Չորաթանում տնկել են 8000 թուզ ու արքայանարինջ

Այս շաբաթ Բերդի տարածաշրջանի Չորաթան համայնքի մոտ 12 հեկտար հողատարածքում տնկվել է թուզ ու արքայանարինջ տեսակների 8000 ծառ։ Ծրագիրն իրականացվել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջոցով՝ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» բազմաբաղադրիչ ծրագրի շրջանակներում։

Ծառատունկի համար ընտրված հողատարածքները սահմանակից են Ադրբեջանին։ Գյուղի բնակչությունը տարիներ շարունակ չի կարողացել մշակել սեփական հողերը անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև ոռոգման համակարգի բացակայության պատճառով։ 2020թ․ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ տարածքները ոռոգելի են դարձել՝ նպաստավոր դարձնելով գյուղի տնտեսությունների աշխատանքները։ 

«Այս նախաձեռնությունը կարևոր է տեղի շուրջ 50 գյուղատնտեսների համար, որոնք վերստին կարող են մշակել իրենց այգիները, ստանալ ու իրացնել սեփական բերքը՝ ստեղծելով կայուն ու երկարաժամկետ եկամուտ։ Ծառատունկը նաև նշանակալից էր մարզային իշխանությունների հետ արդյունավետ համագործակցային հիմքեր ներդնելու առումով», – նշել է ՀՕՖ-ի տնտեսական ու համայնքային զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը՝ հավելելով, որ պտղատու ծառատեսակները որոշվել են պահանջարկից ելնելով, քանի որ վերջին տարիներին Բերդի տարածաշրջանի թուզը հատկապես մեծ պահանջարկ է ձևավորել ՌԴ-ում, ինչը նախկինում չի եղել։

Գյուղացիներն առաջին բերքը կհավաքեն 3 տարի անց։

Այս մասին հայտնում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)։