Ուռուցքաբանության ոլորտը մեր առաջնահերթություններից է. Արսեն Թորոսյան

Ուռուցքաբանության ոլորտը մեր առաջնահերթություններից է. Արսեն Թորոսյան
Ուռուցքաբանության ոլորտը մեր առաջնահերթություններից է. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) և առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին, որոնք impact առաքելության շրջանակներում այցելել են Հայաստան և գնահատել երկրի ուռուցքաբանության ծառայության կարողությունները:

ԱԷՄԳ առաքելության պատասխանատու Արսեն Յուրիչը ներկայացրել է անցկացրած հետազոտությունների նախնական արդյունքները` արձանագրելով այս ոլորտում առկա խնդիրները, բացթողումները, ինչպես նաև հանդես է եկել առաջարկներով և ուռուցքաբանության ծառայության կտրուկ բարեփոխմանն ուղղված հնարավոր լուծումներով:

Առաքելությունը գնահատել է փուլ առ փուլ կատարվող ծառայության քայլերը` սկսած առաջնային օղակում կանխարգելիչ միջոցառումներից մինչև պալիատիվ խնամք:

Վերջինս  առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնների վրա, մասնավորապես նշելով` ծխելը, ալկոհոլի չարաշահումը, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման բնակչության քիչ ներգրավվածությունը, այն դեպքում, երբ պետությունն անվճար տրամադրում է միջազգային չափորոշիչներին համապատասխան պատվաստանյութը:

«Կան գնահատականներ, որ Հայաստանում քաղցկեղ ունեցողների 55 տոկոսի մոտ ռիսկի գործոնը ծխելն է»,- շեշտել է Արսեն Յուրիչը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել առաքելության ներկայացուցիչներին և նշել, որ ուռուցքաբանության ոլորտը նախարարության առաջնահերթություններից է:

«Նախատեսում ենք հաջորդ տարվա բյուջեում քաղցկեղի ախտորոշման և բուժման ֆինանսավորման զգալի ավելացում, սկրինինգային նոր ծրագրերի, ինչպես նաև քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության ներդրում»,- ասել է Թորոսյանը:

Առաքելության այցի արդյունքում առաջիկայում պատրաստվելու է ոլորտը գնահատող զեկույց, ոչ միայն ծառայության կարողությունների, այլև ճառագայթային անվտանգության մասով:

Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական և ավելի համապարփակ:

Այս մասին հայտնում է պաշտոնական հաղորդագրությունը։