«Իրանում մտահոգ են, շահագրգիռ չեն, որ Նախիջևանի և «մայրցամաքային Ադրբեջանի» միջև կապ հաստատվի այն տարածաշրջանում, որը կապում է Իրանը Հայաստանին»․ իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Վարդան Ոսկանյանը

Պարո՛ն Ոսկանյան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրվում է միջանցքի ստեղծում, ըստ որի՝ Ադրբեջանը Հայաստանի միջոցով պետք է ցամաքային կապ ունենա Նախիջևանի հետ։ Իրանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է այս հարցի վերաբերյալ։

– Եթե փորձենք մեկ բառով գնահատել Իրանի թե քաղաքական և թե վերլուծական շրջանակների դիրքորոշումը, ապա կարելի է օգտագործել «մտահոգություն» եզրույթը։ Իրանցիները ակնհայտորեն մտահոգ են նման ծրագրի գոյությունից ու այդ ծրագրի դեռևս մշուշապատ լինելուց։

Մեր հասարակությունն էլ շատ հստակ չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, և դրա վերաբերյալ մանրամասներ կարծես թե չեն հայտնվում։ Եվ իրանցիները շահագրգիռ չեն, որ Նախիջևանի և «մայրցամաքային Ադրբեջանի» միջև կապ հաստատվի այն տարածաշրջանում, որը կապում է Իրանը Հայաստանին։

Մեղրիի տարածաշրջանը՝ որպես սահմանային գոտի, և՛ մեզ, և՛ Իրանի համար ունի կենսական կարևոր նշանակություն, որովհետև իրանցիները դեպի հյուսիս ելքերի շրջանակներում Հայաստանի ուղին դիտարկում են որպես այլընտրանք միասնական ադրբեջանա-թուրքական ուղուն։ Ուստի, իրանցիների համար դա շատ կարևոր հարց է։

Վերլուծական շրջանակների մակարդակով իրանցիներն առաջարկում են մեկ այլ միջանցքի գաղափար։ Միջանցք, որը Իրանը կկապի Հայաստանին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հյուսիսային հատվածով, այնտեղ, որտեղ հատվում են Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանները։

Դա առայժմ վերլուծական շրջանակների մակարդակով է արծարծվում, պաշտոնական որևէ հայտարարություն կարծես թե չի եղել։

Այն պարագայում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը ակնհայտ փորձում են պարտադրել Հայաստանին այդ միջանցքի ստեղծումը, Իրանից դիմակայություն հնարավո՞ր է լինի։

– Այստեղ մենք ունենք մի կարևոր խնդիր, որը վերաբերում է Հայաստանին։ Դա մեր պետության սուբյեկտայնության չափազանց ցածր մակարդակն է Արցախյան պատերազմում տեղի ունեցած գործընթացներից հետո։

Որոշ դեպքերում կարծես թե իրանցիները փորձում են նաև խոսել այլ խաղացողների հետ։ Խոսքը, բնականաբար, առաջին հերթին ռուսական կողմի մասին է։ Գիտեք, այդ միջանցքը, ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության, պետք է վերահսկվի ռուսական սահմանապահ ուժերի կողմից։

Եվ դրանով ռուսական կողմը փաստացի պահպանում է վերահսկողությունը նշված միջանցքի վերաբերյալ։ Իհարկե հայտարարության մեջ հստակ սահմանված չէ «միջանցք» բառը, բայց, ըստ էության, դա միջանցք է։

Ուստի իրանցիները նաև ռուսական կողմի հետ դեռևս չհայտարարվող շփումներ ունեն կարծես թե և այդ խնդիրը քննարկում են։

Եթե փորձենք ընդհանուր գնահատել այդ միջանցքի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա, ապա ակնհայտ է, որ դրանում չափազանց շահագրգիռ են Ադրբեջանը և Թուրքիան։

Ընդ որում, Թուրքիան շահագրգիռ է իր հեռագնա ծրագրերի համատեքստում։ Գիտեք՝ թուրքական կողմը ձգտում է ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի հետ և Ադրբեջանի միջոցով դուրս գալով Կասպից ծոցի տարածաշրջան, այնուհետև հայտնվել Կենտրոնական Ասիայում՝ այսպիսով իրականացնելով թուրանական իր պատրանքի գոնե մի մասը։ Հետևաբար, իրանցիները և ռուսական կողմն այս համատեքստում կարող են և համագործակցել՝ թույլ չտալու թուրքական նման նկրտումներ, որովհետև այդ նկրտումները որքանով ռիսկային ու վտանգավոր են Ռուսաստանի համար, նույնքանով էլ լուրջ մարտահրավեր են Իրանի համար։

– Հայաստանի համար ի՞նչ օգուտներ կարող են լինել, օրինակ՝ պաշտոնական մակարդակով ասվում է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով կարող են իրականացվել բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրան, Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան։

– Շատ պարզ բանաձև կա այստեղ՝ այն, ինչին այդքան մեծ ջանասիրությամբ և եռանդով այժմ լծվել են Թուրքիան ու Ադրբեջանը, չի կարող ձեռնտու լինել Հայաստանի համար։

Դա ակնհատ փաստ է, եթե մենք բոլոր մանրամասների մեջ չխորանանք։ Բայց կրկնում եմ՝ մի կարևոր հանգամանք կա՝ մեր հասարակությունը պետք է հստակ տեղեկություն ունենա՝ ինչի՛ մասին է խոսքը։

Զանազան հեղհեղուկ ձևակերպումներ, ոչ թափանցիկ ակնարկներ, հղումներ նոյեմբերի 9-ի հայտարարությանը…

-Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Մեղրիով ճանապարհի մասին հիշատակում չկա նոյեմբերի 9-ի հայտարարությունում։

– Կրկին բառախաղի հետևից են ընկած, բայց եթե հղում է կատարվում այդ հայտարարությանը, դրա մեջ կա մի բավական տարօրինակ և կրկին բացատրություն պահանջող հատված այդ հաղորդակցությանը վերաբերող հատվածում։ Ասվում է՝ պետք է կառուցվեն հաղորդակցության նոր ուղիներ։

Ի՞նչ նոր հաղորդակցության ուղիների մասին է խոսքը, այս պահի դրությամբ խոսվում է միայն երկաթուղու մասին։ Բավական մութ կետեր կան, ինչն էլ, բնականաբար, հասարակության մեջ կասկածի մթնոլորտ է ստեղծում, որ մենք կարող ենք ցավալիորեն հայտնվել այն նույն իրավիճակում, ինչ իրավիճակում հայտնվեցինք նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հասարակությունն ուղղակի կանգնեց փաստի առջև այդ ստորագրված հայտարարության ներքո։

– Վերջին շրջանում անընդհատ տեղեկություն կա, որ Իրանի ներսում զորքեր են կուտակվում, հնարավոր են բախումներ։ Ի՞նչ հնարավոր զարգացումների մասին կարող է խոսք լինել։

– Իրանցիներն Արցախյան պատերազմի ընթացքում ուժեղացրել են իրենց հյուսիսային սահմանների պաշտպանությունը՝ այնտեղ տեղափոխելով նաև լրացուցիչ զորախմբեր։

Եվ դա միտված էր նաև թույլ չտալու ահաբեկիչների հնարավոր մուտքը Իրանի հյուսիս։ Գիտեք, հատկապես մերձարաքսյան գոտի Թուրքիան «ներմուծել» էր ահաբեկիչներ Սիրիայից, հենց նույն այն ահաբեկիչներին, որոնց դեմ Իրանը պայքարում է տարիներ շարունակ նաև Մերձավոր Արևելքում։ Եվ դա միտված էր հիմնականում ահաբեկիչների դեմն առնելուն։

Ինչ վերաբերում է ընդհանուր Իրանի ներսում տիրող իրավիճակին, գիտեք, որ այս տարվա ընթացքում Իրանն անընդհատ զորավարժություններ է անցկացնում՝ իր զինված ուժերը բերելով մարտական պատրաստության նոր մակարդակի, որովհետև կան որոշակի սպառնալիքներ։

Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներին։ ԱՄՆ հեռացող նախագահ Թրամփը պարբերաբար նաև հակաիրանական գործողություններ է ձեռնարկում։

Կարծում եմ՝ Իրանի ու ԱՄՆ-ի միջև լայնածավալ պատերազմ դժվար թե լինի, բայց տեղային բախումների կամ հարվածների ռիսկը բավական բարձր է։ Ուստի իրանցիներն իրենց զինված ուժերը պատրաստում են նաև նման հնարավոր բախումների։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am