Ստեղծված հետպատերազմական իրավիճակում առավել օպտիմալը կլինի այն, որ լինի ԱՄՆ-Ռուսաստան փոխհամաձայնություն ռուսական դերի հարցում․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ ԱՄՆ դեսպանը հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն Արցախում ռուս խաղաղապահների ապագան, նա այդ հայտարարությամբ հաստատ հայ ժողովրդին նվեր չի անում Անկախության տոնի առիթով: Եվ պարտավոր էլ չէ անել:

Նա առաջ է մղում ամերիկյան քաղաքականությունը:

Մեր խնդիրն է հասկանալ, թե այդ քաղաքականության տվյալ դրվագը որքան է համահունչ մեր քաղաքական շահին, մեր խնդիրներին, որպեսզի նաեւ հասկանանք, թե ինչպես է պետք արձագանքել դրան: Ըստ այդմ, մեր շահից բխում է Հայաստանում թեմայի հանդեպ հնարավորինս լուռ, առավելագույնս ուշադիր, բայց հնարավորինս լուռ վերաբերմունքը:

Այո, Հայաստանը ու Արցախը պետք է առաջնահերթ աշխատեն պատրաստ լինելու համար իրավիճակի, երբ կարող է առաջանալ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու խնդիր: Ռուսաստանը չունի հեռանալու ծրագիր, բայց ամբողջխնդիրն այն է, որ այդ հարցը միայն Ռուսաստանը չէ, որ վճռելու է, միայն Ռուսաստանից չէ, որ լինելու է կախված: Լինելու են բազմաթիվ գործոններ:

Բայց, կրկնեմ, այդ ուղղությամբ Հայաստանը պետք է աշխատի լուռ, առանց ավելորդ աղմուկի, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ աշխատանքում փաստարկելով, որ՝ մենք խնդիր չենք առաջացնում Արցախում ռուսների ներկայության կապակցությամբ, բայց մենք իրավունք ունենք պատրաստ լինելու, եթե այդ ներկայությունը սկսի խնդիրներ առաջացնել մեզ համար:

Նույն տրամաբանությամբ պետք է լինի մեր աշխատանքը ԱՄՆ հետ, որ, մենք դեմ չենք լինի, եթե ԱՄՆ ուզում է հասնել Արցախում բազմազգ ուժերի ներկայության,, բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ այդ խնդիրը լուծվի մեզ համար ռուսների հետ հավելյալ խնդիրներ առաջացնելու միջոցով, երբ ռուսները կորոշեն հեռանալ ավերակներ թողնելով: Ընդհանուր առմամբ, ինչպես առիթ եմ ունեցել արտահայտել կարծիքս, մեզ համար առնվազն միջնաժամկետ հեռանկարում՝ ստեղծված հետպատերազմական իրավիճակում առավել օպտիմալը կլինի այն, որ լինի ԱՄՆ-Ռուսաստան փոխհամաձայնություն ռուսական դերի հարցում»: