Թիմային այսպիսի արդյունքներ երբեք չէին եղել. ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ընդունել է մեդալակիր ըմբիշներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 4-ին ընդունել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականներին, որոնք վերջերս մեդալներով վերադարձել են Ալբանիայում և Իսպանիայում անցկացված Եվրոպայի առաջնություններից: Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, երիտասարդական հավաքականների մարզիչներն ու մարզիկների անձնական մարզիչները:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարը, ողջունելով երիտասարդ ըմբիշներին ու նրանց մարզիչներին, շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել հաջողությունների համար:

«Բոլորիս շատ մեծ ոգևորություն ու դրական հույզեր պարգևեցիք: Հատկապես ուրախ եմ, որ պատանիներն ու երիտասարդներն են լավ արդյունքներ գրանցում, որը նշանակում է՝ ունենք հուսալի ապագա և մեծահասակներին արժանի փոխարինողներ: Ըմբշամարտում Հայաստանը շարունակելու է լինել ուժեղ թիմ ունեցող երկրներից մեկը: Հաջողությունները տարիների հետևողական ու բարդ  աշխատանքի արդյունք են. շնորհակալ եմ այդ հսկայածավալ աշխատանքի համար: Ուզում եմ իմանաք, որ հպարտանում ենք ձեզնով: Ձեր հաջողությունը նաև մեր հասարակության ու պետության հաղթանակն է. ձեր շնորհիվ մեր երկրի դրոշը բարձրանում է ամենատարբեր հարթակներում, հնչում է մեր երկրի օրհներգը, որը բոլորիս համար լրացուցիչ ոգևորության առիթ է ու ստիպում է, որ յուրաքանչյուրս մեր տեղում լավ կատարենք մեր գործը: Վստահ եմ՝ ձեր հաջողությունները ոգևորում են նաև նոր սերնդին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է հատկապես ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականին, որը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Պատանի ըմբիշները նվաճել են 8 մեդալ` 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե։

Նշվում է, որ մարզիկներին և մարզիչներին շնորհավորել ու անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը որդեգրել է սպորտին օժանդակելու, մրցումներ անցկացնելու և միջոցներ հատկացնելու քաղաքականություն, որպեսզի արդյունքները հետագայում տեսանելի լինեն: Մեդալների այսպիսի քանակ ու հատկապես թիմային այսպիսի արդյունքներ երբեք չէին եղել: Սա մեր և ձեր ճիշտ աշխատանքի արդյունքն է»,- նշել է Կարեն Գիլոյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու ամփոփել մարզիկների ելույթները. «Վաղվանից էլ մեկնարկում է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ ևս մեծ սպասելիքներ ունենք: Մեր հիմնական նպատակն այս տարվա աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Ամեն ինչ պետք է անենք՝ լավագույնս հանդես գալու և Օլիմպիական խաղերում առավելագույն թվով մասնակիցներ ունենալու համար»:

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում ֆեդերացիայի ներկայացուցիչներն ու մարզիչները տարատեսակ հարցեր են բարձրացրել՝ կապված մարզիկների տարկետման, մարզիչների ու մրցավարների համար սեմինարների կազմակերպման և այլնի հետ: