Հայաստանում սկսվում է նոր դիմակայություն

Հայաստանում սկսվում է նոր դիմակայություն
Հայաստանում սկսվում է նոր դիմակայություն

Սահմանադրական դատարանի որոշումը Հայաստանը գցել է նյարդերի պայքարի փուլ:

Հավատարիմ մնալով անհասկանալիության սեփական առաքելությանը, Հայաստանի ՍԴ-ն պարտադիր կուտակային համակարգի մասով կայացրել է մի որոշում, որը մի կողմից հանգուցալուծելով ռեֆորմի հետ կապված կարեւոր հարցը՝ պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականությունը, մյուս կողմից մի վիճակ է ստեղծել, որը թողնում է մանիպուլյացիաների մեծ հնարավորություն:

Եթե հունվարի 24-ի որոշումից հետո քաղաքացիները փորձում էին հասկանալ, թե ի վերջո պետք է վճարել, թե պետք է սպասել մարտի 28-ի որոշմանը, այդ որոշումից հետո էլ նրանց մոտ նույն հարցը մնացել է եւ գուցե ավելի սրվել:

Իշխանությունն ասում է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը պետք է վճարել, իսկ Սահմանադրական դատարան դիմած ոչիշխանական ուժերն ու ԴԵՄ ԵՄ շարժումը խոսում են հաղթանակի մասին եւ ասում, որ ՍԴ որոշումը մարդկանց ազատում է պարտադիր վճարներից հենց հրապարակման պահից:

Տրամաբանությունը հուշում է, որ ՍԴ որոշումը մարդկանց իսկապես ազատում է պարտադիրից, որովհետեւ եթե պարտադիրը հռչակվում է որպես սեփականության անձեռնմխելիության խախտում, ինչը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է եւ ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, ապա առնվազն անհեթեթ է մտածել, որ Սահմանադրական դատարանը իշխանությանը հնարավորություն է տվել 4-5 ամիս խախտել մարդկանց սահմանադրական իրավունքը:

Այլապես, Հայաստանի Սահմանադրական դատարանը երեւի թե կարող է համաշխարհային շրջագայության մեկնել, որպեսզի աշխարհում տեսնեն, որ կա Սահմանադրական դատարան, որն իր օրինավոր վճռով թույլ է տալիս իշխանությանը մի քանի ամիս խախտել Սահմանադրությունը:

Իրականում, ըստ ամենայնի, տեղի է ունեցել շատ ավելի պարզ մի բան: Սահմանադրական դատարանը քաղաքացիներին տալով իրենց իրավունքը պաշտպանելու հնարավորություն, իշխանությանն էլ թողել է քաղաքացիների վրա հոգեբանական ճնշման, նրանց խաբելու, շահարկումներ կիրառելու հնարավորություն:

Այսինքն, ՍԴ-ն ընդամենը հավասարեցրել է հնարավորությունները, այսպես ասած «թող հաղթի ուժեղը» տարբերակով: Իհարկե, դա մեղմ ասած տարօրինակ վիճակ է, բայց 1996 թվականից ի վեր կեղծվող համապետական ընտրությունները վավերացրած Սահմանադրական դատարանից երեւի թե այդքանը ստանալն էլ քիչ չէ: Կարդալ ավելին