Ադրբեջանը չափազանց վտանգավոր քաղաքականություն է վարում, որոշ դեպքերում՝ ուղիղ ընդդեմ Իրանի, ու սրանում մեծ է Իսրայելի գործոնը. Արամ Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Պարո՛ն Փոլադյան, խաղաղության պայմանագրի վիճահարույց կետերի շուրջ, ինչպես ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հայաստանը պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին և սպասում է Բաքվի առաջարկին: Ի՞նչ արձագանք ու առաջարկ կլինեն ադրբեջանական կողմից՝ ձեր գնահատմամբ:

– Վստահ եմ, որ ադրբեջանական կողմում հիմա քննարկում են, թե էլ ինչ հայատյաց հայտարարություն, էլ ինչ գերագրեսիվ, ռազմատենչ հռետորաբանությամբ հանդես գան, որը կվնասի «խաղաղության» գործընթացին, որովհետև բազմիցս եմ ասել, որ Ադրբեջանը ջանում է ու շարունակելու է հնարավորի ու անհնարի սահմաններում ամեն բան անել, որպեսզի տապալի «խաղաղության» բանակցությունները: 

Ալիևի վերջին հայտարարությունը մեր երեք տարվա վերլուծությունների, նախազգուշացումների ու կանխատեսումների ապացույցն էր առ այն, որ Ադրբեջանը հատկապես Թուրքիայի դրդմամբ շարունակելու է տապալել խաղաղության հասնելու բոլոր հնարավոր ջանքերն ու առաջարկությունները: Այս պահին տառացիորեն անընկալելի ու անհասկանալի է խոսել տարածաշրջանային համապարփակ անվտանգության ու երկարատև խաղաղության մասին, երբ տարածաշրջանի պետություններից մեկի ղեկավարն անթաքույց հայտարարում է, որ հետ չի կանգնելու իր բոլոր պահանջներից: 

Ալիևը դե ֆակտո ոչ միայն չի թաքցնում, թե ինչ է արել վերջին տարիներին Հայաստանի սահմանին ու Արցախի տարածքում, այլ նաև հայտարարում է, որ իրենք են որոշելու հետագա բոլոր գործընթացների ելքերը տարածաշրջանում: Գնալով ավելի սանձարձակ դարձող ցեղասպան Ալիևը փորձում է սեփական ժողովրդին շարունակել պահել ինչ-որ էյֆորիայի մեջ, ինչը համեմատած նախորդ տարիներին վատ է ստացվում: Արմեն Գրիգորյանի հայտարարություններից հետո փորձելու են այդ ամենն ուղղել հենց Հայաստանի դեմ, մասնավորապես, այն ներկայացնելու են որպես հող հնարավոր ագրեսիայի համար, որին իբր թե պատրաստվում է Հայաստանը: 

– Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները առաջին հերթին նպատակ ունեն հայ հանրությանը հոգեբանական ճնշմա՞ն ենթարկելու, թե՞ իսկապես Ադրբեջանը դիտարկում է ռազմական գործողությունների գնալու սցենարը:

– Շատ կարևոր է այս պարագայում հաշվի առնել նաև բարեկամ Իրանի ու Իսրայելի հարաբերությունները, մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ Ադրբեջանը չափազանց վտանգավոր քաղաքականություն է վարում, որոշ դեպքերում՝ ուղիղ ընդդեմ Իրանի: Այս պարագայում այդ զորավարժությունները, բնականաբար, պետք է տեղ գտնեն Ադրբեջանի անվտանգային համակարգում: Հաշվի առնելով Ալիևի վերջին հայտարարությունները՝ վերլուծությունների կարիք էլ չկա, ամեն բան առավել պարզ ու հստակ է, որ մենք էլ պետք է ամեն վայրկյան պատրաստվենք ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեմն առնելու համար: 

– Պարո՛ն Փոլադյան, այսինքն՝ Ադրբեջանը նաև Իրանի՞ն է դիտարկում իբրև թիրախ:

– Ադրբեջանը երբևէ չի կարող դիտարկել Իրանին որպես հնարավոր հակառակորդ՝ առավելևս թշնամի, բայց հաշվի առնելով իրենց հեռուստատեսությունում հնչող հայտարարություններն ու ահագնացող հակաիրանական տրամադրությունները, որոնք պրոպագանդվում են նաև պետական հեռուստատեսությամբ ու լրատվամիջոցներով, պետք է ասեմ, որ սրանում մեծ է Իսրայելի գործոնը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am