«Պատճենել 2018-ի տեխնոլոգիաները և փորձել այս իշխանությանը հեռացնել այն նույն մեթոդներով, ինչ մեթոդներով իրենք են եկել, նշանակում է՝ ունենալ 2018-ի իրավիճակը, ինչը չունենք». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

Պարո՛ն Սաֆարյան, Փաշինյանը հայտարարեց, որ ինքը կառչած չէ վարչապետի աթոռից և բոլոր ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Ընդդիմադիր ուժերի մի հատված դեմ է արտահերթ ընտրություններին։ Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այս քայլը, սա միակ ճիշտ լուծո՞ւմն էր այս իրավիճակում։

– Միգուցե միակը չէ, ես չեմ ասելու, թե լուծումը մեկն է, բայց հաստատապես լուծում է, և այն լուծումն է, որն ընդունված է ժողովրդավարական և իրավական երկրներում։ Սա երկարաժամկետ կայունության ապահովման համար հետպատերազմյան իրավիճակում իրականության ֆիքսումն է, և ազատ ու արդար ընտրությունների միջոցով, որպեսզի որևէ կասկած չլինի, որ իշխող կուսակցությունն այլևս հանրային աջակցություն չի վայելում և եթե չի վայելում, իսկապես նոր իշխանություն ձևավորվի։ Ի վերջո, այս առաջարկի մասին խոսել են շատերը, և կարծեք թե այս առաջարկը պետք է որ բավարարի շատերին։ Հիմա այդ առաջարկը մերժողները իրենք պարզ պետք է խոստովանեն, որ իրենց նպատակը իշխանության յուրացումն է։ Որովհետև եթե ոչ ընտրություններ, ապա մնացած բոլոր ձևերը արգելված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ։ 

Երբ մենք դեկտեմբերի 1-ին Հանրային խորհրդի անդամներով հանդիպեցինք վարչապետի հետ, քննարկեցինք բոլոր տարբերակները, այդ թվում և՝ այսպես կոչված նոր կառավարություն ձևավորելու և այլ հարցեր։ Եվ ակնհայտորեն սա այն լուծումն է, որը թույլ է տալիս կասկածի տակ չդնել ժողովրդի իշխանության իրացման իրավունքը։ Այլապես ստացվում է՝ մենք կասկածի տակ ենք դնում ժողովրդի իշխանության իրացման խնդիրը։ Եվ եթե իսկապես այդպես է, և դրա տակ թաքնված է այն անթույլատրելի բառամթերքը, որը օգտագործում են ժողովրդի հասցեին, ապա դրա մասին պետք է պարզ հայտարարեն, որ այլևս չենք վստահում ժողովրդին, նրա ընտրությանը, և նախ պետք է հիմնավորվի այդ ասվածը՝ թե ինչու ժողովրդին չեն վստահում, և արդյոք ժողովրդի սխալ ընտրությո՞ւնն է բերել պատերազմի կամ պատերազմի նման հետևանքների։ 

Հրապարակում խոսելով դավաճանության մասին, պահանջ չի ներկայացվում, որ պետք է պատերազմի հետաքննություն իրականացվի, եթե եղել է դավաճանություն, ո՛վ է եղել դավաճանը, որովհետև պատերազմին անպատրաստ լինելը դեռևս դավաճանություն չէ, և եթե մենք պատերազմին անպատրաստ ենք եղել, ապա պետք է հասկանանք՝ ի՛նչ պատճառով, ինչի՛ շնորհիվ։ Բայց որևէ ապացույց չի ներկայացվում, թե ո՛րն է հիմքը իշխանության փոփոխության և ո՛րն է հիմքը իշխանության ձևավորման։ Երկու մասով էլ կասկածելի լռություն է։ Եվ այն տպավորությունն է, որ կասկածի տակ է դրվում՝ ժողովուրդը իրավունք ունի՞ իշխանություն ձևավորելու, այդ դեպքում կանգնեք ասեք՝ Սահմանադրությունը չենք հարգում, ժողովրդի ընտրությանը չենք վստահում և այլն, և սա ավելի բաց զրույցի կբերի, քան ընտրություններից հրաժարվել։

– Իշխող ուժը պե՞տք է մասնակցի ընտրություններին, թե՞ ոչ։ Տեսակետ կա, որ իշխանությունը չպետք է մասնակցի ընտրություններին, որ պատկերը օբյեկտիվ լինի։

– Նման բան չի կարող լինել, քանի որ որևէ հիմնավորում չկա, թե ինչու չպետք է մասնակցի։ Եթե հիմնավորեն, որ «Իմ քայլը» միակ պատասխանատվությունը և մեղավորությունն ունի այս պատերազմի համար, միգուցե դա քննարկենք, բայց, կրկնում եմ, այդ դեպքում թող ընտրություններին չմասնակցեն այն բոլոր ուժերը, որոնք պատասխանատու են բանակի թերզինման, պատերազմի պատրաստվածության համար։

Այդ դեպքում բոլոր քաղաքական ուժերը չպետք է մասնակցեն, բոլոր այն ուժերը, որոնք երբևէ եղել են իշխանություն, վարել են բանակցություններ, երբևէ համաձայնել են յոթ շրջանները տալուն, երբևէ պատասխանատու են եղել կառավարման համար, այսինքն՝ այդ դեպքում շատերը չպետք է մասնակցեն ընտրություններին։

Պարո՛ն Սաֆարյան, 16 ուժերը փորձում են հեղափոխական մեխանիզմները կիրառել։ Սա որևէ արդյունք կարո՞ղ է ունենալ նրանց համար։

– Ո՛չ, մենք տեսնում ենք, որ չի կարող, որովհետև պատճենել 2018-ի տեխնոլոգիաները և փորձել այս իշխանությանը հեռացնել այն նույն մեթոդներով, ինչ մեթոդներով իրենք են եկել, նշանակում է՝ ունենալ 2018-ի իրավիճակը, ինչը չունենք։

Նախ եկեք արձանագրենք, որ ճանապարհները փակելու իմաստը ամեևին իշխանության համար անհարմարություն ստեղծելը չի եղել։ Եվ եթե 2018-ին իշխող ուժերը այդպես են հասկացել հեղափոխությունը, ապա սխալ են հասկացել։ Ճանապարհները փակելու ամբողջ իմաստը եղել է այն, որ ցույց տան, թե ում է պատկանում իշխանությունը, որ այդ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը որ ժամին ուզում՝ փակում է, որ ժամին ուզում՝ բացում է։ 

Հիմա ակնհայտորեն արվում է ճիշտ հակառակը՝ անհարմարություն է ստեղծվում բեռնատարներով: Առանց մարդկային գործոնի շրջափակելով փողոցներ՝ սա նշանակում է ուղղակի անհարմարություն ստեղծել քաղաքացիների համար։

Իսկ դա տեխնոլոգիայի հետ կապ չունի, որովհետև ամեն տեխնոլոգիա ունեցել է իր քաղաքական իմաստը, և, կրկնում եմ, այդ ճանապարհներ փակելու իմաստը ոչ թե ժողովրդին անհարմարություն պատճառելն է եղել, այլ ապացուցել, որ ժողովուրդն է իշխանության տերը։ 

Նույնը վերաբերում է վարչապետի ընտրությունը խորհրդարանին պարտադրելը, սա բացարձակապես այլ իրավիճակ է։

Այն խորհրդարանը ձևավորվել էր բոլորի կողմից հայտնի մեթոդներով, և այն ժողովրդի խորհրդարանը չէր, այն դիտարկվում էր որպես իշխանությունը ժողովրդին փոխանցելու մարմին։

Այժմ կասկածի տակ չի դրվում այս խորհրդարանի լեգիտիմությունը, այդ դեպքում ճնշումները խորհրդարանի վրա, որ քո ուզած մարդուն նշանակի վարչապետ, ներողություն, սա ուրիշ բան է։ Այսինքն՝ այս ամբողջ կրկնությունը շատ տխուր է դառնում։

– Կարծում եք՝ այս նույն տեխնոլոգիաների կիրառո՞ւմն է պատճառը, որ նրանք չեն հաջողում, թե՞ անկախ ամեն ինչից նրանք չէին հաջողելու։ 

– Այդ տեխնոլոգիաները 2018-ին ունեցել են քաղաքական իմաստ, թե ինչու էին դրանք իրականացվում: Այժմ դրանց տալով որևէ իմաստ և որևէ հիմնավորում, որը կկիսի հասարակությունը, այդ տեխնոլոգիաները ուղղակի չեն կարող աշխատել։ Սրան իհարկե գումարվում է, թե ով է այդ տեխնոլոգիաները իրականացնում, և սա իշխանությունը ժողովրդից վերցնելու և ռևանշի ենթարկելու քայլ է։

Մանե Հարությունյան

MediaLab.am