«Հայաստանի քաղաքական վերնախավն ազդակներ է հղում Ադրբեջանին առ այն, որ Արցախի ՊԲ-ի կրճատման հարցն առնվազն քննարկելի է». Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

 – Պարո՛ն Աբրահամյան, Նիկոլ Փաշինյանը Հ1-ին տված հարցազրույցի շրջանակներում խոսեց Արցախի պաշտպանության բանակում կատարվելիք փոփոխությունների մասին, Արցախի իշխանական պատգամավորներից մեկն էլ չէր բացառել, որ հնարավոր է լինի տարբերակ, որ ՊԲ-ն փոխարինվի ստորաբաժանումներով։ Ինչպե՞ս եք գնահատում փոփոխությունների վերաբերյալ հնչող այս հայտարարությունները, ու այդ փոփոխությունները եթե կատարվեն, ի՞նչ արդյունքներ կամ հետևանքներ են առաջացնելու։

– Առհասարակ շատ դժվար եմ պատկերացնում իրավիճակ, նույնիսկ միջազգային երաշխիքների ներգրավման պայմաններում, որ մեզ կարող է պաշտպանության բանակը կրճատելու շռայլություն մատուցել։ Ես առիթ ունեցել եմ Արցախի իմ գործընկերների հետ խոսելու նաև այս մոտեցման վերաբերյալ, կարելի է ասել, որ բոլորը կտրականապես դեմ են, ավելին՝ պատգամավորը, որի խոսքը նաև դուք վկայակոչեցիք, ասում է, թե իր խոսքն ամբողջությամբ ներկայացված չէ, ու ինքն այլ բան է նկատի ունեցել։ Այնպես որ, այս պահին Արցախի կողմից հնչող հայտարարությունները չեմ ուզում մեկնաբանել, համենայնդեպս, ուզում եմ նշել, որ կան մի շարք բաղադրիչներ, որոնք այնքան էլ հստակ չեն, թե ինչ ծավալի և ինչի մասին են։ 

Օրինակ՝ երբ խոսում ենք ապառազմականացված գոտու մասին, ապա հստակ չէ, թե դա քանի՞ կիլոմետր է կազմելու, ո՞ր տարածքների հաշվին է ձևավորվելու, այնտեղ ի՞նչ տեխնիկական միջոցներ են ապահովելու, ու ի՞նչ ուժերով է այդ ապառազմականացված գոտու անվտանգությունը ապահովվելու, որովհետև, պայմանական ասած, եթե 3 կմ հատվածի մասին է, որը նաև Հայաստանի դեպքում զորքերի հայելային հետքաշման մասին էին խոսում, չէ՞, ապա 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտին չի կարող անվտանգային լիարժեք հնարավորություններ ստեղծել։ Էլ չեմ խոսում, որ շատ տեսական է խոսել, օրինակ՝ ռուսական զորախմբի ընդլայնման կազմի մասին, հենց միայն այն հանգամանքի պատճառով, որ Ռուսաստանն այս պահին կենտրոնացած է Ուկրաինայում։ 

Այո՛, դա կարող է մեր գործընկեր-դաշնակից երկրի հետ քննարկման առարկա դառնալ, բայց այս պահին այդ հարցը տեսական դաշտում է։ Առհասարակ, ինչպիսի ապառազմականացված գոտի էլ լինի, ինչպիսի միջազգային երաշխիքներ էլ լինեն, ու անկախ ռուսական զորախմբի ընդլայնման լինել-չլինելուց, պաշտպանության այն բանակը, որն այսօր հիմնված է միայն Արցախի մարդկային ռեսուրսների վրա, այն ծավալը չունի, որի կրճատման մասին մենք պետք է քննարկումներ ունենանք։ Մենք երկար կարող ենք քննարկել, թե ՊԲ-ն ինչ մարտավարությամբ պետք է առաջնորդվի, ինչպիսի վերազինում պետք է ունենա, ինչ մոտեցումներ որդեգրի, բայց ոչ երբեք՝ կրճատման հարցեր։

– Իսկ ինչո՞ւ է հիմա այս թեման շրջանառության մեջ դրվել։

– Առաջին հերթին սա պայմանավորված է նրանով, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր իր ընտանեկան թերթի միջոցով արտահոսքեր կազմակերպում, որ դա ադրբեջանական պահանջ է, որը նաև հրապարակային է հնչում, և, կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական վերնախավն ազդակներ է ուղղում Ադրբեջանին առ այն, որ Արցախի ՊԲ-ի կրճատման հարցն առնվազն քննարկելի է։ Այսինքն՝ խոսքը ադրբեջանական ևս մեկ պահանջի բավարարման մասին է։

– Եթե այդպես է, ադրբեջանական պահանջները բավարարելու դիմաց հայկական կողմն ի՞նչ է ստանում։

– Նոր խոցելիություն, ուրիշ ոչինչ։ 

– Ըստ ձեզ՝ Արցախի իշխանությունն այս մասով տվե՞լ է իր համաձայնությունը, որովհետև, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասում է, Արցախին առնչվող որևէ բան, առանց Արցախի իշխանության համաձայնության, չի քննարկում։

– Ես խոսել եմ Արցախի քաղաքական դաշտի մեծ թվով դերակատարների հետ, նրանց մեջ այդպիսի կամք ու ցանկություն չեմ տեսել, նրանցից շատերը նույնիսկ չեն էլ տիրապետում այդպիսի տեղեկության, որ նման հարց է քննարկվում։

Ես տեղյակ չեմ, թե Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ինչ թեմաներ են քննարկում ու ինչ համատեքստում, համենայնդեպս, ինձ համար ակնհայտ է, որ Արցախում մեծամասնությունը դեմ է դրան, որովհետև ՊԲ-ն և՛ հոգեբանական, և՛ առարկայական առումով պաշտպանություն է, ու դրա կրճատումը բավականին մեծ հարված է արցախցիներին։ Դժվար եմ պատկերացնում Արցախի մի իշխանություն, որը կհամաձայնի Հայաստանի այս մոտեցումների հետ։

– Դատելով նաև վերը հիշատակած հարցազրույցից՝ փոփոխություն կա՞ Արցախի մասով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներում։

– Նիկոլ Փաշինյանը եկել էր վերահաստատելու իր այն մոտեցումը և կեղծ հիմնավորումներ բերելու առ այն, որ Արցախը Ադրբեջան է, և հայ ժողովուրդը պետք է համակերպվի դրա հետ։

Հայաստանի իշխանության միակ նպատակն է դարձել անընդհատ նորանոր «փաստարկներ» բերել՝ հայ ժողովրդին Արցախը ադրբեջանական ներկայացնելու համար։ 

– Պարո՛ն Աբրահամյան, խորհրդարանի գալիք լիագումար նիստին ձեր խմբակցությունը մասնակցելո՞ւ է։

– Լիագումար նիստերի և հանձնաժողովի նիստերի հետ կապված մեր մոտեցումը չի փոխվել, վերջին անգամ «Պատիվ ունեմ» խմբակցությունը միայն քվեարկություններին է մասնակցել, ու առաջիկայում որևէ նոր փոփոխություն չի սպասվում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am