«Սփյուռքում ապրողներն իրավունք ունեն կարծիք ունենալու, բայց դա պարտադրել Հայաստանում ապրողներին՝ բարոյական տեսանկյունից ճիշտ չէ». Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային , քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, ինչպե՞ս եք վերաբերվում, գնահատում սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կողմից կազմակերպվող բողոքի ակցիաները՝ ուղղված Հայաստանի գործող իշխանության դեմ: Այս համատեքստում նաև ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործունեությունը:

– Ինձ համար, ճիշտն ասած, շատ զարմանալի է, թե ինչպե՞ս են իրենք որոշում՝ Հայաստանում ո՛վ լինի իշխանություն, ո՛վ լինի ընդդիմություն, ով ինչո՛վ զբաղվի: Ի՞նչ բարոյական իրավունք ունեն, ինձ համար դա մեծ հարց է, ու, կարծում եմ, Հայաստանում կառավարությունը ձևավորվում է Հայաստանի քաղաքացիների կողմից, ու միայն նրանք են իրավասու այդ գործառույթն իրականացնելու, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող քաղաքացիները: Այնպես որ, ես ձեր նշած դեպքերին շատ զարմանքով եմ վերաբերվում:

– Այսինքն՝ եթե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս են, ապա իրավունք չունե՞ն որոշելու, թե Հայաստանի համար ինչն է լավը, ինչը՝ չէ:

– Իրենք իրավունք ունեն կարծիք ունենալու, բայց դա պարտադրել Հայաստանում ապրողներին, կարծում եմ, բարոյական տեսանկյունից ճիշտ չէ:

– Գուցե Հայաստանում ապրող մարդիկ էլ այդ պարագայում դժգոհեն՝ ասելով, որ այնտեղի բնակչությունն անտարբեր է Հայաստանում տեղի ունեցողի նկատմամբ, նրանց տեղի ունեցողը չի հետաքրքրում:

Իսկ ո՞վ է ասել, որ անտարբեր չլինելու ապացույցը միայն կառավարության հրաժարական պահանջելն է: Քաղաքականությունը շատ բարդ ու բազմաշերտ երևույթ է, իրենք իհարկե կարող են նաև աջակցել, գալ ու, ենթադրենք, տնտեսական գործունեություն ծավալել, կարող են լոբբինգով զբաղվել, եթե ուզում են Հայաստանի համար լավ լինի, բայց Հայաստանում ընտրությունների ու կառավարության ձևավորման վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված ընթացակարգ կա, որը շատ ծայրահեղ դեպքերում է ենթակա այսպես ասած խախտման, այսինքն՝ արտահերթ ընտրությունը խաղ ու պար չէ, որ ամեն տարի արտահերթ ընտրություն անենք: Այդ գործընթացը պետությունը, տնտեսությունը տանում է հետընթացի, դրանք սթրես են պետության համար ու անհիմն պատճառներով, ինչ-որ վերացական պատճառներով այնտեղից խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին այդ մակարդակով, կարծում եմ, բարոյական չէ:

– Պարո՛ն Միսկարյան, կոնկրետ հիմա հնչող պահանջով, երբ սփյուռքը պայքարում է, իրենց բնորոշմամբ՝ Հայաստանի թրքացման դեմ, դավաճան իշխանության դեմ, այս պատճառները վերացակա՞ն եք համարում:

– Ես չգիտեմ՝ իրենք ինչ են հասկանում թրքացում ասելով, բանակցությունները թրքացում ենթադրո՞ւմ են, թե՞ չէ, եթե ուզում են Հայաստանում մարդ մնա, հայ մնա, թող բարի լինեն թող վեր կենան, գան Հայաստանում ապրելու: Գան այստեղ ու այստեղից որոշումներ կայացնեն՝ Հայաստանն ո՛ւմ հետ բանակցի, ո՛ր քաղաքական ուժն իրենց ներկայացնի, թե չէ հեռվից հեռու՝ Փարիզում, Լոնդոնում կամ այլուր նստել ու որոշել՝ Հայաստանն ինչ արտաքին քաղաքականություն վարի, Ռուսաստանի կազմի մեջ մտնի, թե չէ, վաղն էլ կարող է Ռուսաստանի հայերը պահանջեն միավորվել Ռուսաստանի հետ, որքանո՞վ է դա ճիշտ: Հայաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստանում ապրող ժողովրդի ճակատագրին է առնչվում, ու այդ ճակատագիրն իրավունք ունեն որոշելու այստեղ ապրողները:

– Արտերկրում ապրող մեր հայրենակիցները ո՞ր գործունեությամբ ավելի շատ օգտակար կլինեն իրենց հայրենիքին՝ ըստ ձեզ:

– Այսօր Հայաստանը, ցավոք սրտի, այն վիճակում չէ, որ կարողանա բավարար ու արդյունավետ օգտագործել սփյուռքի ռեսուրսը, բայց հույս ունեմ, որ մի օր կունենանք լիարժեք կայացած պետական ինստիտուտներ, որոնք փոխշահավետ համագործակցություն կունենան սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ: 

Այս պահին ասել, թե ինչով իրենք կարող են օժանդակել Հայաստանի զարգացմանը, իմ կարծիքով՝ բացառապես միայն Հայաստան վերադառնալով: Հայաստանում ստեղծված 1 դոլարն ավելի մեծ արժեք է ինձ համար, քան, օրինակ՝ ԱՄՆ-ից ուղարկած 100 դոլարը, հետևաբար, այդ փող ուղարկելը ես համարում եմ անարդյունավետ ու անհեռանկար:

– Դուք ասում եք՝ թող գան Հայաստան, բայց իրենք էլ հակադարձում են, թե այստեղ պայմաններ չկան, ու իրենք ստիպված են լքել երկիրը, ո՞ւր վերադառնան:

– Դե, կներեք, այդ պայմաններն ո՞վ է ստեղծելու, թող գան, միասին ստեղծենք դրանք, սպասում են, որ ես պայմանը ստեղծեմ, իրենք գան ապրե՞ն այստեղ: Այդ պայմանները ոչ մեկի համար չկան կամ կան այնքան, որքան բոլորի համար, թող գան, միասին ավելի լավ պայմաններ ստեղծենք, ո՞վ է իրենց փոխարեն պետություն կառուցելու:

– Պարո՛ն Միսկարյան, որոշ ժամանակ առաջ խոսվում էր, որ Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է արվի, որպեսզի սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ևս իրավունք ունենան մասնակցելու Հայաստանի գործադիր ու օրենսդիր մարմինների ձևավորման աշխատանքներին: Դուք համաձայն կլինե՞ք նման փոփոխության:

– Համաձայն կլինեմ, բայց մի պայմանով, որ այդ քաղաքացիները, ենթադրենք, երկու տարվա մեկ տարին մշտապես բնակվեն Հայաստանում: Այն մարդիկ, որոնք գնացել են ու տարիներով Հայաստանի հետ ուղիղ կապ չունեն, չգիտեմ այդ մարդկանց ձայն տալու իրավունքը որքանով է արդարացված: Մարդը պետք է իր մաշկի վրա զգա Հայաստանում փոփոխությունները, որ ճիշտ ընտրություն կատարի, ներգրավված լինի այդ կյանքին:

– Սփյուռքում տեղի ունեցող բողոքի ակցիաները ինքնաբո՞ւխ են, թե՞ ուղղորդված:

– Կարծում եմ, որ դրանք իրականում շատ չնչին տոկոսն են կազմում, սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ոչ մեծ մասն է իրեն իրավունք վերապահում որոշել այն կարևոր հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի ժողովրդի ապագային ու բարեկեցությանը: Շատերը բավականին խելամիտ ու հավասարակշռված են, բավականին լոյալ են ու խելքից դուրս պահանջներ չեն բարձրացնում՝ Հայաստանից դուրս գտնվելով: Այդ փոքր մասի ակցիաներն էլ բացարձակ ուղղորդված են, ու չգիտեմ, իրենք գիտակցում են դա, թե չէ, բայց իրենք սպասարկում են օտար, ոչ այդքան մեզ բարեկամ պետությունների շահերը:

– Հայաստանում գործող քաղաքական ուժե՞րն են ուղղորդողները, պարո՛ն Միսկարյան:

– Առավելապես այո՛, բայց նրանք էլ ուղղորդվում են արտաքին ուժերից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am