Ուշադրություն գրավելու միակ ելքը դա էր. ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը՝ Շուշիի սահմանը հատելու փորձի մասին

«Սոցիալական աշխատողներն այցելել են Իզաուրա Բալասանյանին, տեղում ծանոթացել են իրավիճակին: Պահեստից նրան ենք տրամադրել սառնարան, հեռուստացույց, վերարկուներ, ամեն ինչ ստացել է: Միակ խնդիրը բնակարանն է, այն էլ ասել է, որ պետությունը խոստացել է իր համար բնակարան գնել: Նշել է, թե շատ բորբոքված, ջղայնացած է եղել և ուշադրություն գրավելու միակ ելքը դա է եղել»,- «Մեդիալաբին» այս մասին փոխանցեցին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ անդրադառնալով Շուշիի նախկին բնակչուհի Իզաուրա Բալասանյանի և իր չորս երեխայի սահմանը հատելու փորձի դեպքին:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Մեդիալաբին» տեղեկացրին նաև, որ Իզաուրա Բալասանյանը Շուշիում բնակվել է վարձով, և 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերը նախարարությունը նրան է տրամադրել 50 հազար դրամ բնակվարձ, բայց պատերազմից հետո այդ գործառույթն արդեն իրականացնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից վստահեցրին, որ տիկին Բալասանյանի բոլոր դիմումներին իրենք արձագանքել են, և Բալասանյանն օգտվում է աջակցության բոլոր ծրագրերից. մեկ տարվա ընթացքում իրենց նախարարությունից Իզաուրա Բալասանյանը ստացել է մեկ միլիոն դրամից ավելի գումարային օգնություն: 

Բալասանյանի միակ խնդիրը եղել է բնակարանը, այն էլ, ինչպես տիկինը փոխանցել է նախարարությանը, արդեն կարգավորվել է, քանի որ դեպքից հետո պետությունը խոստացել է բնակարան գնել իր համար:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, սակայն, «Մեդիալաբին» փոխանցեցին, որ այդ դեպքից հետո իրենք չեն հանդիպել Իզաուրա Բալասանյանի հետ և տեղյակ չեն, թե ով է խոստացել բնակարան գնել տիկնոջ համար:

«Ի սկզբանե Ասկերանի շրջանի Խասկ գյուղում Իզաուրա Բալասանյանին առաջարկվել է կապիտալ վերանորոգված տուն, և նախարարությունը պատրաստակամություն է հայտնել՝ համաձայնության դեպքում կահավորել ու տրամադրել բնակարանը քաղաքացուն: Սկզբում համաձայնել են, հետո մերժել՝ նշելով, թե ուզում են Ստեփանակերտում ապրել: Դրանից հետո իրենք Կարմիր գյուղում գտել են տուն, նախարարությանն ասել, որ ցանկանում են այնտեղ ապրել, նախարարությունն ասել է, որ խնդիր չկա, ներկայացրել է ընթացակարգը, թե ինչ թղթեր են անհրաժեշտ, որ գործընթացը կազմակերպվի, բայց դրանից հետո որևէ պատասխան չենք ստացել այդ քաղաքացուց»,- «Մեդիալաբին» այս մասին փոխանցեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: 

Նախարարությունից նաև նշեցին, որ Իզաուրա Բալասանյանը ժամանակ առ ժամանակ գալիս է նախարարություն և փորձում կոնֆլիկտ հրահրել:

Տեղահանված արցախցիները, ինչպես նշեցին նախարարությունից, կարող են վերաբնակեցվել իրենց ցանկացած համայնքում:

«Քաղաքացին գտնում է բնակարան, ներկայացնում նախարարությանը, որ ցանկություն ունի բնակվել X համայնքում: Նախարարությունը ներկայացնում է ընթացակարգը, քաղաքացին ներկայացնում է համապատասխան փաստաթղթերն ու գնում է այդ տանը բնակվելու: Տան վերանորոգումն ու կահավորումը հոգում է նախարարությունը»,- փոխանցեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: 

Ըստ նախարարության՝ այդ բնակարանները տրամադրվում են քաղաքացիներին առանց վարձավճարի, դրանից զատ, նախարարությունն ունի վարձավճարների փոխհատուցման ծրագիր՝ ըստ սահմանաչափերի: Կան քաղաքացիներ, որոնց նախարարությունը տեղավորել է նաև հյուրանոցներում ու ծախսերը բացառապես հոգում է նախարարությունը:

«Մեդիալաբը» փորձեց կապ հաստատել նաև Իզաուրա Բալասանյանի հետ, բայց մեր զանգերն անպատասխան մնացին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am