Նիկոլ Փաշինյան. մի ուրիշ ձևի աննախադեպը

Մհեր Արշակյան

Հայաստանի վարչապետը լրիվ չափն անցավ: Երեկ նա ակնարկեց, որ մեր զինվորներից ոմանց գերի ընկնելը դավաճանական ակտ է: Ահա ինչու դրանից հետո Արծրուն Հովհաննիսյանը գրեց, որ մեր տղաներից մեկն իրեն պայթեցրել է՝ գերադասելով գերի չընկնել: 

Գիտե՞ք ինչով է վատ գերի ընկնելը: Լրիվ գլխացավանք է, դե արի ու սկսիր բանակցել նրանց հետ յուրաքանչյուր գերու համար, իբր եղածներին շատ էինք կարողանում հետ բերել, հիմա էլ նորերն ավելացան: Մեկ էլ Ստալինն էր գերիներին դավաճան համարում:

Գերին, եկեք փաստենք, դավաճան է, երբ թիկունք ունի: Մեր կռվող տղաներից ո՞վ թիկունք ունի այսօր: Ունի՞ նա իր հետևում Մոսկվան, ինչպես ասում էին ռուսները Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ, երբ ֆաշիստներն արդեն մոտենում էին Մոսկվային:

Փաշինյանի հայտարարությունը տգիտություն էր թեկուզ նրանով, որ նա արժեզրկեց նաև այս մեկօրյա պատերազմը: Նրա ասածներից այն հասկացանք, որ մեր զինվորները դավաճան են, կամ այդպիսին համարելու լուրջ հիմքեր կան:

Բայց ինչո՞ւ արժեզրկել մի կռիվ, որի ոչ մի դրվագը գրեթե լուսաբանված չէ: Այսինքն՝ մենք դեռ կարգին չգիտեինք, որ նրանք հերոս են, արդեն գիտենք, որ դավաճան են:

Մղձավանջ:

Խելագարվելու բան: Էլ չասած, որ գերի ընկած տղաների ծնողներն են լսում Փաշինյանի մտքերը: Այսինքն՝ ձեր առաջարկածն ի՞նչ է, պայթեցնե՞ն իրենց: Ձեզ պետք է, որ մեզ կերակրեք մեր զինվորների ինքնասպանության պատմություններո՞վ: 

Ես չեմ բացառում, որ իսկապես մեր տղաները զենքերը վայր են դրել ու հանձնվել են: Բայց մեր վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ մենք Ադրբեջանին պատկանող հողեր ունենք մեր տարածքում: Ոչ դեմարկացիա ես արել, ոչ էլ Ադրբեջանից հայտարարություն ես լսել, որ իրենք էլ հայկական հողեր ունեն իրենց տարածքում: Որտե՞ղ է այս ամենում Փաշինյանի խորամանկությունը: 

Ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք այսքան ամաչելու առիթ չունեցանք, որքան ԱԺ ամբիոնից հնչած այդ հայտարարության, որում մարդը «սևով սպիտակի վրա» ասում է, թե պետք է քննվի՝ ի՞նչ է նշանակում գերի ընկնել, զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն: Էդ տղաները դեռ վերադառնալու են:

Հա՛, զենք են վայր դրել, հա՛, ադրբեջանական բանակի անպարտության «համերգի» ազդեցության տակ են, բայց վերադառնալու են, եթե, իհարկե, դու սիրտ ունես զենքը վայր դրած գերուն վերադարձնելու: Այսինքն՝ ի՞նչ անենք, աղոթենք, որ մեռա՞ծ հետ գան, որ գոնե կառավարական ամոթի չարժանանան: 

Լսեք՝ Իսրայելում զինվորի գլխավոր խնդիրն է ողջ մնալ: Ու հեչ էական չէ, թե ինչ ճանապարհներով: Եթե պետք է, կարող է նաև հանձնվել, եթե դա կերաշխավորի նրա չմեռնելը:

Կարող է նաև ռազմական գաղտնիքներ հայտնել, եթե այդ գաղտնիքները երաշխավորում են նրա կյանքը: Բայց դա Իսրայելում: Հիմա այնտեղ լսում են, որ բիբլիական երկրում գերի հանձնվելը մեղք է:

Գիտե՞ք ինչ են մտածում՝ էս հայերը քանի՞ միլիարդ հոգի են, որ «իմացյալ մահը» գերադասում են ողջ մնալուց: 

Գերի ընկնելը դեռ այս կռվում Ադրբեջանի իրավացիության քարոզ չէ, դա ողջ մնալու մի ձև է: Ի՞նչն եք ուզում հետաքննել: Հանգի՛ստ թողեք նրանց, էս կռիվը դեռ չի վերջացել: Հերիք է ցանկացած, նույնիսկ սեփական զինվորին սևացնելու գնով, աննախադեպ երևալը: 

Մհեր Արշակյան

MediaLab.am