Թբիլիսիի և Բաքվի միջև ստորագրվեց քույրացման հուշագիր: Վրաստանի առաջին ալիքի հաղորդմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Ադրբեջանում Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հուշագրի ստորագրումը մեծ նշանակություն ունի:
Նրա խոսքով՝ ներկայումս Թբիլիսին քույրացել է 20 քաղաքների հետ: «Այսօր Թբիլիսիի եւ Բաքվի միջև կնքված քույրացման հուշագիրը շատ կարևոր է:
Մեր քաղաքների միջև կար երկարամյա գործընկերություն: Բաքուն Թբիլիսիի համար կդառնա 21-րդ քույր քաղաքը: Հուսով եմ, որ հուշագիրը մեծ ներդրում կունենա Վրաստանի ու Ադրբեջանի միջև դարավոր հարաբերությունների խորացման գործում:
Պայմաններ կստեղծեն տարբեր ոլորտներում մեր հարաբերություններն ավելի հետաքրքիր ու բարեկամական դարձնելու համար», – ասել է Կախա Կալաձեն: Իր հերթին, Ազիզովը նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը երկար տարիների բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեն: «Այսօր երկրների միջև հարաբերությունները զարգանում են շատ ոլորտներում:
Երկկողմ այցերը նոր հնարավորություններ են ստեղծում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար»,- հայտարարել է Ազիզովը: 1997 թվականից Թբիլիսին և Բաքուն գործընկեր քաղաքներ են: