ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախագահությամբ կայացել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Նիստին մասնակցել են «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆոնդ 100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը, ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, ջութակահար, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, երաժիշտ, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Լիլիթ Սարգսյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, պատվավոր խորհրդի անդամ Շանթ Շեխերեդմյանը, ինչպես նաև պաշտոնատար չքվեարկող անդամներ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:
Էսթեր Դեմիրճյանը նիստում ներկայացրել է հունվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում հիմանդրամի կատարած աշխատանքներն ու ֆինանսական ծախսերի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել ապրիլ ամսին ԱՄՆ այցի ժամանակ հիմնադրամի ունեցած հանդիպումների և բարեգործական ընթրիքների ժամանակ ստացված արդյունքներին: Էսթեր Դեմիրճյանը ներկայացրել է ԱՄՆ-ում հիմնադրամի մասնաճյուղ բացելու հնարավորությունը:
Նիստին հիմնադրամի խորհուրդը որոշել է, որ քաղցկեղով հիվանդ այն երեխաները, ովքեր բժշկական կոնսիլիումի որոշման հիման վրա չեն կարող բուժվել Հայաստանում, սակայն կարիք ունեն բուժում ստանալ արտերկրում, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն առանձին կնախաձեռնի դրամահավաք-արշավ կոնկերտ դեպքերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:
Խորհրդի նիստում քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր:
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։