

Ոստիկանությունում թեև խոստացել էին պահել այս դեպքի գաղտնիությունը, սակայն որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ գործն ուղարկվել էր մարզ, որտեղ աղջիկը բնակվում էր։

«Մենք ստիպված արդեն մարզային քննչականի հետ սկսեցինք երկար ժամանակ բանակցել, որպեսզի գործը հետ ուղարկեն Երևան։ Ի վերջո, գործն ուղարկվել էր երրորդ մարզ, որտեղ էլ քննվել էր»,- ասում է Տաթևիկ Աղաբեկյանը։

Նա նշում է, որ ոստիկանությունում խոսակցության ընթացքում պարզվել է, որ նմանօրինակ դեպքերը շատ են տարածված. տղամարդիկ սոցիալական ցանցերի միջոցով ծանոթանալով կանանց հետ՝ նրանց իրենց «թակարդն» են գցում ու շանտաժի միջոցով գումարներ կորզում։

Գործի քննության շրջանակներում ոստիկաններն աղջկան ասել են, որ շանտաժի ենթարկած տղամարդն ամենայն հավանականությամբ ազատազրկման մեջ է գտնվում։

Տաթևիկ Աղաբեկյանը նշում է, որ հենց ոստիկանություն դիմելուց հետո Լիլիթը տղամարդուն գրել է, որ չի պատրաստվում ոչինչ անել նրա համար, նա միանգամից անհետացել է։ 

«Երբ ոստիկանություն դիմեցինք, ասացին՝ այդ տղամարդը հավանաբար գաղութում նստած է։ Հետո ավելացրեցին, որ դա հայտնի սցենար է։ Ազատազրկման մեջ գտնվողներն ընկերներով նման ծանոթություններ են հաստատում։ Շատ են լինում դեպքեր, երբ մի քանի օր հետո հայտնվում է մի նոր անձ, որը գրում է, թե աղջկա նկարները տեսել է, սիրահարվել, շատ է խղճում նրան, ինքը ծեծել է այդ տղային նման վերաբերմունքի համար, և այսպես փորձում է երկրորդը ընկերանալ աղջկա հետ, հետո՝ երրորդը։ Եվ այդպես շղթան գնում է, նրանք միմյանց ինֆորմացիա են փոխանցում»,- «Մեդիալաբին» պատմում է Տաթևիկ Աղաբեկյանը։

Այս դեպքով գործը իրավապահների կողմից կասեցվել է, քանի որ այդպես էլ հնարավոր չի եղել հայտնաբերել տղամարդուն։ Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով՝ ոստիկանությունը չի կարողացել նույնականացնել, թե կոնկրետ ո՛վ էր տվյալ անձը։ Թեև փակ հաստատություններում արգելված է օգտվել բջջային հեռախոսներից ու ինտերնետից, բայց, ըստ Տաթևիկ Աղաբեկյանի, իրականում իրավապահներն ասել են, որ մեկ համակարգչից կամ հեռախոսից տարբեր մարդիկ են օգտվում, և նման դեպքերում նույնականացումը դժվար է լինում։

«Քրեակատարողական հիմնարկում կար մի հեռախոսահամար, որը ոչ հայազգի անձի անունով էր գնված, այդ համարով շատ մարդիկ էին զանգել, կար համակարգիչ, որից բոլորը օգտվում էին։ Այսինքն՝ իրենք չկարողացան պարզել, թե կոնկրետ այս դեպքով ո՛վ էր այդ անձնավորությունը, որպեսզի որպես մեղադրյալ ներգրավեին»,- ասում է Տաթևիկ Աղաբեկյանը։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սասուն Գրիգորյանն ասում է, որ այս դեպքերը լատենտայնության բարձր աստիճան ունեն, այսինքն՝ «թաքնված դեպքեր» են համարվում, քանի որ զոհի կարգավիճակում հայտնված կանայք հաճախ չեն դիմում իրավապահներին։ Կանայք վախենալով, որ հետագայում իրենց անվան վրա բիծ կմնա, շրջապատում կխայտառակվեն, չեն դիմում իրավապահներին։

«Հիմնականում հետևյալ սցենարն է՝ կալանավայրում գտնվող անձինք սոցիալական ցանցերի միջոցով, իսկ մեր երկրում սոցիալական ցանցերից հիմնականում տարածված են «Ֆեյսբուքն» ու «Օդնոկլասնիկին», որոշ ժամանակ շփվելով որևէ կնոջ հետ, հասկանալով վերջինիս հոգեբանությունը, հոգեբանական վիճակը, կարողանում են արժանանալ նրա վստահությանը։

Լինում են դեպքեր, երբ իրենց մտերմության շրջանում կինը տղամարդուն ուղարկում է սեռական կոնտեքստով լուսանկարներ ու տեսահոլովակներ, դրանից հետ ինչ-որ կոնֆլիկտի պատճառով տվյալ անձը սկսում է այդ ինֆորմացիան օգտագործել՝ վերջինիս շանտաժ անելու՝ հիմնականում որևէ նյութական կամ գույքային օգուտ ստանալու նպատակով։

Կամ հնարավոր է նաև՝ կոնկրետ սեռական պահանջները բավարարելու նպատակով շանտաժ անեն։ Եթե նման իրավիճակ է ստեղծվում, 90 տոկոսից ավելի դեպքերում կինն է տուժում»,- «Մեդիալաբին» ասում է Սասուն Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ այսօրինակ դեպքերը, որոնք հանդիպում են վերջին տարիներին, ամենայն հավանականությամբ ավելի վաղ նույնպես եղել են, բայց համացանցի զարգացման ու տարածման պայմաններում այսօր խնդրին հնչեղություն է տրվում։ Եվ իրավապահների կողմից համեմատաբար ավելի շատ բացահայտումներ են տեղի ունենում։

Քննիչն ասում է, որ կալանավայրերում գտնվող անձանց կողմից ազատության մեջ գտնվող որևէ կնոջ հետ հարաբերություն սկսելու և արդյունքում նրանից նյութական, գույքային կամ սեռական որևէ շահ հետապնդելու դեպքերը տարածված են։ 

Նա նշում է, որ հանցագործության այս տեսակը հատկապես տարածում է ստացել վերջին 7-8 տարիներին։

Դրան նպաստում է նաև ինտերնետ հասանելիության մեծացումը։ Պաշտոնական տվյալներով՝ 2018-ին Հայաստանում ինտերնետ օգտատերերի թիվը կազմել է 2 միլիոն 893 հազար 964, որը բնակչության շուրջ 98%-ն է կազմում։ Տարեցտարի աճում է նաև սոցիալական ցանցերից օգտվող օգտատերերի թիվը։ Վերջին տվյալներով՝ ամսական Հայաստանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից օգտվող օգտատերերի թիվը կազմում է 1.3-1.4 մլն։

Ավագ քննիչը նշում է, որ խնդիրը բազմաշերտ է։ Նա նշում է, որ կան կանայք, որոնք բանտային գողական ռոմանտիզմով են տառապում։ Այսինքն՝ ձգտում են քրեական ենթամշակույթ կրող տղամարդկանց հետ շփվել։ Ըստ քննիչի՝ իրենք գիտակցում են, որ ծանոթացել են անազատության մեջ գտնվող անձի հետ, նրա հետ որոշ ժամանակ շփվելուց հետո սկսում են իրենց անձնական կյանքի մասին տեղեկություն տրամադրել, իրենց սեռական նկարներն ուղարկել։ Եվ վերջում դառնում են զոհ։ 

«Հանդիպում են նաև ամուսնացած կանայք, հավանաբար ընտանեկան ներքին խնդիրների պատճառով նման քայլերի են դիմում։ Այս հանցագործությունները հիմնականում լատենտային են, իսկ նման դեպքերում, երբ կինն ընտանիք ունի, ամուսնացած է, բնականաբար, շատ ավելի դժվարանում է բացահայտումը, քանի որ հաճախ նրանք չեն էլ դիմում իրավապահներին»,- ասում է Սասուն Գրիգորյանը։

Նա ասում է, որ լինում են նաև դեպքեր, երբ կինը չի գիտակցում՝ ո՛ւմ հետ է շփվում, քանի որ տղամարդը համացանցում հանդես է գալիս կեղծ պրոֆիլներով։ Նման դեպքերում տղամարդիկ ներկայանում են ազատության մեջ գտնվող, բարեկեցիկ կյանքով ու Հայաստանից դուրս բնակվող, ովքեր լուրջ հարաբերություններ են փնտրում։ Նա նշում է, որ այս տղամարդկանցով տարվում են հիմնականում 35-45 տարեկան բարձրագույն կրթությամբ կանայք։

Քննչական կոմիտեում քննվող դեպքերից մեկով կինը համացանցով ծանոթացել է տղամարդու հետ, որը ներկայացել է բարեկեցիկ կյանքով ապրող, արտերկրում գործուղման մեջ գտնվող։ Սակայն իրականում տղամարդն անազատության մեջ է եղել։

«Տղամարդը կնոջը խոստումներ է տվել, ասել է, թե գտնվում է արտերկրում գործուղման մեջ, դրամապանակը գողացել են, իրեն գումար է պետք։ Եվ կինը նրան գումար է փոխանցել։ Նման հանցագործություններն ընդունված է համարել ճամպրուկային հանցագործություններ, զոհերը հիմնականում 35-45 տարեկան կանայք են, որոնք ունենում են հիմնականում բարձրագույն կրթություն»,- ասում է Սասուն Գրիգորյանը։ 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող, քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը կանանց այս խմբի խոցելի լինելը բացատրում է նրանով, որ այս տարիքի կանայք հիմնականում անձնական կյանք չունեցող, աշխատանքին նվիրված մարդիկ են, որոնք ինչ-որ պահից սկսած ուզում են դասավորել իրենց կյանքը։ 

«Հանցագործները շատ լավ հասկանում են նման կանանց հոգեբանությունը, վստահություն են ստեղծում նրանց հետ շփումներում, սկսում են ինտիմ խոսակցություններ վարել։ Իսկ վերջաբանը լինում է նրանց շանտաժի ենթարկելու միջոցով տարբեր բաներ հարկադրելը՝ սկսած ֆինանսական միջոցներից, վերջացրած տարբեր ցանկությունները, այդ թվում՝ սեռական ցանկությունների բավարարում»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ կանայք պետք է լինեն զգոն ու որևէ նման ծանոթության ժամանակ ինտիմ լուսանկար չուղարկեն տղամարդկանց։ Եթե տղամարդը նման լուսանկար է պահանջում, դա արդեն կասկածի տեղիք պետք է տա, քանի որ, ըստ Զարուհի Հովհաննիսյանի, հարաբերություններին լուրջ տրամադրված տղամարդը երբեք համացանցով կնոջ մերկ լուսանկար չի պահանջի։

Նա նույնպես փաստում է, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվողների շրջանում շատ են այդ դեպքերը։ 

«Այնտեղ տղամարդկանց մոտ հիմնականում կան թաքնված հեռախոսներ, թեև դրանք արգելված իր են համարվում։ Կան նաև դեպքեր, երբ կանայք գիտեն, որ տղամարդը քրեակատարողական հիմնարկում է, նրանք խոստանում են կանանց, որ դուրս կգան ու կամուսնանան, և կանայք հայտնվում են հանցագործների թիրախում»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Սասուն Գրիգորյանը նշում է, որ հացի լուծումներից մեկը խնդրի լուսաբանումն է, մարդկանց իրազեկումը, որն էլ կարող է նպաստել հանցագործության այս տեսակի հնարավորինս կանխմանը։ «Կանայք պետք է իմանան, որ նույնիսկ ամենահարազատ մարդկանց չպետք է վստահել ու համացանցով չուղարկել սեռական բնույթի տեղեկատվություն»,- ասում է Գրիգորյանը։

Նա նշում է, որ ավելի լավ է կանայք, որոնք զոհ են դարձել, մեկ անգամ դիմեն իրավապահներին, քան տևական ժամանակ կամ ամբողջ կյանքի ընթացքում զոհ մնան։

Նրա դիտարկմամբ՝ կանայք համարձակության պակաս ունեն իրավապահներին դիմելու հարցում, քանի որ նշված հանցագործությունները շատ նուրբ ու զգայական են, ի վերջո, կնոջ անձնական կյանքին են վերաբերում։

«Շատ դեպքերում կանայք նույնպես ուզում են իրազեկ լինել, սակայն չգիտեն՝ ո՛ւր դիմել։ Ուստի շատ կարևոր է ԶԼՄ-ների, իրավապահների, ՀԿ-ների համագործակցությունն այս հարցում»,- հավելում է նա։

Կանանց ռեսուրս կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանը նշում է, որ կանայք վախենում են նման դեպքերում խոսել, քանի որ հասարակության ճնշումը կա։ Նա նշում է, որ եղել են դեպքեր, երբ կանայք ամոթից դրդված շանտաժի են ենթարկվել, լռել են, միայն թե հարազատները չիմանան իրենց հետ պատահածի մասին։ 

«Խայտառակ լինելու մտավախությունն իրականում բարդացնում է խնդիրը, այնինչ շատ լավ կլինի, որ իրենք անընդհատ խոսեն խնդրի մասին։ Նաև շատ կարևոր է այդ խնդիրների մասին խոսել՝ զերծ մնալով քննադատությունից ու կնոջ վրա մեղքը բարդելուց։ Հենց հասարակության կողմից այդ ճնշման հետևանքով նման դեպքերից քչերն են բացահայտվում, որովհետև կանայք հաճախ չեն դիմում իրավապահներին»,- «Մեդիալաբին» ասում է Գոհար Շահնազարյանը։ 

Նկարազարդումները՝ Վահե Ներսեսյան

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am