Արման Բաբաջանյանն ու Ժաննա Ալեքսանյանը քննարկել են բանակի խնդիրները

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ու իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հանդիպել են՝ քննարկելով պաշտպանության ոլորտի խնդիրները:

«Վերջին օրերին զինված ուժերում կատարվող դեպքերը վաղուց բացառությունից վերածվել են օրինաչափության։ Այս տարվա ընթացքում չպարզված հանգամանքներում զոհվել կամ ինքնասպան են եղել մեկ տասնյակից ավելի երիտասադներ։ Սա իսկական աղետ է մեր զինված ուժերի, պետության ու հասարակության համար ընդհանրապես։

Հրադադարի ռեժիմում գտնվող երկրի զինված ուժերում ներքին պատճառներով արձանագրվող մահվան դեպքերը ներսից ջլատում ու բարոյալքում են բանակը՝ անդառնալի վնաս հասցնելով նրա մարտունակությանը։

Այսօր հանդիպել եմ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով սերտորեն զբաղվող Ժաննա Ալեքսանյանի հետ։ Քննարկել ենք համագործակցության բոլոր հնարավորությունները։ Տիկին Ալեքսանյանի հետ պայմանավորվել ենք հանդիպումները դարձնել պարբերական, քննարկել խնդիրներին ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու ուղիները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Բաբաջանյանը: