Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:50-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում կկայանա Արթուր Օսիպյանի հայցով դատական նիստը՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
«Ինչպես հայտնել էի, հունիսի 18-ին իմ կողմից դատական հայց է ներկայացվել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 18-ին քարոզարշավի ընթացքում հնչեցված կեղծ մեղադրանքների ու վիրավորանքների համար պաշտոնական ներողություն խնդրելու պահանջով»,- գրել է Օսիպյանը։
2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախընտրական քարոզարշավի ժամանակ Օսիպյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել, որից հետո Օսիպյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Նա կալանքի ընթացքում հացադուլ էր հայտարարել և հացադուլի մեջ էր 23 օր։ Հունիսի 10-ին Օսիպյանն ազատ էր արձակվել կալանքից։
Հունիսի 18-ին Օսիպյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել Փաշինյանի դեմ՝ պահանջելով պաշտոնական ներողություն և իր կողմից զրպարտիչ ու վիրավորական համարվող հայտարարությունների հերքում։



















