Էրդողանն ակնկալում է շարունակել համագործակցությունը Գերմանիայի նոր կառավարության հետ

Թուրքիան ակնկալում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոր կառավարությունը կշարունակի Անկարայի հետ համագործակցության՝ կանցլեր Անգելա Մերկելի կուրսը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ստամբուլում Մերկելի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հուսով եմ, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Անգելա Մերկելի՝ Թուրքիայի հետ համագործակցության հաջողված կուրսը: Ես շնորհակալ եմ Մերկելին սիրիական ճգնաժամում ունեցած ներդրումի համար», – ընդգծել է նա:

Սեպտեմբերի 26-ին Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում 25.7 տոկոսով հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքն իր պատմության ընթացքում վատագույն արդյունքն է գրանցել՝ ստանալով 24.1 տոկոս ձայն: