Ղարաբաղում վառել են 5-րդ համահայկական խաղերի կրակը

Ղարաբաղում վառել են 5-րդ համահայկական խաղերի կրակը
Ղարաբաղում վառել են 5-րդ համահայկական խաղերի կրակը

Այսօր` օգոստոսի 2-ին ԼՂ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում տեղի է ունեցել 5-րդ համահայկական խաղերի կրակի վառման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, Բակո Սահակյանը հանդես է եկել նաեւ ողջույնի խոսքով:
ԼՂՀ նախագահը նշել է, որ համահայկական այս խաղերին, աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին կմասնակցեն նաեւ արցախցի մոտ 100 մարզիկներ:

«Նրանք քրտնաջան աշխատել են եւ պատրաստ են արժանիորեն մասնակցելու ու պայքարելու մրցանակային տեղերի համար: Մենք Արցախում համակ ուշադրությամբ կհետեւենք խաղերի ընթացքին եւ մեր մարզիկների մասնակցությանը: 5-րդ համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին ես մաղթում եմ հաջողություն ու ամենայն բարիք: Թող այս խաղերը նոր ուժ ու եռանդ հաղորդեն ձեզ եւ դառնան ավելի մեծ հաղթանակների սկիզբ»,- իր խոսքում ասել է Բակո Սահակյանը:

Հիշեցնենք, որ Համահայկական խաղերը այս տարի կմեկնարկեն օգոստոսի 13-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Այդ խաղերին մասնակցելու համար հայտ են ներկայացրել մարզիկներ 86 քաղաքներից` անցյալ տարվա 94 քաղաքների փոխարեն, որոնց թիվը նախատեսվում է, որ բացման օրը կգերազանցի 3000-ը:

Համահայկական 5-րդ խաղերի ծրագրում ընդգրկված է 10 մարզաձ` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, մեծ թենիս, սեղանի թենիս, բադմինտոն, թեթեւ ատլետիկա, լող, շախմատ եւ մինի-ֆուտբոլ: Մրցումներն անցկացվելու են պետական եւ մասնավոր մարզադաշտերում:

© Medialab.am