Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն Սյունիքում ՏԻՄ ընտրություններին

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին ավարտվեց ժամկետը, երբ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող էին գրանցման համար փաստաթղթեր ներկայացնել Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 34 եւ թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներ, գրում է Factor.am-ը:

Խոսքը վերաբերում է Գորիս, Տաթեւ, Տեղ եւ Մեղրի խոշորացված համայնքներին, որտեղ 2021 թ. հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ավագանու ընտրություններ համամասնական ընտրակարգով: Ինչպես հաղորդում է հայտնում է «Սյունյաց երկիրը» Գորիս համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Լազարյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Վլադիմիր Աբունցը), «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» (ընտրական ցուցակը գլխավորում է Ալվարդ Իսախանյանը)  եւ «Առուշ Առուշանյան»  դաշինքը՝ կազմավորված «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունների կողմից (ընտրական ցուցակը գլխավորում է Առուշ Առուշանյանը):

Տաթեւ համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Մաթեւոսյանը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը) եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Սամվել Լալայանը): Տեղ համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Դավիթ Ղուլունցը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը):

Մեղրի համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Ազատական կուսակցությունը» (ընտրական ցուցակը գլխավորում է Խաչատուր Անդրեասյանը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը), «Հանրապետություն» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Բագրատ Զաքարյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արարատ Թումանյանը):