Փաշինյանն իր «քարոզչաթերթիկը» շպրտեց կուրթանցի տղայի վրա

Մհեր Արշակյան

Կուրթանցի տղայի պատմությունը Նիկոլ Փաշինյանի «իյա, իրո՞ք»-ն էր: Կամ՝ էկել ես, էստեղ տոններս փչացնում ես, որ ի՞նչ անես: Սա լեգիտիմության առաջին մուննաթն էր ՀՀ հպարտ քաղաքացու նկատմամբ: 

Պե՞տք էր սա Փաշինյանին: Չգիտեմ: Բայց դրանից առաջ նա չափազանց շատ սեր է խոստովանել ՀՀ քաղաքացուն նրա հետ այսպես խոսելու համար:

Ինքը պարտավոր էր իմանալ, թե ում հետ է այսպես խոսում: Այդ մուննաթը նման էր նախորդ օրը մետրոպոլիտենում Մարիա անունով աղջկան չասվածը ուրիշի դեմքին շպրտելուն:

Ձեզ վրա հպարտ քաղաքացին քարոզչաթերթիկ է շպրտում, դուք ասում եք՝ սա ժողովրդավարության հաղթանակն է, հաջորդ օրը ՀՀ ոչ այնքան հպարտ քաղաքացին առողջական պատճառներով ճկված մեջքով բան է խնդրում, դուք նրա վրա բառե՞ր եք շպրտում:

Դրանք միայն բառեր չեն, այդ քաղաքացին մայր ունի, համագյուղացիներ ունի, հարազատներ ունի: 

Դա խեղճություն չէ, ինչպես ասացիք Սիսիանում հարյուրավոր այլ հպարտ քաղաքացիների առջև: Խեղճություն կլիներ, եթե Պողոս Պողոսյանին սպանած Աղամալ Հարությունյանը ձեզ բան խնդրեր:

Կուրթանցի այդ տղայի կեցվածքը խեղճություն չէր, խեղճությունն առողջական պատճառներ չունի, առողջություն չունենալն այլ պատմություն է: Հրանտ Մաթևոսյանը առողջի խեղճությունից է խոսում, այլընտրանք ունեցողի խեղճությունից: Հրանտ Մաթևոսյանը խոսում է 1,5 միլիոնի ողջ-առողջ մորթվելուց, ոչ թե հրեա այն հիվանդներից, որոնք գնդակահարվեցին Գերմանիայի հիվանդանոցներում:

Դուք դեռ պարգևավճարների շռայլության թեման չեք փակել այս հասարակության համար ու ինչ-որ խեղճ (խեղճության մասին չէ խոսքը) մեկին ասում եք՝ ոտ ու ձեռ ունես, գնա աշխատի՞ր: 

Դուք ասում եք, որ ատում եք խեղճությունը: Հնարավոր է՝ միշտ եք ատել խեղճությունը, դեռ սոված լինելու օրերից: Եվ արել եք ձեր քայլը: Դուրս եք եկել այդ վիճակից:

Բայց ձեզ ինչ-որ մեկը ոչնչացրե՞լ է: Հասկանո՞ւմ եք, կուրթանցի այս տղայի պատմությունը դաժան էր, որովհետև ավելի հաշմված շատերը տեսան, որ իրենք մենակ են:

Դուք բացառեցիք քաղաքացու երևակայություն չունենալու կանխավարկածը, դուք հարյուրավոր այլ կանխավարկածներ հողին հավասարեցրեցիք:

Եթե ձեզ հետ խոսելուց հետո քաղաքացին ասում է, որ ինքը պարտված է, հեղափոխությունը ի՞նչ պիտի անի դրանից հետո, չպե՞տք է մի կողմ դնի իր բոլոր գործերն ու գնա էդ քաղաքացուն հաղթանակեցնի:

Նոր Կտակարանում ուսանելի պատմություն կա մոլորված ոչխարի մասին: «Ոչխարը» ձեր առջև էր կանգնած ողջ մոլորյալությամբ, պարո՛ն վարչապետ:

Ընդհանրապես, երբ մարդը պարտված է, մոռացե՛ք, որ նա հպարտ է եղել երկու տարի: Որտե՞ղ տեսաք նրա խեղճությունը: Եվ ինչու՞ եք կարծում, որ խեղճությունը այնտեղ է, որտեղ մարդու միակ առավելությունը ձեր մտերիմը կամ բարեկամը լինելն է:

Քի՞չ են մարդիկ, որոնք այսօր վայելում են կյանքը հենց միայն այդ պատճառով: Եթե նույնիսկ այդ տղայի ոտքն ու ձեռքը տեղն են, իրավունք չունե՞ր ձեզ բան խնդրելու: Վաղը ձեզ ոչինչ չխնդրե՞ն: 

Հանրաքվեի օրերին այս պատմությունն իսկապես տհաճ էր: Չես ուզում քաղաքացու խնդրարկու վարքից ընտրակաշառք «կառուցել»: Հասկանալի է: Բայց զգույշ եղեք, ուրիշ հարց է, երբ քաղաքացին «պարտվում» է իր խելքից:

Եվ բոլորովին այլ հարց է, երբ էդ ուսերին շալակած հույսերով մարդը գալիս է ձեզ մոտ, ու նրան ցույց են տալիս դուռը, որը չկա:

Մհեր Արշակյան

MediaLab.am